կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-06 13:22
Քաղաքական

Լուրջ չէ այն թեզը, թե իբր սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար. Լյուդմիլա Սարգսյան

Լուրջ չէ այն թեզը, թե իբր սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, վերակազմյալ ՍԴՀԿ-ի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը երեկ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի մյուս պատգամավորները դեմ են քվեարկել:

Yerkir.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը, մեկնաբանելով իր դիրքորոշումը, ասաց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում կան մի քանի դրույթներ, որոնք վերակազմյալ ՍԴՀԿ-ին բերել են այն դիրքորոշմանը, որ նոր Սահմանադրությունը լինելու է ավելի առաջադիմական, քան գործողը:

«Թեկուզ այն, որ իշխանության տարանջատում է տեղի ունենալու, թեկուզ այն, որ համամասնական ընտրակարգ է լինելու: Ճիշտ է` սահմանադրական փոփոխություններով միանգամից թերությունները չեն լուծվելու, բայց համարում եմ, որ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տվել իշխանությանը վերարտադրվելու: Հետևաբար, ես լուրջ չեմ ընդունում այն թեզը, թե սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նա շեշտեց, որ իր քվեարկությունը եղել է վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետի տեսակետը, որին կուսակցությունն է լիազորել կողմ քվեարկել, դա չի եղել ՀԱԿ խմբակցության անդամի քվեարկություն:

«Եթե մենք մշտապես պայքարել ենք, որ մեծամասնական ընտրակարգը հանվի, ու համամասնականը մտցվի, ուրեմն տրամաբանական չեմ համարում, որ պայքարենք բոլոր այն դրական բաների դեմ, որոնք այսօր ներկայացվում են: Ճիշտ է` խութեր ու խորամանկություններ էլ կլինեն այդ նախագծում, բայց մեծ հաշվով սա ապագային միտված Սահմանադրություն է»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանի կողմ քվեարկությունից հետո ՀԱԿ-ը սկսեց նրան սուր քննադատության ենթարկել:

Մեր հարցին, թե ի՞նչ ունի պատասխանելու այդ քննադատություններին, նա պատասխանեց. «Ներողամտաբար եմ վերաբերվում, շատ մեծ ցավ չեմ ապրում, բայց ցավում եմ, որ ճիշտ չեն ընկալում քաղաքական մեր մոտեցումը: Բայց ինչ արած, քաղաքականությունն այնպիսի բան է, որ դու չես կարող քո մոտեցումներով բոլորին գոհացնել: Դա մեր կուսակցության դիրքորոշումն էր, մենք դա արտահայտել ենք: Հիմա ում դա կգոհացնի, ում` ոչ, դա արդեն այդ մարդկանց խնդիրն է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: