կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 15:55
Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունները դուռ են բացելու երկրի որակական զարգացման համար. Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նախ նշեց, որ այսօր հասարակության 99 տոկոսը փոփոխությունների պահանջ ունի, բայց տարբեր են այդ փոփոխությունների բովանդակության վերաբերյալ պատկերացումները ՝ փոփոխություններ առօրյա կյանքում, փոփոխություններ` անձերից մինչև իշխանափոխություն: Ուստի, ըստ Աղվան Վարդանյանի, դժվար է պատկերացնել, որ բոլորը կարող են նույն ընկալումն ունենալ իրականության վերաբերյալ:

«Մեր պատկերացրածը գուցե դժվար ընկալելի, բայց համակարգային, խորքային փոփոխություններն են, և ոչ թե անձերն են որոշում, այլ համակարգն է թելադրում գործողությունները»,- ասաց պատգամավորը:

Նա կարևորեց սահմանադրական հանձնաժողովի կատարած հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքում հրապարակվել են երկու հայեցակարգերն ու նախագիծը: «Գրեթե համոզված եմ, որ երբ նախագահը նախաձեռնում էր սահմանադրական փոփոխությունները, ավելի հակված էր կիսանախագահականը կատարելագործելուն, քան խորհրդարանականին անցնելուն: Եվ հանձնաժողովի ամենակարևոր աշխատանքը ներկա համակարգի ճշգրիտ ախտաճանաչումն էր, այն է՝ իշխանության գերկենտրոնացում, լիազորությունների և պատասխանատվության անհամարժեքություն, ընտրություններով իշխանափոխության անհնարինություն, ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության ստվերայնություն, ոչ թե հրապարակային, այլ միջանձնային, տարբեր միջկուսակցական հարաբերությունների մակարդակում որոշումների կայացում և դատական համակարգի կախյալություն»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով «ՈՉ»-ի կողմնակիցներին, որոնք ասում են` թող այս համակարգը մնա, որից իրենք այդքան դժգոհ են, նա ասաց. «Իսկ ներեցեք` եթե որոշվեր ետ գնալ նախագահական համակարգին, որը ձեր երազանքն է, ի՞նչ էիք անելու, ասելու էիք՝ կո՞ղմ ենք, այսինքն` համագործակցելու էիք Սերժ Սարգսյանի հետ, նրա հետ հանդիպելո՞ւ էիք, թե՞ նորից ասելու էիք՝ դեմ ենք: Այդ դեպքում ո՞ւ ր կմնային ձեր սկզբունքները»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Խոսելով այն քաղաքական գործիչների մասին, որոնք ասում են, թե սա ծուղակ է, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ծուղակ է, թե` ոչ, առաջիկա տարիները մենք պետք է ապրենք կա\'մ հին, կա\'մ նոր համակարգում»:

Ներկայացնելով ՀՅԴ դիրքորոշումը` պատգամավորը նշեց, որ երբ այդ հարցը մտել է քաղաքական օրակարգ դեռ 1991-ից, Դաշնակությունը համոզված կողմնակիցն է եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Եվ Դաշնակցության 7 առաջնահերթություններից չորսը արտացոլված են սահմանադրական փոփոխությունների նախագծում` որպես հիմնարար դրույթներ: Նա նշեց, որ Դաշնակցությունը երկու տարի շարունակաբար աշխատել է մասնագիտական հանձնաժողովի հետ, ներկայացրել առաջարկություններ` համոզելով, փաստարկներ ներկայացնելով հանձնաժողովին:

«Մենք առ այսօր էլ աշխատում ենք, մինչև վերջին պահը ներկայացնելու ենք մեր առաջարկությունները, որովհետև մենք վստահ ենք` սահմանադրական փոփոխությունները դուռ են բացելու երկրի որակական զարգացման համար»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ կոչ անելով քաղաքական այլ ուժերի` հետևողական լինել սեփական սկզբունքները պաշտպանելու գործում, այնպես, ինչպես Դաշնակցությունն է գործում: