|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած ապօրինությունների առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակ ձգձվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրի վերաբերյալ խոսեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Մի շարք հասարակական կազմակերպություններ և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով շահագրգռված քաղաքացիական նախաձեռնության անդամներ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Եվ փաստերի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ըստ Հայրապետյանի` գործի նախաքննությունը սկսվել էր յոթ ամիս առաջ, և մինչև օրս հարցին լուծում չի տրվել, նաև որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել:
«Նախաքննության ընթացքի ձգձվելը կապում են այն հանգամանքի հետ, որ գործի քննության ընթացքում 3-4 քննիչ է փոխվել»,- ասաց Տ. Հայրապետյանը: Ըստ նրա` հաստատության տնօրենը նախարարությունում ունեցել է հովանավորներ, այդ թվում` փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ով աչք է փակել տնօրենի ապօրինությունների վրա:
Նշենք, որ գործը 5 ամիս քննվել է Կոտայքի մարզի քննչական վարչությունում և 2 ամիս է, ինչ տեղափոխվել է Երևանի գլխավոր քննչական վարչություն, որի ընթացքին հետևում է ՀՀ գլխավոր դատախազը:
«Ես ունեմ մտավախություն, որ եթե գործն այսքան երկար ընթացք ունեցավ, վերջում կփակվի, և ոչ ոք մեղավոր չի ճանաչվի ու չի ենթարկվի օրենքով նախատեսված պատասխանատվության»,- ասաց Տ. Հայրապետյանը: