կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 17:22
Մշակույթ

Մինչև աղմուկ չի բարձրանում` մշակույթի նախարարության սայլը տեղից չի շարժվում

Մինչև աղմուկ չի բարձրանում` մշակույթի նախարարության սայլը տեղից չի շարժվում

Տեղեկացրել էինք, որ Համո Սահյանի որդին` Նաիրի Սահյանը, օրեր առաջ հայտարարել էր, որ ստիպված է վաճառել Սահյանի արխիվը:  Ըստ նրա` ինքը գնում է  այդ քայլին, որպեսզի ստացված գումարով Երևանում բացվի Համո Սահյանի արձանը, իսկ Լոր գյուղում` նրա թանգարանը:

«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրի Սահյանը yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, ասել էր, որ այլևս չի վաճառում Սահյանի արխիվը, քանի որ զրուցել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, ով իրեն վստահեցրել է, որ առաջիկայում թանգարանի հարցը կլուծվի:

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն` Սահյանի տուն-թանգարանի և կիսանդրու հետ կապված որոշ հարցեր ճշտելու համար:       

Հարցին, թե  ՀՀ մշակույթի նախարարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում Սահյանի տուն-թանգարանի կառուցման հետ կապված և քանի՞ տարի է` ինչ սկսվել են աշխատանքները, այժմ ի՞նչ փուլում են դրանք գտնվում, նախարարությունից պատասխանել են, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ` 2014-ին Հայաստանի սոցիալական  ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկել են Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող` Համո Սահյանի տան վերակառուցման աշխատանքները, որոնք այժմ մոտենում են ավարտին:

Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած` Սահյանի կիսանդրին պատրաստ է և այս պահին գտնվում է հեղինակի արվեստանոցում: Թանգարանի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո այն կտեղադրվի տուն-թանգարանի բակում: 

Մեր ճշտող հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են այս աշխատանքներն այսքան ուշացվում, արդյո՞ք ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, նախարարությունից հավաստիացնում են, որ որևէ խնդիր չի առաջացել. «Ինչպես արդեն նշեցինք, աշխատանքները մոտենում են ավարտին, և 2016 թվականի առաջին կիսամյակում, մշտական ցուցադրությամբ, թանգարանն իր դռները կբացի այցելուների առջև»:

Մեր` արխիվների մասին հարցին էլ, թե արդյո՞ք պետությունն ի վիճակի չէ գնել արխիվները, և տեղյակ եք` ի՞նչ նյութեր կան այդ արխիվում, նախարարությունից պատասխանել էին, որ տուն-թանգարանի բացումից և բանաստեղծի կիսանդրու տեղադրումից հետո ընտանիքին պատկանող արխիվը բանաստեղծի որդին կհանձնի  տուն-թանգարանին: Հիշեցնենք, որ նման հայտարարություն էր արել Նաիրի Սահյանը Yerkir.am-ի հետ զրույցում:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարությունն անդրադառնում է Սահյանի տան խնդրին միայն այն բանից հետո, երբ աղմուկ է բարձրանում:

Հիշեցնենք միայն, որ 2014-ի ապրիլի 14-ին լրացավ Սահյանի 100-ամյակը: Գրողի 100-ամյակը նշեցինք առանց տուն-թանգարանի կամ արձանի: Սահյանի հուշարձան կա միայն ծննդավայր Սիսիանում, այն, սակայն, տարիներ առաջ տեղադրվել է ռուսաստանաբնակ սիսիանցիների, այլ ոչ թե պետության միջոցներով:

Համո Սահյանը մահացել է 1993թ. հուլիսին. «ահռելի» աշխատանք է կատարվել մինչ այսօր` Սահյանի անունով անվանակոչել են Սիսիանի մշակույթի տունը…

 

Կարինե Հարությունյան