Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց «Նաիրիտ» գործարանի խնդիրների վերաբերյալ: Նա նշեց, որ թեև ստեղծվել է հանձնաժողով` «Նաիրիտ»-ի խնդիրների լուծման համար, սակայն սայլը տեղից չի շարժվում: Պատգամավորի խոսքերով` ոչ միայն անորոշ է Հայաստանի քիմիական արդյունաբերության ողնաշար համարվող գործարանի ճակատագիրը, այլ նաև` նաիրիտցիների` թե' աշխատավարձերի վճարման, թե' ապագա անելիքների տեսանկյունից:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԱԺ ամբիոնից կառավարության անդամները խոստումներ են տալիս, բայց դրանք չեն կատարում, ուստի պետք է հստակ պատասխան, թե ինչպե՞ս են պատկերացնում «Նաիրիտ»-ի հետագա գործարկումը, նաիրիտցիների աշխատանքի ու աշխատավարձերի ապագան, ակտիվների պաշտպանության հարցը, գործարանի սեփականության իրավունքի հարցը, որովհետև բաժնետերերի մի մասը պատկանում է ՀՀ կառավարությանը:
Հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա նշեց, որ «Նաիրիտ»-ի ընդհանուր վիճակն անհանգստացնում է բոլորին, կառավարությանը: Նշեց, որ նախարարությունը մի քանի հանդիպումներ է ունեցել նաիրիտցիների հետ, քննարկվել է հարցը, եղել են տարբեր առաջարկներ` ներդրումներից սկսած, վերջացրած «Նաիրիտ»-ի լուծարումով:
Վերագործարկման հետ կապված` նախարարը նշեց, որ Համաշխարհային բանկը կատարում է տեխնիկական աուդիտ, որի արդյունքները պարզ կլինեն փետրվար ամսին, դրանից հետո միայն կլինի կառավարության որոշումը «Նաիրիտ»-ի ճակատագրի վերաբերյալ:
Բաժնետոմսերի վերաբերյալ նախարարը նշեց, որ կան պայմանագրային պարտավորություններ ներդրումների մասով` ներդրումներ չկատարելու դեպքում, բաժնետոմսերը դառնում են կառավարության սեփականությունը: ԿԲ-ն էլ կատարում է այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, մեծ սպասումներ կան, որոնք իրատեսական են: Ըստ նախարարի` կառավարությունը շահագրգիռ է, որ «Նաիրիտ»-ը վերագործարկվի:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, նախարարը հայտնեց, որ փետրվարի ընթացքում ևս մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի: