Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացրեց ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը: Նա նշեց, որ իրենց եզրակացությունը, 2008 թվականից սկսած, բաղկացած է եղել երկու մասից:
«Առաջինում մենք տվել ենք ներկայացված փաստաթղթի արժանահավատության գնահատականը, երկրորդ մասով ներկայացրել ենք առաջարկություններ»,- ասաց նա:
Յոլյանը ասաց, որ կառավարությունն իր հաշվետվությունում նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել են դրական բարեփոխումներ, և այդ բարեփոխումների դաշտում իր դերակատարումն ունի նաև Վերահսկիչ պալատը` իր առաջարկություններով: Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում շատ հարցեր ստացել են իրենց տրամաբանական լուծումները, որոշ խնդիրներ դեռ այսօր էլ արդիական են և լուծման կարիք ունեն:
Նա նշեց, որ ՎՊ-ն դեռ 2008-2009 թվականերին բավականին սուր էր դնում այն հարցը, որ բոլոր վարկային դրամաշնորհային միջոցները, որոնք արտացոլված են պետական բյուջեում, պետք է սպասարկվեն գանձապետական համակարգի միջոցով: Եվ, ըստ Յոլյանի, 2010 թվականից սկսած, կառավարությունը բավականին աշխատանք կատարեց դոնոր կազմակերպությունների հետ, և պրակտիկորեն բոլոր այդ միջոցներն ընդգրկվեցին գանձապետական միասնական հաշվով իրականացմանը, դուրս բերվեցին առևտրային բանկերի սպասարկումից:
Ըստ Յոլյանի՝ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, հիմնադրամները, ՊՈԱԿ-ները իրենց ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է շրջանառեն գանձապետական միասնական հաշվով: «Ցանկություն կա, բայց մինչև այս պահը սայլը դեռ տեղից չի շարժվել: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս այդ հարցերին էլ կտրվեն լուծումներ»,- ասաց նա և նշեց, որ, այդ ամենը բերելով գանձապետական հաշիվ, լուծվում է հարցի ընդամենը մի մասը: Նրա կարծիքով` գանձապետարանին պետք է լիազորել նաև իրականացնել նախնական հսկողությունն այդ գումարների նկատմամբ:
Յոլյանն իր դժգոհությունը հայտնեց` նշելով, որ ՎՊ-ն բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ստանում է մայիս ամսին, և ընդամենը մեկ ամիս էլ իրենց չի մնում, որ կարողանան տալ համապատասխան գնահատական ու իրականացնել համապատասխան վերլուծություններ: «Դրա համար մեր եզրակցությունը շատ դեպքերում կրում է վիճակագրական բնույթ: Սահմանադրությունը մեր առջև որակական նոր պահանջ է դրել. 2017 թվականից մեր եզրակացությունը պետք է իրականացված լինի տարվա ընթացքում իրականացված աուդիտի արդյունքների հիման վրա: Այդ ժամանակ մենք շատ ավելի հարցեր և խնդիրներ կներկայացնենք»,- եզրափակեց նա: