կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 13:33
Քաղաքական

Սկզբում ասում էին՝ մարդասպան է, հետո վարչապետն ինքն ասաց, որ իր խոսքերը հետ է վերցնում՝ արյուն հեղելու մասին խոսքերը Քոչարյանին չեն վերաբերում. Վիկտոր Սողոմոնյան

Սկզբում ասում էին՝ մարդասպան է, հետո վարչապետն ինքն ասաց, որ իր խոսքերը հետ է վերցնում՝ արյուն հեղելու մասին խոսքերը Քոչարյանին չեն վերաբերում. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի շուրջ դատաիրավական գործընթացներից մեկ տարի անց կրկնեց՝ գործ ունենք անձնական և քաղաքական հաշվեհարդարի՝ վենդետայի հետ, որը իրավական հիմնավորում չունի: Այլ կերպ՝ Քոչարյանի դեմ քրեական գործը սարքված է, ապօրինի, ինչպես նաև՝ կալանքը, և որ այս ամենը որևէ կապ չունի Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտման հետ:

«Իմիջիայլոց, ասում էինք՝ կարծում եք՝ Մարտի մեկի գո՞րծն են բացահայտում: Բացարձակ, նման բան չկա: Հիմա ես ուզում եմ այդ հռետորական հարցերն էլի ուղղել՝ ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները, բացահայտե՞լ եք գոնե մեկ դեպք:

Ոստիկանին, որին կալանավորել էին, մամուլում տեսա, որ ասում են՝ այդքան էլ վստահ չեն, որ մեղադրանքը ճիշտ է առաջադրված, սա՞ է մեկ տարվա արդյունքը: Ասել ենք, որ սա ճանապարհ է, որը տանելու է ոչ մի տեղ, այսօր էլ ենք ասում: Ասում էինք, որ հասարակությունը հասկանալու է՝  ինչ է տեղի ունենում ու չէինք սխալվում»,-նշեց Սողոմոնյանը և հավելեց, որ մեկ տարվա ընթացքում շահարկել են զոհերի արյունը, զոհերի հարազատների գործոնը, զոհերի հիշատակը: «Սկզբից ստիպում էին հայտարարել, որ նա մարդասպան է, պետք է նստի: Հետո երբ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանն արյան հետ ոչ մի կապ չունի: Վարչապետն ինքը ասեց, որ իր խոսքերը հետ է վերցնում՝ արյուն հեղելու խոսքերը Քոչարյանին չեն վերաբերում, այդ ժամանակ էլ սկսեցին զոհերի հարազատներին ասել՝ դե մեկը մեղավոր է, մեկը պետք է պատասխան տա: Դատարան բերեցին մարդկանց, որոնք ակնհայտ է, որ լավ չէին հասկանում, թե այդտեղ ինչ է կատարվում: Նրանց ասել էին, որ եթե Քոչարյանին կալանավորում են, ուրեմն Քոչարյանը պատժվում է «մարտի 1»-ի համար»:

Ըստ Սողոմոնյանի՝ այս ամբողջ տարվա ընթացքում մանիպուլյատիվ գործոնը մեծապես հետաքննության մաս է կազմել:  «Ասում էին՝ նախաքննության գաղտնիք է, մի ասեք. տարբեր արտահոսքեր էին տեղի ունենում մամուլ, տարբեր ելույթներ էին լինում: Օրինակ՝ ՀՔԾ-ին առընթեր մի փաստաբան կար, որ ահասարսուռ ձայնով դուրս էր գալիս ու ասում էր՝ գիտե՞ք՝ ինչ եմ կարդացել, ցնցված եմ: Հետո, երբ այդ նյութերը հասու դարձան և արտահոսք եղավ ու տրամադրվեց պաշտպանական կողմին, անկեղծ ասած, այդպես էլ չգտանք, թե ինչի վրա էին ցնցվում այդ մարդիկ, որոնք այս ամբողջ ընթացքում խոսում էին: Բացի խոսակցություններից, հետաքննությունը ոչիչնչ չի տվել այս մեկ տարում: Ես չգիտեմ՝ ինչ են ասում հիմա նույն զոհերի հարազատներին: Երբ Սասուն Խաչատրյանն ասում էր, թե մի զինվորականին իր կոլեգան է սպանել և ասում էր՝ դա հաստատ է, հիմա ի՞նչ են ասում այդ մարդկանց հարազատներին, երբ այդ ամեն ինչը չի ճշտվել: Այս հարցերը մնում են օդի մեջ: Արդյունքները եղան այնպիսին, ինչպիսին և մենք կանխատեսում էինք: Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն Մարտի մեկի գործը, այսինքն՝ փորձեն վերաշարադրել պատմությունը, այդքան ավելի վատ է լինելու իրենց համար, ինչը հիմա տեղի է ունենում»,- շեշտեց նա:

 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը վստահ է՝ Քոչարյանի գործն ունի այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները:«Դուք հիշում եք Դաշնակցության պատմությունը 1994-95 թվականներին, հիշո՞ւմ եք ինչքան տևեց նրանց գործը, քանի կոպեկ արժեր և որքան տևեց նրանց կալանքը: Ի դեպ, Վահան Հովհաննիսյանին կալանավորել են 1995-ի հուլիսի 28-ին ճակատագրի հեգնանքով»,-հիշեցրեց Սողոմոնյանը և շարունակեց, որ Ռոբերտ Քոչարյանը սկզբում վկայի կարգավիճակ է ունեցել, սակայն 3 օր հետո վկայի կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակի: «Նախագահ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել մի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Երկրորդ՝ նա կալանավորվել է մեկ ցուցմունքի հիման վրա, որը գործում հերքված է 14 այլ ցուցմունքներով»,-շեշտեց Սողոմոնյանը և պնդեց՝ մեղադրական կողմը ջախջախիչ պարտություն է կրել: 

Հարցին՝ որքանով Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ թողնելը կապ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, Սողոմոնյանն ասաց, որ կողմնակից չէ դավադրությունների տեսությանը, այնուամենայնիվ, նշեց. «Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան գործընթացն ընդունել է այն վիճակում, երբ վերջի փաստաթուղթը Լիսաբոնի փաստաթուղթն էր 1996-ի, որտեղ, իհարկե, ՀՀ-ը վետտոյի իրավունք էր կիրառել, բայց պարզ էր, որ համաշխարհային հանրությունը ԼՂ-ը տեսնում էր Ադրբեջանի կազմում, որը չէր էլ քննարկվում: Ինքն ընդունել է կարգավորումն այն շրջանում, երբ Տեր-Պետրոսյանն իր հայտնի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածով էր հանդես եկել, և, ըստ էության, համոզում էր, որ մինչև Ղարաբաղը չտանք, մենք լավ չենք ապրելու: Ուստի մտածել, որ այս ամենը պատահական է՝ չէի ուզենա»: