Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր երկրի Սահմանադրությամբ դեռևս ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է հանդիսանա սոցիալական շուկայական տնտեսությունը, ոչ թե վայրի կապիտալիզմը: Պետական քաղաքականությունն էլ պետք է ուղղված լինի ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը, ոչ թե իրենց սոցիալական խնդիրների համար մարդուն մեղադրելուն և դրանց լուծման համար անհասկանալի պահանջներ ու հորդորներ հղելուն:
Սահմանադրությամբ հստակ է պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում: Ցավոք՝ իրողությունը շարունակում է մնալ հակառակը:
Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու առարկայական այն փաստը, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռևս լուծված չեն սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների:
Նախորդ շուրջ երեսուն տարիներին արձանագրված տնտեսության ոլորտների հատվածական աճը, եթե նույնիսկ այդ չափով առկա է եղել, ինքնաբերաբար չի հանգեցնել սոցիալական խորացող խնդիրների լուծմանը:
Վերջին իշխանափոխությունից հետո էլ պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված` իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը.
-սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական բարեփոխումների հետաձգում, համակարգային կառավարման լիարժեք բացակայություն,
-պետական համակարգում նախատեսվող աշխատատեղերի կրճատում և աշխատավարձերի աճի փաստացի բացակայություն,
-հարկային համակարգի սոցիալական բաղադրիչի ամբողջական վերացում՝ համահարթեցված մեկ դրույքաչափով եկամտահարկի քաղաքականություն,
-անուղղակի հարկերի բեռի ավելացում և դրա արդյունքում՝ առաջնային սպառողական ապրանքների գնաճ,
-կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից ցածր նվազագույն աշխատավարձի չափի պահպանում,
անապահովության նպաստների չափի զրոյական աճ,
-զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցների զրոյական աճ, ծրագրերի 70 տոկոսից ավելի չափով թերակատարում և այլն:
Արդյունքում՝ մեր երկրում բազմահիմք աղքատությունը շարունակում է արմատավորվել և իրական նոր դրսևորումներ է ստանում՝ հակառակ ընտրությունից ընտրություն քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից հռչակվող սոցիալական կարգախոսների:
Եվ որքան էլ իշխանությունները ցանկանան ու հայտարարեն, միևնույն է, տնտեսական աճի արդյունքները ինքնաբերաբար չեն մտնելու յուրաքանչյուր քաղաքացու տուն և չեն փոխելու յուրաքանչյուրի կյանքի որակը: Ի վերջո, պետք է արձանագրենք, որ սոցիալական համարվող պետությունը պետք է ստանձնի ոչ միայն ազատ, կոռուպցիայից զերծ տնտեսվարման մրցակցային պայմաններ ապահովողի դեր, այլեւ պետք է ունենա լիարժեք մասնակցություն և հստակ պարտավորություններ՝ աղքատությունից զերծ, համերաշխ հասարակություն ձեւավորելու գործում:
Մարդկանց ապրուստի միակ միջոցն արգելելուց առաջ պետք է այդ մարդկանց համար ապահովվի օրինական և համարժեք զբաղվածություն: Այդ քաղաքացիներն ունեն հենց այդպիսի մոտեցման սպասումներ: Որևէ գործազուրկի չես կարող համոզել, որ համակարգային կառավարման բացակայության հետեւանքում զբաղվածության պետական աջակցության միջոցների ընդամենը 25 տոկոսն է ծախսվել, և դա նրա համար լավ է:
Սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից պետք է անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության: Հիմնական նպատակը պետք է լինի այն, որ աշխատանքային տարիքի աշխատունակ և գործազուրկ յուրաքանչյուր անձի պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:
Այս դեպքում արդարացված կլինի նաև պետության կողմից քաղաքացիներին ուղղված պահանջը՝ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը:
Ցավոք՝ տեսնում ենք հակառակը, և առկա մտավախությունը դառնում է իրական: Այս ընթացքով ոչ թե մեր կյանքի իրողությունները մի օր կհամապատասխանեն Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը «կսրբագրվի» և կդառնա առկա իրողությունների արտացոլումը:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ