Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք հայտնի պրոդյուսեր, մենեջեր Էրքան Օզերմանը Փարիզում հարցազրույց է վարել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի հետ:
Ստորև կրճատումներով ներկայացնում ենք Շառլ Ազնավուրի՝ թուրքական Posta-ին տված հարցազրույցը.
-Կարծիք կա, որ Շառլ Ազնավուրը հայ լինելու պատճառով չի սիրում թուրքերին և դեմ է Թուրքիային:
-Սուտ է (!): Մինչ օրս իմ բերանից Թուրքիայի դեմ մի նախադասություն անգամ դուրս չի եկել: Թե կա՝ գտեք: Հայկական ծագման համար մեկին մեղավոր ճանաչելն ու թիրախ դարձնելը ո’չ խղճին, ո’չ էլ մարդկությանը հարիր չէ: «Հայկական ծագումով՝ թուրքի թշնամի»` այս նախադասությունը, որ չգիտեմ` ում կողմից է հորինվել, ինձ շատ է վիրավորում…
Գիտե՞ք, հանգուցյալ մորս ամենամտերիմ ընկերը թուրք էր՝ Ֆերդա Քահրաման: Ֆերդան կարեւոր գործարար էր: Թուրքիայի պատվավոր հյուպատոսն էր Կորեայում: Երիտասարդ հասակում մահացավ Իզմիրից Չեշմե ճանապարհին՝ ավտովթարից: Երբ հիշում եմ, սրտնեղում եմ: Եթե հնարավոր լինի և 64 տարի անց Թուրքիա գամ, առաջինը նրա դստրերին կայցելեմ:
-Հայկական ծագումով ուրիշ հայտնի աստղեր էլ կան: Բայց, չգիտես` ինչու, Ցեղասպանության հարցով միշտ Ձեզ են առաջնահերթություն տալիս:
-Ես ծնվել և մեծացել եմ Ֆրանսիայում: Միշտ երգել եմ ֆրանսերեն, ֆիլմերում խոսել ֆրանսերեն, աշխարհում հայտնի եմ որպես ֆրանսիացի: Քանի որ ես Ֆրանսիայի քաղաքացի եմ: Եվ, որպես արվեստագետ, իրադարձություններին մոտեցել եմ ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ մարդկային: Ինձ հետաքրքրում են հարևանների կողմից մի կտոր հողի մեջ բանտարկված, տնտեսական լուրջ դժվարությունների պատճառով երկիրը ստիպված լքող հայերն ու բնակչությունը գնալով կորցնող Հայաստանը:
Ես նեղսրտում եմ, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է: Շատ բաներ դարձյալ Թուրքիայից են Հայաստան բերվում, բայց` Վրաստանի միջոցով: Պետք է Հայաստանի սահմանը բաց լինի և’ Թուրքիայի, և’ Ադրբեջանի հետ: Հարեւանները պետք է մտերիմ լինեն: Պետք է մոռանալ ոխն ու զայրույթը: Հայաստանի ժողովուրդը չի երջանկանա մեծ պետությունների կողմից Հայաստանին տրված օգնություններով, որոնց մեծ մասը զինամթերքի օգնություն է: Այդ զինամթերքը խաղաղությամբ ապրելու երաշխիքը չէ երբեք: Ես միշտ ասել եմ և դարձյալ կրկնում եմ` ես դեպքերին մարդկային առումով եմ մոտենում, ոչ թե` քաղաքական:
-Ես այս խոսքերից հասկացա, որ Ձեզ չեն գոհացնում Հայաստանի միջազգային հարաբերությունները: Բացահայտորեն դա քննադատում եք: Հայաստանի իշխանությանը ձախողված եք տեսնում: Բայց Դուք, միաժամանակ, Հայաստանի դեսպանն եք Շվեյցարիայում:
-Այո, դեսպանն եմ, բայց դա չի կարող ազդել իմ փաստարկների վրա: Ես անկախ դեսպան եմ: Այսինքն` չեմ գործում և չեմ կարող գործել Հայաստանից ստացած հրամաններով: Ես առաջնորդվում եմ իմ սեփական «ճիշտ»-ով: Բոլորն էլ դա գիտեն:
-«Ցեղասպանություն» բառի նկատմամբ ի՞նչ մոտեցում ունեն ձեր կինն ու զավակները:
-Այդ հարցը պետք է նրանց ուղղել: Ես պատմեմ ընտանիքիս կառուցվածքի մասին, պատասխանը Դուք գտեք: Կինս շվեդական ծագում ունի և բողոքական է, ես ֆրանսիացի եմ եւ լուսավորչական: Աղջիկս ամուսնացավ ալժիրցու հետ: Նրա ընտանիքը թունդ մուսուլման է: Մյուս աղջկաս ամուսինը հրեա է: Մեր տունը, կրոնի առումով, շատ հարուստ է: Բոլոր կրոնները մեր տանիքի տակ ներկայացված են: Մեկը մյուսի մտածելակերպին և հավատքին չի խառնվում: Այնպես որ` ամուսնության ժամանակ ես իմ զավակներին` մուսուլմանի կամ հրեայի հարցով ,ոչինչ չասացի: Բացի այդ` բոլորս էլ բոլոր ազգություններից ընկերներ ունենք:
Հարցազրույցի ընթացքում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Շառլ Ազնավուրին է հանձնել իզմիթցիների կողմից նրան հասցեագրված «Ոսկե սոսի» մրցանակը։