Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, երբ քննարկվում էր առողջապահության ոլորտի 2015թ. բյուջեն, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առողջապահության նախարարին հարց ուղղեց դեղերի դրոշմապիտակների խնդրի մասին: Ըստ պատգամավորի` երբ այդ հարցը քննարկվում էր ԱԺ նիստում, այդպես էլ որևէ մեկի կողմից չհնչեց որևէ հիմնավորում, թե ի՞նչ նպատակով է արվում դեղերի դրոշմապիտակավորումը:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ` դեղերի դրոշմապիտակավորման հիմնական նպատակը ֆիսկալ էր` ապահովել դեղերի վաճառքի ստվերային շրջանառության սահմանափակումը: Սակայն, պատգամավորի համոզմամբ, դա առնչություն չունի դեղերի անվտանգության հետ: Նա նշեց, որ ինքը եղել է դեղերի պահեստներից մեկում, դա ահռելի աշխատանք է` ամեն դեղահաբի տուփին փակցնել դրոշմապիտակները: Պատգամավորը մտահոգությւոն հայտնեց, որ արդյունքը չափազանց հեռու է դրական լինելուց:
Նա նաեւ հավելեց, որ ներմուծման ժամանակ` սահմանին, այդ պահանջը չկա, դեղը մտավ երկրից ներս, արդեն նախարարության ստուգումները պետք է բացահայտեն` ժամկետանց դե՞ղ է, թե՞ ոչ, ուստի պետք է գնահատել այդ ֆիսկալ նպատակի հետևանքը` դրոշմապիտակավորումը որքանո՞վ կազդի դեղերի թանկացման վրա:
«Ես կոչ եմ անում ոչ թե կտրուկ մերժել փաստարկները, այլ քննարկել ու լուծումներ առաջարկել, որովհետև կա խնդիր, որը պետք է լուծվի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարը նշեց, որ կատարվել են հաշվարկներ, ըստ որոնց` դրոշմապիտակավորման հետ կապված` դեղերը թանկանալու են ընդամենը 2-ից 5 դրամով: «Ցանկացած որակական ստուգում` դեղերի որակը և ժամկետայնությունը ստուգելու համար, ընդունելի է, եթե այն չի ազդում դեղորայքի գնի վրա, այսինքն` որակական ստուգումը չպետք է լինի սպառողների հաշվին, ահա ինչու մենք մեր համաձայնություն ենք տվել այդ պրոցեսին»,- ասաց նա:
Իսկ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ խնդրին, նախարարը նշեց, որ առողջապահության նախարարությանն են վերաբերում դեղերի աննվտանգության և որակի հետ կապված խնդիրները, մնացած բոլոր խնդիրները վերաբերում են ֆինանսների նախարարությանը, որն էլ նախաձեռնել է այդ գործընթացը:
«Ինչ վերաբերում է դեղերի գների բարձրացմանը, մեր հաշվարկներով` բարձրացել է 2-5 դրամ, ոչ ավելի, այնպես որ` գների բարձրացում տեղի չի ունենա, իսկ եթե խոշոր ներկրողները փորձեն չհիմնավորված բարձրացնել դեղերի գները, մենք կարձանագրենք դա ու կզբաղվենք այդ հարցով»,- ասաց առողջապահության նախարարը: