կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 15:15
Տնտեսական

Դեղերի գները` առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում

Դեղերի գները` առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների:

 

Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։

 

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավորապես «Պրեստարիում 5մգ և 10մգ», «Պրեստարիում կոմբի արգինին», «Պրեստանս», «Նոլիպրել ֆորտե արգինին», «Դետրալեքս», «Պրեդուկտալ MR». «Էսենցյալե ֆորտե Ն», «Տաֆլոտան» դեղերի ինվոյսային գինը նվազել է 5%-ով, սակայն նույն ժամանակահատվածում դրանց մեծածախ գինն աճել է միջինը 6,4 %-ով: Գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների փոփոխությունը և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը: Մինչդեռ 2013 թվականի վերջին երկու ամսվա ընթացքում ոչ արտադրողն է գների փոփոխություն կատարել և ոչ էլ արտարժույթի փոխարժեքն էականորեն փոխվել:

 

Փորձագետների տվյալներով` ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված դեղերի մեծածախ գների աճ չի արձանագրվել:

 

Ընթացիկ տարվա սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում նկատվում է գների տատանումների աստիճանի համեմատական նվազում` կախված արտարժույթի փոխարժեքի կայունացման հետ: 2013 թվականի մայիսի 31-ի դրությամբ դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել: