կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-30 19:00
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես իմ երգից երբեք հետ չեմ կանգնում՝ «պիտի գնանք վաղ թե ուշ»․ Գուսան Հայկազուն

Մեր բանակը ես նմանեցնում եմ վիրավոր առյուծի, որը նահանջել է, բայց կբուժվի, եւ իր թռիչքը նորից կտեսնենք։ Մեր բանակը չի պարտվել, եղել է հարկադիր նահանջ, ինչը կարող էր չլինել, այդքան զոհեր էլ կարող էին չլինել։ Ես իմ երգից երբեք հետ չեմ կանգնում՝ «պիտի գնանք վաղ, թե ուշ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գուսան, երգահան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունը։

Գուսանը պատերազմի օրերին նոր երգ է գրել։ Ասում է՝ մեր բանակը խորը վերք ունի, որը մեր զինվորի ու զինվորականի շնորհիվ բուժվելու է։ Իր երգերն էլ, որ տասնամյակներ շարունակ հնչում են զորամասերում, նորից շարունակելու են ոգեւորել զինվորներին։

«Մենք պիտի դասեր քաղենք մեր անցյալից, ներկայից, այս պարտությունից եւ աշխատենք հզորանալ։ Ես մասնակցել եմ Արցախի առաջին պատերազմին ու տեսել՝ ինչ է երգը պատերազմի ժամանակ։ Ասում են, որ պատերազմի ժամանակ հզոր երգը ծանր հրետանու դեր է կատարում։ Ես դա տեսել եմ»,-ասաց Գուսան Հայկազունը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանից այլ բան, քան հայատյաց քաղաքականությունն է, սպասելի չէ։ Ասում է՝ իր գործը ազգին ոգի տալն է, հայրենասիրական երգեր գրելը, որ, այո, թշնամին լսի ու նաեւ երգերով հասկանա հայ զինվորի ուժը։

«Բոլոր պատերազմների ժամանակ մեր գուսանները ոգեշնչելով, բարձր տրամադրությամբ զորքն ուղեկցել են պատերազմի, իսկ հաղթանակներից հետո նորից ոգեւորել ժողովրդին։ Ես շատ կուզեի, որ պաշտպանության նախարարությունը իմ, իմ խմբի հնարավորությունները օգտագործի՝ բանակի ոգին վերականգնելու համար։ Մեր բանակի, տղաների ոգին կոտրված չէ, ընդամենը պետք է բանակը վերականգնել»,-նշեց գուսանը։

Բոլորս, ասում է Գուսան Հայկազունը, պետք է նվիրվենք մեր երկրին, որպեսզի կարողանանք Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից։ 

«Մեր ժողովրդի միջից աշխատասիրությունն է վերացել։ Դուրս ես գալիս քաղաք, տղամարդիկ, երիտասարդները քաղաքում լիքն են․ էդ աշխատանքի ժամին ի՞նչ են անում։ Սովորել ենք թոշակով, օգնությամբ ապրել, սիրուն հագնվել, ման գալ, բայց չաշխատել»,-Yerkir.am-ին ասաց Գուսանը։

Ապրիլին 70 տարեկան դարձավ, շուտով վեցերորդ երեխան կծնվի․ անունը Պապ են դնելու՝ Պապ թագավորի անունով։ Ասում է՝ մեզ Պապ թագավորներ են պակասում։