կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 12:43
Տարածաշրջան

«Ադրբեջանի նախագահությունը կարող է վնասել Եվրոպայի խորհրդի հեղինակությանը». BBC-ի անդրադարձը

«Ադրբեջանի նախագահությունը կարող է վնասել Եվրոպայի խորհրդի հեղինակությանը». BBC-ի անդրադարձը

«Մենք վերջին մոհիկաններն ենք: Ադրբեջանի կառավարությունը նախ թուլացրեց երկրի ընդդիմությանը, այնուհետ թիրախ ընտրեց անկախ ԶԼՄ-ներին, իսկ այժմ՝ ոչ կառավարական կազմակերպություններին»,- ասում է Լեյլա Ալիևան:

 

Ըստ BBC-ի՝  Ալիևայի հետազոտական ինստիտուտը՝ Ադրբեջանի ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնը, այն ՀԿ-ներից է, որոնք երկրի իշխանությունների կողմից հետապնդվում են: Դրանք տեղի են ունենում, երբ նավթով հարուստ Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի ժողովրդավարամետ կառույցում՝ Եվրոպայի խորհրդում:

 

«Շատ դեպքերում իշխանությունները սառեցրել են օտար երկրներից դրամաշնորհներ ստացող ՀԿ-ների բանկային հաշիվները կամ հարկային ստուգումներ սկսել՝ ստիպելով դադարեցնել ծրագրերը»,- գրում է BBC-ն:

 

Անդրադառնալով հուլիս ամսին ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսին և Ռասուլ Ջաֆարովին` լրատվամիջոցը նշում է, որ նրանք պատրաստում էին Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակ, որում առկա է եղել 98 անձի անուն՝ իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և բլոգերներ:

 

«Եվրոպական կայունության նախաձեռնության» ղեկավար Գերալդ Կնոսն ասել է. «Սարսափելի է այն փաստը, որ բռնապետ նախագահն օգտագործում է նախագահության իր շրջանը, որպեսզի երեք օրը մեկ ինստիտուտի իսկական արժեքները պաշտպանողներին ձերբակալելի»:

 

«Ադրբեջանի նախագահությունը կարող է վնասել Խորհրդի հեղինակությանը»,- ասել է կառույցի գլխավոր քարտուղարի խոսնակ Դանիել Հոլթգենը` հավելելով, որ, «այնուամենայնիվ, անդամ երկրները ցանկանում են, որ Խորհուրդը Ադրբեջանի հետ շարունակի իր աշխատանքները, եւ նրանցից ոչ մեկ չի խնդրել հետաձգել կամ դադարեցնել Ադրբեջանի նախագահությունը»:

 

Էներգիայի կարևոր մատակարար, առևտրային գործընկեր, արևմտյան նավթային ընկերություններում միլիարդավոր դոլարներ ներդրող Ադրբեջանը կարող է Եվրոպայի խորհրդի անդամների նման դիրքորոշման պատճառը լինել»,- ենթադրում է BBC-ն: