Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էջմիածին՝ մասնակցելու քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2699-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:
Մինչ այդ հանրապետության նախագահը նախ այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցի, մոմ վառել, ապա տոնակատարությանը մասնակցող էջմիածինցիների ու քաղաքի հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան մշակույթի պալատ, մասնակցել Էջմիածնի տոնին նվիրված հանդիսավոր նիստին: Սերժ Սարգսյանը մշակույթի հիմնանորոգվող պալատի երկրորդ հարկում դիտել է քաղաքի տոնի կապակցությամբ բացված ցուցահանդեսը, այնուհետ Կոմիտասի անվան հրապարակում շրջել է տոնական տաղավարներով:
Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող` Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Նախագահը դիտել է նաև տոնի առթիվ անցկացված շքերթը:
Էջմիածնից նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ներկա է գտնվել «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց և համայնքային կենտրոնի» ու «Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեան» նախակրթարանի մասնաշենքի բացման արարողություններին: Կրթահամալիրում շրջայցի ժամանակ հանրապետության նախագահին ներկայացրել են շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքները և ուսումնառության համար ստեղծված պայմանները:
Կրթահամալիրի բացման առիթով հանրապետության նախագահը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Էդվարդ Ավետիսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով ամերիկահայ բարերարը պարգևատրվել է ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: