կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-17 17:49
Հասարակություն

Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությանը

Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությանը

Մարտի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին:

 Պատվիրակության կազմում էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 Արարողության ընթացքում Խաժակ արքեպիսկոպոսն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը:

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Կոստանդնուպոլսի հայոց հանգուցյալ պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վերջին օծման եւ հուղարկավորության առիթով.

«Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան,

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյան,

Գերաշնորհ, Հոգեշնորհ, Արժանապատիվ հայրեր,

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Մեր սիրելի զավակներ,

Հարգարժան ներկաներ,

Այսօր առ Բարձրյալը, հավիտենական կյանքի երանավետ հանգրվան ենք ուղեկցում ի Տեր ննջեցյալ Ամենապատիվ Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ով տարաժամ ավարտեց իր երկրավոր ընթացքը՝ բարի հիշատակ թողնելով հավատավոր հայորդյաց սրտերում:

«Զի եթէ տնկակից եղեաք նմանութեան մահո՛ւ նորա. այլ եւ յարութեա՛ն նորա լինիցիմք» (Հռ. Զ 5),- ասում է առաքյալը Քրիստոսի հավատարիմ հետևորդների կյանքի ընթացքի ու վախճանի մասին: Հարության ու հավիտենական կյանքի տերունական խոստման մխիթարական այս գիտակցությամբ է, որ լուսահոգի Պատրիարքին ճանապարհում ենք դեպի երկնից լուսեղեն օթևանը: 

Մեսրոպ Պատրիարքը ավանդաշատ Պոլսո հայ համայնքի զավակն էր՝ ծնվելով ու հասակ առնելով  պոլսահայ ընտանիքում, դաստիարակվելով եկեղեցանվիրումի ու ազգանվիրումի ոգով: Մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին իր կյանքն ընծայելու տեսլականով նա մուտք գործեց եկեղեցական ասպարեզ և ծառայանվիրումի ուխտ կնքեց՝ իր հոգու սերն ու նվիրումը բերելով հավատացյալ հայորդյաց: Լուսահոգի Մեսրոպ Սրբազանի տարիների վաստակյալ առաքելությունը մեծապես արժևորվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր խնամքի ներքո գտնվող հայորդիների կողմից, ովքեր, որպես արտահայտություն հարգանքի ու գնահատանքի, նրան ընտրեցին Հայոց Պատրիարք: Լուսահոգի Պատրիարքը կարևոր ծառայություն իրականացրեց, սպասավորեց երբեմն դժվարին պայմաններում՝ ջանք ու եռանդ ներդնելով, որպեսզի ծաղկուն մնա Հայոց Պատրիարքությունը, շեն լինեն եկեղեցիները, նորոգ առաջընթաց ապրի Պատրիարքության հայորդյաց ազգային-եկեղեցական կյանքը:

«Ո՛չ է մարդ իշխան ոգւոյ, եւ ո՛չ գոյ իշխանութիւն նորա յաւուր մահուան» (Ժող. Ը 8),- ասում է Սուրբ Գիրքը: Դժվարին հիվանդությունը, ցավոք, երկար տարիներ մահճին գամեց Պատրիարք Սրբազանին, և նա չկարողացավ օգտակար ծառայությունը շարունակել հավատացյալ իր հոտի համար: Երկրավոր իր ընթացքն ավարտելով՝ նա փոխադրվում է հավերժություն, որտեղ Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգևում Իր հավատարիմ սպասավորներին: 

Վստահ ենք, որ Պատրիարքության Մեր սիրեցյալ ժողովրդի զավակները, միասնաբար հաղթահարելով կորստյան ցավը, ամուր պիտի պահեն իրենց միաբանությունը, սերը, համերաշխությունը և ձեռնամուխ լինեն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռի՝ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պայծառության գործին, որպեսզի այն շարունակի իր ծառայությունը հավատավոր Մեր ժողովրդին:

Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ծառայասեր հոգևոր դասին և բարեպաշտ Մեր զավակներին, որ միշտ սիրով ու հավատարմությամբ փարված են մեր Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր են, որպեսզի Եկեղեցին շարունակի իր առաքելությունն արդյունավորել Մեր ժողովրդի համազգային կյանքի անդաստանում:

Թող երկնից լուսեղեն հանգրվաններում խաղաղությամբ հանգչի հոգելույս Մեսրոպ Պատրիարքը, և Ամենագութն Աստված Սուրբ Հոգու մխիթարության բյուր շնորհներով սփոփի բոլոր վշտացյալ սրտերը:

Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալ Պատրիարքի լույս հիշատակին: 

Վշտակիր սրտով և օրհնությամբ՝ 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ