Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցկացված վերջին երկու մարզային հանրահավաքներին ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը և ԲՀԿ-ն հանդես եկան իշխանափոխության մասին միասնական դիրքորոշմամբ: Եթե ՀԱԿ-ի և «Ժառանգության» պարագայում դա հասկանալի էր, քանի որ իշխանափոխության պահանջը նրանց համար ի սկզբանե եղել է սկզբունքային, ապա ԲՀԿ-ն դրան հանգեց աստիճանաբար` հանրահավաքից հանրահավաք կոշտացնելով իշխանությանն ուղղված քննադատությունը, թեև նախապես հայտարարվել էր` հանրահավաքների օրակարգում իշխանափոխության հարցը չէ:
Բայց ահա Վանաձորում ԲՀԿ-ի հիմնական խոսնակներից մեկը` Նաիրա Զոհրաբյանը, երեկ վերջապես հայտարարեց. «Հարթակում կանգնած երեք ուժերը տարբեր հարցերում կարող են տարակարծություններ ունենալ, բայց մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունը երկիրը տարել է կործանման, այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, և այս իշխանությունը պիտի հեռանա։ Սա է այն մեկ միասնական քաղաքական օրակարգը, որը միավորել է երեք քաղաքական ուժերին»:
Պետք է եզրակացնել, որ հոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք` եռյակի համապետական ամփոփիչ հանրահավաքի հիմնական ուղերձը լինելու է իշխանափոխության խնդրի առաջադրումը, ինչը նոր որակ է հաղորդում, առհասարակ, առաջիկա քաղաքական զարգացումներին: ԲՀԿ-ի կողմից իշխանափոխության պահանջի ձևակերպումն իմաստավորում է հոկտեմբերի 10-ին հրավիրված` նախնական շրջանում աննպատակ և անբովանդակ թվացող հանրահավաքը, քանի որ դրան եռյակը գնում էր առանց որևէ կոնկրետ ասելիքի և առանց հստակեցնելու հանրահավաքին հաջորդելիք իր գործողությունների ուղղվածությունն ու նպատակները: Մինչդեռ հիմա արդեն հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներն արդեն գիտեն` ինչ են ակնկալում եռյակից այդ օրը, և փորձելու են իրենց ներկայությամբ ձևակերպված այդ պահանջին քաղաքական լուրջ կշիռ հաղորդել:
Ըստ ամենայնի` իշխանության հեռացման պահանջով հանդես գալու` ԲՀԿ-ի հիմնական նպատակը հենց հնարավորինս շատ թվով` հանրահավաքի մասնակիցների ապահովումն էր: Մարզային առաջին մի քանի հանրահավաքների` աչք ծակող սակավամարդությունը, ի վերջո, ԲՀԿ-ին համոզեց, որ, առանց այդ հարցում կոնկրետացում կատարելու, ուղղակի տապալելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքը` դրանով կասկածի տակ դնելով ոչ միայն ոչ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարում իր ունեցած հեգեմոնությունը, այլև իրավիճակ փոխելու կարողությունը:
Այս տեսանկյունից ԲՀԿ-ն ինչ-որ իմաստով նույնիսկ հարկադրված էր տուրք տալ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ակնկալիքներին, ինչպես ասում են` դեռ թափ չհավաքած` ձիու թամբից վայր չընկնելու համար: Սակայն ԲՀԿ-ի դիրքավորման փոփոխությանը մի փոքր ավելի խորքային մոտենալու պարագայում կարելի է տեսնել, որ դա գոնե առայժմ քաղաքական իրավիճակի բեկում չի ենթադրում, այսինքն` ԲՀԿ-ի համար դա զուտ տակտիկական, այլ ոչ թե ռազմավարական խնդիր է լուծում և ահա, թե ինչու: Առաջադրելով հանդերձ իշխանափոխության պահանջը` ԲՀԿ-ն դեռևս չի կոնկրետացնում, թե արդյո՞ք դրա ներքո նկատի ունի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ դնելը: Նման հայտարարություն, կարծես, առայժմ չի արվել ոչ մի ԲՀԿ-ականի կողմից: Մինչդեռ իրական ինտրիգը թաքնված է հենց դրանում: Առայժմ միայն լրատվամիջոցներով կցկտուր տեղեկություններ են հրապարակ նետվում, թե հոկտեմբերի 10-ին հայտարարվելու է անդադար, նստացույցով ուղեկցվող հանրահավաքներ սկսելու վերաբերյալ, և այդ մասին հրապարակայնորեն չի հայտարարվում` ինտրիգը մինչև վերջ պահելու նկատառումով: ԶԼՄ-ներով տարածվող այդ անանուն տեղեկությունները, սակայն, առայժմ միայն բամբասանքներ կարելի է համարել, քանի որ հանրահավաքների շարք սկսելու համար եռյակը նախ պետք է դիմեր Երևանի քաղաքապետարան` իրազեկելու իր այդ մտադրության մասին, որի դեպքում միայն պերմանենտ հանրահավաքները կհամարվեին օրինական: Որքան հայտնի է` նման իրազեկում եռյակը քաղաքապետարանին չի արել: Իհարկե, չի բացառվում, որ այս ուժերը որոշեն շրջանցել օրենքի պահանջը, ինչպես` մոտավորապես 2008թ. փետրվարյան հանրահավաքների պարագայում: Սակայն այդ դեպքում եռյակը պետք է պատրաստ լինի իշխանությունների ու հատկապես` ոստիկանության կոշտ հակաքայլերին, հնարավոր ցնցումներին:
ԱԺ-ի ամբիոնից Հովիկ Աբրահամյանի կողմից օրեր առաջ եռյակին արած` նոր «մարտի 1» սարքելու մասին հիշեցում-սպառնալիքով, ինչպես նաև դրանից առաջ ոստիկանության անցկացրած` անօրինական հավաքներ ցրելու դեմոնստրատիվ «զորավարժություններով» իշխանությունն արդեն զգուշացրել է կոշտ հակադարձելու` իր վճռականությունը: Ուստի, ԲՀԿ-ն պետք է որոշի` մտնո՞ւմ է այդ պատասխանատվության տակ, թե՞ ոչ: Մինչդեռ մարզային այս հանրահավաքներին, իշխանափոխության հարց առաջ քաշելով հանդերձ, ԲՀԿ-ականները, մասնավորապես` Միքայել Մելքումյանը, ամեն անգամ հարկ է համարում հավելել, որ խնդիրները պետք է լուծեն առանց երկիրը ցնցումների տանելու:
Այդ մասին իր վերջին հարցազրույցում ակնարկել է նաև Գագիկ Ծառուկյանը: Այսինքն` չի բացառվում, որ ԲՀԿ-ն հոկտեմբերի 10-ը պարզապես դարձնում է ապագա համապետական հերթական ընտրություններին նախապատրաստության հանգուցային կետ` պարզորոշ ասելով, որ հավակնում է ՀՀԿ-ից իշխանությունը վերցնելուն, բայց միայն հաջորդ ընտրությունների միջոցով: Ի վերջո, սա լիովին տեղավորվում է իշխանափոխության ներկայիս պահանջի ներքո, ու ստացվում է, որ ԲՀԿ-ն հասարակությանն այդ հարցում չի խաբում: Եթե նպատակն իսկապես դա է, ինչի պատասխանը կտա առաջիկա երևանյան հանրահավաքը, ապա ԲՀԿ-ն փաստացի փոքրիկ մանիպուլյացիայի է դիմում թե' իր գործընկեր ուժերի, թե' հասարակության նկատմամբ:
Իսկ հոկտեմբերի 10-ը հանգուցային նշանակություն է ստանում` կանխելու համար սահմանադրական փոփոխությունների, ավելի ճիշտ` դրանով պառլամենտական կառավարման համակարգ ներդնելու և ԱԺ նախագահի պաշտոնում սեփական իշխանությունը վերարտադրելու` Սերժ Սարգսյանի հնարավոր մտադրությունը: Եթե այդ հանրահավաքը ստացվի հենց իշխանափոխության լոզունգի ներքո, ապա հավանականությունը մեծ է, որ Սերժ Սարգսյանը իրավիճակը սրելուց խուսափելու համար, իբրև կոմպրոմիսային լուծում, հրաժարվի պառլամենտական համակարգ ներդնելու մտադրությունից և վերադառնա իշխանությունը ժառանգորդին «կտակելու» մարտավարությանը: Սա հենց այն է, ինչին ուզում է հասնել ԲՀԿ-ն, քանի որ դա մեծացնում է իշխանության փոխանցման տարբերակների շուրջ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու «ֆրոնտը»:
Ավելի պարզ ասած` հանրահավաքը, ՀԱԿ-ի ու «Ժառանգության», ինչու ոչ` նաեւ հասարակության մի ստվար մասի` օր առաջ իշխանության հրաժարականի պահանջը ԲՀԿ-ն դարձնում է իշխանությանը զիջումների դրդելու հիմնական գործիք: Ի դեպ, իշխանությունն արդեն այդ ուղղությամբ համապատասխան ազդակներ հղում է: Սահմանադրական հանձնաժողովի ղեկավար, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը կարող է մերժել փոփոխությունների` իրենց առաջարկած վերջնական տարբերակը, իսկ նույն հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն էլ նշել է, թե պառլամենտական համակարգին անցումը հնարավոր են համարում միայն քաղաքական կոնսենսուսի առկայության պարագայում: Իսկ նման կոնսենսուս, ինչպես հայտնի է, չկա ու թերևս չի էլ լինի:
Գևորգ Դարբինյան