Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերձավոր Արեւելքի սրընթաց զարգացումների, լարվածության նոր օջախների ու հնարավոր մեծ պատերազմի մասին Yerkir.am-ը զրուցել է արեւելագետ, միջազգայնագետ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի նախկին գիտաշխատող, այժմ Ինդոնեզիայի Միջազգային իսլամական համալսարանի դոկտորանտ Արարատ Կոստանյանի հետ։
-Ի՞նչ է տեղի ունենում Մերձավոր եւ Միջին Արեւելքում։ Այն ինչ տեղի է ունենում, մեծ պատերազմի նախերգա՞նք է, թե՞ փորձ է արվում կանխել այն մեծ աղետը, որի մասին անընդհատ նախազգուշացնումներ ենք լսում։
Պաղեստինա-իսրայելյան հակամարտության ֆոնին, Եմենում հութիների դեմ արեւմտյան երկրների միատեղ հարձակումը, Պակիստանի սահմանային ոտնձգություններն ու Իրանի հակահարված պատասխանը վկայում են Իրանի հանդեպ հետեւողական մարտավարության իրականացման մասին, մասնավորապես Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից՝ մեկուսացնելու Իրանին եւ կասեցնելու նրա տարածաշրջանային գործոն լինելու հնարավորությունները։ Ավելին՝ մեր տարածաշրջանում արցախյան վերջին պատերազմն ու ներկա վտանգը Հայաստանի հարավային հատվածում, որը կապում է իրանը Հայաստանին, նաեւ փորձ է արվում մեկուասցնել Իրանին Հարավային Կովկասում ու անհրաժեշտ պահին հարվածել Իրանին։
-Մի շարք վերլուծաբանների համոզմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է հենց Իրանի դեմ պատերազմի։ Դուք ո՞նց կվերլուծեք թշնամի երկրի քայլերն ու հայտարարությունները։
Այդ Իմաստով, Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի դաշնակից եւ վերջին տարիներին Իսրայելի քաղաքական ու ռազմական ներկայությունն երեւելի է Ադրբեջանում։ Այս տեսանկյունից, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումն ուղղակիորեն երաշխիք է Իրանի մեկուսացման փորձերի դեմ։ Հայաստանի ու Իրանի գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունները զսպում են Ադրբեջանի, Իսրայելի եւ Թուրքիայի ոտնձգություններն անդրկովկասում։
-Օրերս մասնակցել եք Ինդոնեզիայի քրիստոնեական համալսարանում կայացած գիտաժողովին ու հանդես եկել ելույթով, որում անդրադարձել եք Մերձավոր Արեւելքում անվտանգության ոչ ավանդական մեխանիզմին։ Ո՞րն է այդ մեխանիզմը, կմանրամասնե՞ք։
Հարկ եմ համարում հակիրճ անդրադառնալ կրոնական գործոնին, որը հարում է չափավոր Իսլամին, որը հաշտ ու խաղաղ միջավայր է ստեղծել տարբեր կրոնների գոյակցությանը եւ երկիրը զարգացման ուղու վրա դրել։ Այս իմաստով, Ինդոնեզիայի Քրիստոնեական Համալսարանում մասնակցոգթյունս որպես բանախոս միջազգային գիտաժողովում, նպատակ ուներ ներկայացնելու Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես Սիրիական մոդելը, որտեղ տարբեր ազգություններ եւ կրոնական պատկանելիության համայնքներ կարողացել են ստեղծել համակեցություն ու համերաշխության մթնոլորտ։ Նպատակս ոչ միայն հայկական օջախների ու բնիկ ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները ներկայացնելն էր, այլ նաեւ զուգահեռներ անցկացնելը Իմդոնեզիայի հետ, որտեղ գոյություն ունեն բազում նմանություններ։ Այսպիսով, հայկական հարցն հնչեղություն ունեցավ այնպիսի երկրում, որը ոչ միայն մեծ տերությունների ուշադրության կենտրոնում է եւ որն ասիական արագ զարգացող երկրներից է հանդիսանում, այլ նաեւ հազվագյուտ երկրներից է, որտեղ ազգային ու կրոնական պատկանելիությունները կարեւոր դեր են խաղում քաղաքական ու հասարակական կյանքում։
-Ի՞նչ դերակատարում ունեն հայ համայնքները Միջին Արեւելքի երկրների անվտանգության պահպանման գործում։ Հայ համայնքների ու բնիկ ժողովուրդների միջեւ հարաբերությունների պատկերն այսօր ինչպիսի՞ն է։ Աշխարհաքաղաքական փոփոխությունները, տարածաշրջանային կոնֆլիկտները չե՞ն ազդել։ Պահպանվո՞ւմ է համերաշխությունը։
Հայկական համայնքների խաղաղ եւ համերաշխ գոյակցությունը բնիկ ժողովուրդների հետ Մերձավոր Արեւելքում, կարելի է դիտարկել որպես անվտանգության երաշխիք, նույնիսկ պատերազմական իրավիճակում. ինչին ականատես եղանք Սիրիայում արյունալի պատերազմի ժամանակ։ Հայկական համայնքի եւ բնիկ ժողովրդի բարիդրացիական հարաբերության շնորհիվ հնարավոր եղավ Սիրիան զերծ պահել քաղաքացիական պատերազմից, այն միայն քաղաքական բնույթ էր կրում։ Ներկայումս Սիրիայի հայ համայնքը կրելով բազում մարդկային եւ նյութական վնասներ, վերականգնողական աշխատանքներով է զբաղված ինչպես մնացած համայնքները, որոնք կարեւորում են Սիրիայում համատեղ ապրելու եւ բարգավաճելու ցանկությունը։
-Իսրայելում պատկերը մի քիչ այլ է։ Հայ համայնքի իրավունքները խախտում են, ճնշում, փորձում համայնքին պատկանող հողերը խլել։ Եվ բոլոր այդ գործողությունների հետեւում ասվում է նաեւ, որ հենց պետական որոշ գործիչներ են կանգնած։
Իհարկե վերջին տարիների Իսրայելի իշխանությունների վարած քաղաքականությունը ավելի ազգայնական բնույթ է ստացել, ըստ որի՝ առաջնայինը հրեաներն են, իսկ հայերն ու արաբները երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում։ Նրանց չի տրվում կամ բարդ է քաղաքացիություն տրվում, խնդիրներ են ստեղծվում։ Այլ կերպ ասած, բարեհամբույր չեն այլ կրոնական ու ազգային պատկանելիություն ունեցող հայմայքների հանդեպ, սակայն ծայրահեղ աջ խմբավորումներն են գործողություններ ու հարձակումներ իրականացնում հայ համայնքի վրա, հստակ փաստեր չկան, որ ուղղորդված է Իսրայելի իշխանությունների կամ պետության կողմից։
Հայ համայնքի հանդեպ ոտնձգությունը, նոր երեւույթ չէ։ Քանի տարի է՝ կազմակերպված ու հետեւողականորեն աջ ծայրահեղ խմբավորումները հարձակումներ են իրականացնում հայկական Երուսաղեմի շրջանի վրա, հայտարարություններ անում, որ նրանք պետք է նրանք լքեն հայկական շրջանները եւ դրանք հրեաներին են պատկանում եւ այլն։ Քանի միջադեպեր են տեղի ունեցել, նույնիսկ հետեւողական հարձակումներ են տեղի ունեցել հայկական սրճարանների, խանութների վրա, հոգեվորականների վրա։ Իրավիճակը խորացավ հողային խնդիրների պատճառով։ Այդ տարածքները հայ համայնքին են պատկանում, իսկ հրեական մի շարք կազմակերպություններ ցանկանում են յուրացնել։ Սա աջ արմատական գաղափարախոսության զարգացումն Իսրայելում։ Պետք է հայկական սփյուռքը եւ Հայաստանի իշխանությունները պետք է հետեւողական ու զգոն լինեն՝ պաշտպանելու հայության իրավունքները։
Մեղրի Ղուկասյան