կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-29 17:53
Իրավական

Կուտակային վճարից հրաժարվելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցչի գործը քննվում է դատարանում

Կուտակային վճարից հրաժարվելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցչի գործը քննվում է դատարանում

«…արդյո՞ք հայցվորի նպատակն իսկապես աշխատելն է եղել, թե՞ հյուրախաղերը` լեռնային գյուղում»,- հայցադիմումի պատասխանի մեջ այսպիսի հռետորական հարց է տալիս Զովասարի միջնակարգ դպրոցի տնօրենը` խոսելով իր հրամանով աշխատանքից ազատված ուսուցչի մասին:

 

Տիգրան Սարգսյանը հունվարի 20-ից աշխատանքային պայմանագրով ընդունվել է դպրոց` որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ: Իսկ ապրիլին դիմում է գրել տնօրենին` աշխատավարձից կուտակային կենսաթոշակային վճարը չգանձելու համար: Դրանից որոշ ժամանակ անց` մայիսի 8-ին, տնօրենը մանկխորհրդի նիստում հայտնել է, որ Տ. Սարգսյանն ազատված է աշխատանքից:

 

«Կուտակայինի դիմումը գրելուց հետո Արագածոտնի մարզպետարանից հրավիրեցին: Զրուցեցի աշխատակազմի ղեկավարի հետ, շնորհքով անձնավորություն էր, ասաց` կզբաղվենք էդ հարցով: Երևի զբաղվելն էլ այն էր, որ ասեն` ազատվեք նրանից, վտանգավոր հարցեր է բարձրացնում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Հուլիսին Տ. Սարգսյանը աշխատանքից ազատելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և իրեն աշխատանքի վերականգնելու պահանջով դիմել է Թալինի ընդհանուր իրավասության դատարան:

 

Որպես աշխատանքից ազատման հիմք` դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանը ընդունել է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը. «Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծել անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպեսև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում»:

 

Տնօրինության պնդմամբ` Տ. Սարգսյանն ապրիլի 16-ին և 17-ին դասերից անհարգելի բացակայել է: Իսկ Տ. Սարգսյանը պնդում է, որ չի բացակայել այդ օրերին, դասամատյանում իր կողմից արված նշումները դրա մասին են վկայում, իսկ գործում չկա որևէ ապացույց, որ բացակայել է: «24 ուսուցիչ գրություն է ստորագրել, թե ես բացակայել եմ, բայց դա կեղծ փաստաթուղթ է,  քանի որ բոլոր 24 ուսուցիչներն էլ չէին կարող այդ օրերին ներկա լինել դպրոցում ու իմանային` բացակայել եմ, թե` ոչ»,- ասաց նա:

 

Մյուս կողմից` եթե նույնիսկ բացակայություն եղել է, ապա կարգապահական խախտման համար`  մինչև տույժի կիրառելը (տվյալ դեպքում` աշխատանքից ազատելը) գործատուն պարտավոր է աշխատակցից գրավոր բացատրություն պահանջել (Աշխ. Օր. 223 հոդված): Հակառակ դեպքում  հնարավոր է, որ աշխատանքից ազատելուց հետո պարզվի, որ աշխատակիցը եղել է անառողջ  և ծանր վիճակի պատճառով չի կարողացել հայտնել դրա մասին:

 

«Եթե ես ունեցել եմ բացակայություն, ապա պատասխանողը շուրջ 20 օր ժամանակ ուներ` դրա հարգելի կամ անհարգելի պատճառները պարզելու համար, սակայն, որևէ օրինական գործողություն չկատարելով, մայիսի 8-ին հանկարծակի որոշել է, որ ապրիլի 16-ին և 17-ին ունեցել եմ բացակայություններ, և որ դրանք անհարգելի են, և որ դրանց համար, որպես պատասխանատվության միջոց, պետք է կիրառվի պայմանագրի լուծումը»,- նշում է Տ. Սարգսյանը:

 

Նա իր հայցադիմումում անդրադարձել է նաև աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կնքված լինելուն` հունվարի 20-ից մինչև հունիսի 30-ը: Այնինչ` պայմանագիրը պետք է լիներ անժամկետ: Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածում սահմանվում են բացառիկ այն դեպքերը, երբ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր: Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի հաստիքի դեպքում դա կիրառելի չէ: Այս իսկ պատճառով` իր հայցադիմումում Տ. Սարգսյանը պահանջ է դրել` աշխատանքային պայմանագիրը ճանաչել անորոշ ժամկետով կնքված:

 

 Պատասխանողի ներկայացուցիչը` «Զովասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ալբերտ Սարգսյանը, հայցադիմումի իր պատասխանում նշել է, թե հայցվորը օրենքները մեկնաբանում է յուրովի` իր շահերի տեսնակյունից, և խնդրում է դատարանին` հայցն ամբողջությամբ մերժել:

 

Նա նշել է, որ փորձել է ճշտել բացակայությունների պատճառը, սակայն ստացել է «չոր և կոպիտ պատասխան, իսկ ի՞նչ էր մնում անել դրանից հետո»: Ինչ վերաբերում է տվյալ օրերին Տ. Սարգսյանի կողմից դասամատյանը լրացնելուն, տնօրենը պնդում է, թե նա կեղծել է դասամատյանը` լրացնելով այն իր բացակա օրերի համար:

 

Իսկ պայմանագրի`  որոշակի ժամկետով կնքված լինելու վերաբերյալ տնօրենը նշում է. «Հայցվորը վիճարկում է թիվ 52 աշխատանքային պայմանագիրը, մինչդեռ նա է ստորագրել այդ պայմանագիրը և համաձայն է եղել այդ պայմանագրի բոլոր կետերին, երբևիցե ոչ մի դժգոհություն չի արտահայտել»:

 

Սակայն պետք է այս դեպքում նշել, որ իրավախախտումը ամրագրվել է ոչ թե պայմանագիրը կնքելու պահին, այլ այն լուծելու:

 

Առաջին դատական նիստը չի կայացել պատասխանողի բացակայության պատճառով, հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 13-ին: