կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-27 17:17
Հասարակություն

Դատարանի որոշմամբ` Երևանի 75-րդ դպրոցի՝ աշխատանքից ազատված ՆԶՊ ուսուցչի աշխատանքը կվերականգնվի

Դատարանի որոշմամբ` Երևանի 75-րդ դպրոցի՝ աշխատանքից ազատված ՆԶՊ ուսուցչի աշխատանքը կվերականգնվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է անվավեր ճանաչել Երևանի 75-րդ դպրոցի տնօրեն Աննա Գրիգորյանի՝ ՆԶՊ ուսուցիչ Մովսես Շահվերդյանին աշխատանքից ազատելու՝ 2016թ.  օգոստոսի 31-ի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքին անորոշ ժամկետով պայմանագրով և գործատուից, հօգուտ Մովսես Շահվերդյանի, գանձել միջին ամսական աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ-ի գրասենյակը: 

 2010թ.-ից անորոշ ժամկետով պայմանագրով Երևանի 75-րդ դպրոցում աշխատող Մ. Շահվերդյանի հետ տնօրեն Աննա Գրիգորյանը 2015 թ.-ին 1 տարի ժամկետով նոր պայմանագիր է կնքել՝ իր պատճառաբանությամբ՝ կենսաթոշակային տարիքը լրանալով պայմանավորված, և 2016թ. օգոստոսի 31-ին 1 տարի ժամկետով կնքնված պայմանագիրը լուծել՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետի հիմքով:

 Սակայն դրանով գործատուն խախտել է օրենքը, քանի որ պայմանագիրը կնքվել է մինչև ուսումնական տարվա վերջ ժամկետով և լուծվել է հենց ուստարվա վերջում՝ 2016թ. օգոստոսի 31-ին, այսինքն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետն այս դեպքում վերաբերելի չէ, քանի որ պայմանագիրը լուծվել է ոչ թե մինչև ժամկետի լրանալը, ինչպես սահմանաված է 113-րդ հոդվածով, այլ պայմանագրի ժամկետը լրանալուն պես: Բացի դրանից՝ Մ. Շահվերդյանի 63 տարին լրացել է 2015 թ. սեպտեմբերի 29-ին և այդ հիմքով աշխատանքից ազատելու համար պարտադիր է, որ պայմանագրում ևս նշված լինի դրա մասին, սակայն պայմանագրում այդ դրույթը նշված չէ:

 Ավելին՝ գործատուն, պարտավորված լինելով աշխատանքից ազատման մասին ծանուցելու առնվազն 14 օր առաջ, խախտել է նաև այդ դրույթը և որևէ ծանուցում աշխատողին չի ուղարկել, այլ տեղեկացրել է բանավոր ձևով պայմանագրի լուծման օրը:

 Իրավաչափ չէ նաև որոշակի ժամկետով պայմանագրի կնքումը, քանի որ օրենքը որոշակի ժամկետով պայմանագրի կնքումը անհրաժեշտ է համարում, եթե դա բխում է աշխատանքի բնույթից, սակայն ուսուցչի աշխատանքի համար անորոշ ժամկետով պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չկա, դա է վկայում նաև այն, որ նրա հետ առաջին պայմանագիրը 2010թ.-ին կնքվել է անորոշ ժամկետով:

 Դատարանը 2018թ. նոյեմբերի 22-ին վճռել է անվավեր ճանաչել Մովսես Շահվերդյանին աշխատանքից ազատելու հրամանը և նրան վերականգնել նախկին աշխատանքին:

 Դատարանը փաստել է, որ գործատուն պարտավոր է եղել ժամանակին պատշաճ ձևով ծանուցել աշխատողին պայմանագիրը լուծելու մասին, սակայն չի արել: Արձանագրել է նաև, որ աշխատանքից ազատելու հրամանում առկա են ներքին հակասություններ, մինչդեռ իրավական ակտում նման հակասությունները պետք է բացառվեն:

 Հակասություններն են՝ պայմանագրի գործողության ժամկետի լրացումով պայմանավորված աշխատանքային պայմանագրի լուծումը և կենսաթոշակային տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծումը գործատուի նախաձեռնությամբ:

 Դա հիմք է տալիս պնդելու, որ աշխատանքից ազատելու հրամանն իրավաչափ չէ, առկա է հայցվորի խախտված աշխատանքային իրավունք, և հրամանը պետք է անվավեր ճանաչվի:

 Դրանով պայմանավորված՝ Մ. Շահվերդյանը պետք է վերականգնվի նախկին աշխատանքին, նրա հետ կնքված պայամանգիրը պետք է համարվի անորոշ ժամկետով կնքված և նրան պետք է վճարվի 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև վճռի կատարման պահն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին ամսական աշխատավարձ:

 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Երևանի 75-րդ դպրոցը կվճարի նաև 4000 ՀՀ դրամ պետական տուրքն ու հարկադիր պարապուրդի գումարի 2 տոկոսի չափով նախապես չվճարված պետական տուրքը: