Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոշիկների վերանորոգմամբ զբաղվող 79-ամյա Հարություն Ավշարյանը մեղավոր ճանաչվեց ուրիշի գույքը անզգուշությամբ վնասելու մեջ: Դատարանը որպես պատիժ պարտավորեցրեց նրան 300 հազար դրամի տուգանք վճարել և 153 հազար դրամ` որպես դատական ծախս:
Եվ եթե այս դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի, ապա ծերունին, ամենայն հավանականությամբ, կպարտավորվի վճարել ևս 9 միլիոն դրամ` որպես վնասված գույքի փոխահատուցում:
Եվ ամեն ինչ սկսվել է նրանից, որ 79-ամյա այս մարդը օրվա ապրուստը վաստակելիս է եղել կոշիկներ վերանորոգելով` Երևանի Ամիրյան 13 շենքի բակում տեղադրված իր տաղավարում: Համաձայն գործի նյութերի` գործով չպարզված հանգամանքներում դեպի տաղավար ապօրինի մոնտաժված էլեկտրական հոսանքալարերի շահագործման հետ կապված նրա անզգույշ վերաբերվելու հետևանքով տաղավարում գտնվող ապահովիչներին միակցված հաղորդալարերի հպումներից առաջացել է կարճ միակցման հոսանք:
Եվ դրա հետևանքով էլ նախորդ տարվա մարտի 15-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում տաղավարի ներսում հրդեհ է բռնկվել՝ այրելով տաղավարն ու դրա մոտ կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը՝ մեքենայի տիրոջը անզգուշությամբ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 9.100.000 դրամի գույքային վնաս:
Գործքը քննվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակեյանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ Հարություն Ավշարյանի փաստաբան, հանրային պաշտպան Գուրգեն Մադոյանը:
Նա իր խոսքում խնդրեց ուշադրություն դարձնել մի շարք հանգամաքների վրա, որոնք փաստում են իր պաշտպանյալի անմեղությունը: Մասնավորապես` գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչպես և ում կողմից են մոնտաժված եղել հոսանքալարերը:
Հայաստանի էլեկտրական ցանցերից հայտնել են, որ տաղավարը օրինականորեն հոսանքով ապահովված չի եղել, իսկ եթե ծերունին հոսանք օգտագործելիս լիներ, մոտակայքում գտնվող Էլցանցերի մասնաճյուղի աշխատակիցները հայտնաբերած կլինեին: Տաղավարում ամբաստնյալը երբեք հոսանք չի օգտագործել, իր աշխատանքի համար անհարժեշտություն չի եղել, իսկ հայտնաբերված էլեկտրական սալիկը տեղափոխած է եղել նախկինում Մաշտոցի փողոցում ունեցած իր տաղավարից:
Պաշտպանը ընդգծեց, որ տաղավարի մոտ մեծ աղբանոց կա, և գործով անցնող վկաներից մեկը հայտնել է, թե հենց այդ օրը ինչ-որ մեկը կրակ է արած եղել, ինքն էլ պահանջել է, որ հանգցնեն: Բացի դրանից, տեղաբնակները նշել են, որ քիչ չեն դեպքերը, որ թափառաշրջիկներ են հավաքվում աղբանոցի մոտ, փորձում կրակ վառել:
Գուրգեն Մադոյանը դատարանին խնդրեց նաև` ապացույց չհամարել նաև փորձագետի այն եզարակցությունը, համաձայն որի` կրակի օջախը տղավարի ներսում է եղել: Բանն այն է, որ այս փորձագետի փոխարեն դատարանում հարցաքննվել է նրա ղեկավարը, քանի որ այլևս որպես փորձագետ չի աշխատել տվյալ հիմնարկում:
Փաստաբանը խոսքը եզրափակեց նրանով, որ գործում առկա են մի շարք չփարատված կասկածներ, որոնք պետք է հօգուտ ամբաստնյալի մեկնաբանել:
79-ամյա ամբաստնյալն էլ իր վերջին խոսում ասաց, որ ինքը մեղավոր չէ, նորից դատարանին հորդորեց գալ դեպքի վայր, տեսնել, որ իր տաղավարի հատակն ու ներսի փայտե սյունը այրված չեն, ինչը վկայում է նրա մասին, որ հրդեհը իր տաղավարից սկսել չէր կարող:
«Հարգելի դատավոր, խնդրում եմ հարգեք ինձ, ես թոշակառու մարդ եմ… Էդ ապրուստով ընտանիքս էի պահում, հիմա երկու տարի է սենց գնում-գալիս եմ…»,- ասաց ամբաստնյալը:
Դատական նիստի ավարտից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ և մոտ 40 րոպե անց հրապարակեց դատավճիռը: Ծերունին շիվար կանգնած էր մնացել դատարանի շենքի նախասրահում:
Yerkir.am-ը զրուցեց նաև տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լյուդվիգ Դավթյանի հետ: Նա պատմեց, որ սիրահայ Լիոն Բարբրայանը 2013 թվականին է արտագաղթած եղել Սիրայից: Մեքենայով ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, մի քանի օր մեքնան կայանելիս է եղել ընկերոջ վարձակալած բնակարանի բակում: Եվ մի օր էլ զանգել, հայտնել են, որ մեքենան այրվում է:
«Պետք է այստեղ այդ մեքենան վաճառեր, ինչ-որ բիզնես սկսեր: Բայց քանի որ մեքենան այլևս չկա, ստիպված է եղել արտագնա աշխատանքի մեկնել Լիբանան, հիմա էլ այնտեղ է»,- Լ. Դավթյանը պատմեց, որ Լիոնի հետ սկսել են աշխատել Սփյուռքի նախարարության միջնորդությամբ: Իր ղեկավարած «Դատական փորձագետների և իրավագետների ասոցիաիա» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է մատուցում սիրահայերին, իսկ այս գործով անվճար է նաև դատաիրավական ծառայությունը:
Լ. Դավթյանը հայտնեց նաև, որ 9 միլիոն 100 հազար դրամի փոխահատուցում ստանալու հայցապահանջով դիմել են դատարան, սակայն գործի քննությունը կասեցվել է մինչև որ վերոնշյալ քրեական գործի ավարտը:
Ա.Կ.