կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 16:57
Իրավական

79-ամյա ծերունին` դատավորին. «Հիմա ես ինչո՞վ եմ մեղավոր, ցավդ տանեմ»

79-ամյա ծերունին` դատավորին. «Հիմա ես ինչո՞վ եմ մեղավոր, ցավդ տանեմ»

Կոշիկների վերանորոգմամբ զբաղվող` 79-ամյա Հարություն Ավշարյանը մեղադրվում է ուրիշի գույքը անզգուշությամբ վնասելու մեջ: Համաձայն գործի նյութերի` նա Երևանի Ամիրյան 13 շենքի բակում տեղադրված իր տաղավարում մատուցել է կոշիկների վերանորոգման ու ներկման մասնավոր ծառայություններ:

 

Աշխատանքն իրականացնելու նպատակով գործով չպարզված հանգամանքներում դեպի տաղավար ապօրինի մոնտաժված էլեկտրական հոսանքալարերի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով տաղավարում գտնվող ապահովիչներին միակցված հաղորդալարերի հպումներից առաջացել է կարճ միացումԵվ դրա հետևանքով էլ նախորդ տարվա մարտի 15-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում, տաղավարի ներսում հրդեհ է բռնկվել` այրելով տաղավարն ու դրա մոտ կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը՝ մեքենայի տիրոջը անզգուշությամբ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 9.100.000 դրամի գույքային վնաս:

 

Գործը ներկայումս քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակեյանի նախագահությամբ: Դատաքննությունն ավարտվել է, գործը դատական վիճաբանության փուլում է:

 

Նախորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել դատախազ Ա. Մանուկյանը: Yerkir.am-ին Հարություն Ավշարյանը հայտնեց, որ դատախազը դատարանին միջնորդել է որպես պատիժ ամբաստանյալից բռնագանձել 400 հազար դրամ տուգանք: Հ. Ավշարյանի խոսքով` իր դեմ նաև քաղաքացիական պահանջ է ներկայացվել` մեքենային հասցված 9 միլիոն դրամը փոխհատուցելու համար:

 

Այսօրվա դատական նիստում պետք է լսվեր պաշտպանական ճառը, սակայն գործում նոր ներգրավված փաստաբան, հանրային պաշտպան Գուրգեն Մադոյանը ժամանակ խնդրեց` գործի նյութերին ծանոթանալու և պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը լինելու է սեպտեմբերի 22-ին:

 

Դատական նիստի ավարտից հետո, Հարություն Ավշարյանը դիմեց դատավոր Մ. Մակյանին. «Հիմա ես ինչո՞վ եմ մեղավոր, ցավդ տանեմ: Դատախազը ինձ վտանգավոր մարդ է համարում, բայց ես էս տարիքիս աշխատում եմ իմ քրտինքով…»: Դատավորը խորհուրդ տվեց այդ բոլոր հարցերը քննարկել պաշտպանի հետ: