կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 13:24
Տարածաշրջան

Կես միլիոն դոլար արժողությամբ բնակարան գնելու համար Աթեշյանը հայտնվել է սուր քննադատությունների կենտրոնում

Կես միլիոն դոլար արժողությամբ բնակարան գնելու համար Աթեշյանը հայտնվել է սուր քննադատությունների կենտրոնում

Կ. Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը նոր բնակարան է գնել, որի արժեքի պատճառով հայտնվել է սուր քննադատությունների կենտրոնում:

Ըստ «Ակօս»-ի՝  Քուրթուլուշ փողոցում գտնվող բնակարանի արժեքը 1 միլիոն 300 հազարի և 1 միլիոն 500 հազարի (մոտ 440050-507750 ԱՄՆ դոլար) սահմաններում է, որն Աթեշյանը գնել է դեռևս մեկ ամիս առաջ: Դա քննարկումների պատճառ է դարձել: Հարցը բարձրացվել է նաև Հիմնադրամների համերաշխություն պլատֆորմի նիստում: Ոմանք Աթեշյանից մեկնաբանություն ստանալու հարցով դիմել են նաև «Ակօս» թերթին:

Թերթի հետ զրույցում Աթեշյանը հաստատել է նոր բնակարան գնելու վերաբերյալ լուրերը: «Առաջին հերթին կցանկանամ հիշեցնել իմ համայնքին, որին ծառայում եմ 40 տարի, որ իմ գնած բնակարանի վերաբերյալ բամբասանքներ հորինելը, կեղծ օրակարգ ստեղծելը, ցեխ շպրտելու մտածողությամբ` մարդկանց մեջ թերություն գտնելը մեր հավատքում մեղք է համարվում: Բացի այդ` եթե նայեն մահացած մեր հոգևորականներից շատերի թողած ունեցվածքին, կհասկանան, որ ամեն ինչ նորմալ է: Մեզ տխրեցնում են մեր պատրիարքարանի և հոգևորականների դեմ անհիմն լուրերը»,- ասել է նա:

Նշենք, որ Աթեշյանը երկու տարի առաջ բնակարան է գնել նաև Թուրքիայի զբոսաշրջության կենտրոններից մեկը համարվող Բոդրում քաղաքում:

Աթեյանի նոր բնակարանի հարցը Հիմնադրամների համերաշխություն պլատֆորմի նիստում բարձրացրած` Ենիքոյի հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենի օգնական Սեւան Շեշեթյանը «Ակօս»-ի հետ զրույցում ասել է. «Արամ Աթեշյանը, անկասկած, ազատ է` բնակարան գնել, որտեղ ցանկանում է: Մյուս կողմից` կան հոգևորականներ, ովքեր դժվարանում են վճարել իրենց բնակարանի վարձը: Նույն ժամանակահատվածում այս հսկայական տարբերություններն աչքի են ընկնում»:

Նրա խոսքով՝ հարցականներ են առաջացնում նաև, որ Արամ Աթեշյանը Բեյքոզի Սուրբ Նիկողոս եկեղեցու հիմնադրամին պատկանող անգին հողատարածքի օգտագործման իրավունքը, առանց որևէ հինավորման, հանձնել է «Հովակիմ» հիմնադրամին:

Դիմելով Աթեշյանին՝  Շեշեթյանը նշել է, որ հասարակությանը համոզիչ բացատրություն տալու անհրաժեշտություն է առաջացել: