կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 10:01
Հասարակություն

Մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո. Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԵՏՄ-ին

Մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո. Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԵՏՄ-ին

Երեկ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած տոնական ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցին: Նրա ելույթը` ստորեւ:

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, և մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում: Մեր ապրանքների առջև բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից:

 

Այս առթիվ ես ուզում եմ նաև պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրև Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Ասեմ, որ նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել է: Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որևէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երևույթ է:

 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի անկախությանը, ապա այն սրբազան է ու անքննարկելի: Եվ մենք շարունակելու ենք մեր բաց ու շահագրգիռ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ՝ Եվրասիական միության և նրա անդամ պետությունների, Եվրամիության և նրա անդամ պետությունների, ԱՄՆ-ի, Չինաստանի, հարևան Վրաստանի ու Իրանի, մեր բարեկամ մյուս բոլոր երկրների հետ: Հայաստանը կա և այսուհետ ևս լինելու է պետությունների միջազգային ընտանիքի ակտիվ ու պատասխանատու անդամը:»