Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չորս հիմնական հանգամանք ներկայացրեց, որոնք պատճառ են ԵՏՄ-ից դուրս գալու համար: Նա նշեց, որ տնտեսական համագործակցության հիմքերը տեսնում է տվյալ երկրի գրավչության մեջ:
«Ներդրումների ցուցանիշը ամենաէական տնտեսական ցուցանիշն է երկրի գրավչության համար: 2013 թվականին, երբ մենք դեռ ԵՏՄ անդամ չէինք, Հայաստանում ուղիղ ներդրումները 597 մլն դոլար էին, 2014-ին` ԵՏՄ անդամակցելուց մեկ տարի անց, արդեն 347 մլն դոլար էր, 2015-ին` 245 մլն դոլար` հարյուր միլիոնով ավելի քիչ: 2106-ին 160 մլն էր, իսկ այս տարվանը դեռ չեն հրապարակել»,- ասաց պատգամավորը, ապա հարցրեց` ինչո՞ւ են նվազում ներդրումները Հայաստանում:
Թե ինչո՞ւ է ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի գրավչությունը նվազել, ըստ Սարգսյանի, քաղաքագետները բերում են հիմնավորումներ, որ դա պայմանավորված է արդար ընտրությունների բացակայությամբ: «Արդար ընտրություններ լինեին, պետության գրավչությունը կբարձրանար: Սա ասում են քաղաքագետները: Սակայն իշխանության մեր գործընկերները գտնում են, որ 2013-ից հետո մեր ընտրություններն աշխարհում ամենաարդարն են եղել, հետևաբար, ըստ նրանց տրամաբանության, դա չի կարող ազդել մեր երկրի գրավչության վրա»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` երկրորդ հանգամանքը դատական համակարգն է: «Սակայն այստեղ էլ իշխանական թևը պնդում է, որ մեր դատական համակարգը օր օրի բարելավվում է: Եթե բարելավվում է, ապա ներդրողների վերաբերմունքն էլ ավելի պետք է լավանար»,- ասաց նա:
Երրորդ հանգամանքը, ըստ Սարգսյանի, օրենսդրական դաշտն է: «Այս 6 ամսվա իմ օրենսդրական գործունեության ընթացքում ես կարող եմ ասել, որ այս համակարգը բարելավվում է: Ինչի արդյունքն է, որ ես այսօր, որպես ընդդիմադիր, այստեղից ելույթ եմ ունենում: Այսինքն` այստեղ էլ բարելավումներ կան»,- ասաց նա, ապա կրկին հարց բարձացրեց` ո՞րն է պատճառը, որ մեր երկրում ներդրումներ չկան, որ մեր երկրի գրավչությունը նվազել է:
«Պատճառը մեկն է` ԵՏՄ-ն, և ԵՏՄ հիմնական գործող սուբյեկտ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են, որոնք շարունակվելու են»,- ասաց պատգամավորը:
Սարգսյանը վստահ է, որ 1-2 տարի հետո մենք այդ միությունից դուրս ենք գալու, կամ այդ միությունն ընդհանրապես չի լինելու: «Էլի Հանրապետականը գնալու է թուղթ ստորագրի ու ասելու է` տեսեք, մենք քայլ առաջ արեցինք, բայց էդ երկու տարին կորցրած ենք լինելու, ինչպես այս 4 տարին է կորսված»,- հայտարարեց նա:
Սարգսյանը նշեց ԵՏՄ-ից դուրս գալու չորրորդ հանգամանքը`քաղաքականը: «Նայեք ԵՏՄ-ում գործող ավանդույթներին` Նազարբաև` ցմահ նախագահ է ու շարունալելու է նախագահ մնալ, Լուկաշենկո` ցմահ նախագահ է և օրենք է ընդունել, որ ցմահ նախագահ կմնա: ՌԴ-ում փաստացի այդպես է, և այսօր ես տենդենց եմ տեսնում, որ մեր երկրում էլ կդառնա այդպես»,- եզրափակեց նա: