կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-18 18:04
Իրավական

Առողջապահության նախկին նախարարը չի կատարել դատարանի պահանջն ու նախարարի հրամանը

Առողջապահության նախկին նախարարը չի կատարել դատարանի պահանջն ու նախարարի հրամանը

Շուրջ կես տարվա ընդմիջումից հետո այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:

 

Հիշեցնենք, որ զինվորը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, և ըստ փորձաքննության` նրա մահվան պատճառը ջրծաղիկ հիվանդությունն է:

 

Դեռևս նախորդ տարի ամբաստանյալներ ` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը, հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը և նրանց պաշտպանները միջնորդել էին համաներման ակտով կարճել գործը, սակայն դատավորը մերժել էր նրանց միջնորդությունը և վերսկսել գործի դատաքննությունը: Իսկ այս տարվա մարտին դատարանի որոշմամբ նշանակվել էր կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որի անցկացումը հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված միջգերատեսչական հանձնաժողովին: Փորձաքննության եզրակացությունը դատարանը ստացել էր միայն այս տարվա սեպտեմբերի 3-ին:

 

Այսօր դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դատավարության մասնակիցներին պարզաբանեց փորձաքննության եզրակացության տրամադրման ուշացման պատճառները: Դատավորի խոսքով` իրենք մարտին փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշումն ուղարկել են առողջապահության նախարարություն, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ հանձնաժողովի նախագահ չի նշանակվել, ինչի վերաբերյալ դատարանը նամակ է հղել նախարարությանը:

 

«Հանձնաժողովի նախագահի նշանակումից հետո դատարանը գործի 10 հատոր նյութերը հանձնեց նրան, սակայն գործի նյութերի ծանոթացման գործընթացը համընկավ բուհերում տարեվերջյան քննությունների, իսկ հետո` նաև ամառային արձակուրդների հետ, և քանի որ հանձնաժողովի անդամների մեծ մասը դասախոսներ են, գործընթացը ձգձգվեց»,- ասաց դատավորը, ապա հավելեց, որ ամռանն իրենց է ուղարկվել հանձնաժողովի ներկայացրած ակտի ֆոտոպատճենը, որը եղել է կիսատ ստորագրված, իսկ նամակում էլ հայտնել են, որ հանձնաժողովի անդամների մի մասն արձակուրդում է և Հայաստանից դուրս է:

 

«Բնական է, ես դա չէի կարող ընդունել: Հետո գրություն ուղարկեցի առողջապահության նախարարին` պահանջելով,  որպեսզի  ակտը լիարժեք ստորագրվի հանձնաժողովի անդամների կողմից, և ուղարկվի բնօրինակը: Վերջիվերջո, սեպտեմբերի 3-ին առողջապահության նախարարի գրությամբ դատարանին է տրամադրվել հանձնաժողովի` 18 էջանոց եզրակացությունը»,- ասաց Գրիգորյանը:

 

Նա նաև հայտնեց, որ առողջապահության նախարարի հրամանով հանձնաժողովի կազմում ընդգրկված մասնագետ` առողջապահության նախկին նախարար Միհրան Նազարեթյանը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին` չկատարելով ո’չ դատարանի պահանջը, ո’չ էլ առողջապահության նախարարի հրամանը:

 

Դատավորը հայտնեց, որ իր կողմից նամակ է ուղարկվել առողջապահության նախարարին, որում խնդրել է  պարզաբանել, թե ինչու պահանջը չի կատարել, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:

 

Այսօր դատարանը եզրակացության պատճենները տրամադրեց կողմերին, որոնք, սակայն, միջնորդեցին դատարանին` ժամանակ տրամադրել փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու համար: Դատավորը նաև նշեց, որ հնարավոր է անհրաժեշտություն առաջանա` որոշ փորձագետների դատարան հրավիրելու:

 

Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց հոկտեմբերի 1-ին: