կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 14:22
Առանց Կատեգորիա

Ծառուկյանը` նախագահի թեկնածու, կամ ինչ էր ակնարկում ԲՀԿ նախագահը

Ծառուկյանը` նախագահի թեկնածու, կամ ինչ էր ակնարկում ԲՀԿ նախագահը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հրապարակված հարցազրույցում արեց քաղաքական ենթատեքստ ունեցող անակնկալ մի քանի դիտարկումներ: Դրանց մի մասն ուղղված է քառյակի ձևաչափի և միասնականության պահպանմանը, մյուս մասը, ըստ էության, գալիք ընտրություններով պայմանավորված, նոր վերադասավորումներ նախաձեռնելու ցանկությանը:

 

Առաջին ուղերձը վերաբերում էր նրան, որ ոչ միայն տիրապետում է երկրում առկա իրավիճակին, հասկանում է երկրում առկա հիմնահարցերի ծանրությունը, դրանց պատճառահետևանքային կապերը, այլև ունի դրանք հաղթահարելու ցանկություն, կամք և ամենակարևորը` ծրագիր:

 

«Ես շատ լավ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսությունը, ես շատ լավ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եվ վերջապես` ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել...»,- ասել է Ծառուկյանը: Սա ավելի շատ հիշեցնում է նախընտրական ժամանակավրեպ ելույթ մի մարդու կողմից, ով առնվազն ուզում է մասնակցել նախագահական ընտրություններին:

 

Ընդամենը երեք օր առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն կարող է առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածուն առաջադրել: Գագիկ Ծառուկյանի այս շեշտադումներից հետո պարզ է դառնում, թե ինչ նկատի ուներ Զոհրաբյանը: Այս յուրօրինակ պարզաբանման ամենաինտրիգային պահն այն է, որ, փաստորեն, դրանով Ծառուկյանը փորձում է ցույց տալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից իր և կուսակցության ունեցած «հեռավորությունը» և այն հանգամանքը, որ կուսակցությունն իր առջև ոչ թե Քոչարյանին վերադարձնելու խնդիր է դրել, այլ իշխանությունը վերցնելու:

 

Ծառուկյանը փորձում է տեղավորվել անկախ խաղացողի իմիջում և քաղաքական ուժերին կանգնեցնում երկընտրանքի առջև` կա'մ սկսել քննարկումները` հանձինս իրեն` միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորության շուրջ և այդ ուղղությամբ կոնսոլիդացիոն պրոցես սկսել, կա'մ թույլ տալ իշխանություններին իրականացնել վերարտադրման իրենց նախագիծը: Այս իմաստով պատահական չէ նաև լայն քննարկումների նոր փուլ սկսելու մտադրության մասին նրա հայտարարությունը:

 

«Մոտակա ժամանակներում ես պլանավորում եմ քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ` քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: ...Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս հանդիպումները շատ կարևոր են` մոտեցումների հստակեցման և առաջիկա անելիքների քննարկման համար»,- ասել է Ծառուկյանը:

 

Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Ծառուկյանը ևս միասնական թեկնածուի հարց առաջադրեց: Բայց դա արեց այնպիսի ուշացումով, որ գործնականում հնարավոր չէր հասնել քաղաքական ուժերի կոնսենսուսի: Հիմա, փաստորեն, ԲՀԿ առաջնորդը փորձում է ուղղել իր սխալը:

 

Երկրորդ ուղերձով Ծառուկյանը բացահայտորեն ասում է, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի իշխանությունը ճանաչել բացառապես մինչև վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտը: «Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու»,- ասում է ԲՀԿ ղեկավարը: Հայտարարությունն ունի կանխարգելիչ նշանակություն: Նա ակնարկում է, որ ԲՀԿ-ն այս հարցում այլևս առևտրի մեջ չի մտնելու: «Ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առևտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում: Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները»,- կարծես զգուշացնում է Ծառուկյանը` փորձելով մյուս կողմից փարատել իր պոտենցիալ գործընկերների կասկածները` հետագա համագործակցության որևէ փուլում նմանատիպ առևտրի մեջ մտնելով` նրանց թիկունից հարվածելու հետ կապված:

 

ԲՀԿ ղեկավարի այս մոտեցումը բխում է Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ի սկզբանե դրսևորված վերաբերմունքից, սակայն մի կարևոր և նուրբ վերապահմամբ: Մինչ այս նրա ղեկավարած կուսակցությունը պնդում էր, թե փոփոխությունների միակ նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրության իրավական հիմքերի ստեղծումն է: Հիմա Ծառուկյանն ասում է, որ պետք է սպասել մինչև իշխանության կողմից Սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումը և միայն դրա հիման վրա եզրակացնել` ինչ խնդիր է լուծվում փոփոխությունների այս նախաձեռնությամբ:

 

Սա հայտարարություն է ոչ միայն սահմանադրական փոփոխությունների պրոցեսում ներգրավվելու կամ, ավելի ճիշտ, դրանից հեռու չմնալու մասին, այլև կառավարման համակարգի փոփոխությունը սկզբունքորեն չմերժելու, եթե նախագծում չտեսնեն դրա նախադրյալները: Ահա, թե ինչպես է այս մոտեցումը ձևակերպում Ծառուկյանը. «Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» նույնպես կքննարկի` դահլիճներում և հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին: Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների` մարզերում, Երևանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»:

 

Սա հող է նախատեսում քառյակի ձևաչափն այս հարցում պահպանելու համար, քանի որ յուրօրինակ կապող օղակի դեր է կատարում խորհրդարանական համակարգին անցնելու և գործող կիսանախագահականը պահպանելու` քառյակում առկա հակադրվող տեսակետների միջև: Եվ այս տեսանկյունից Ծառուկյանը, փաստորեն, խոսում է հենց փոփոխությունների նախաձեռնության համատեքստում իշխանության վերատադրության հնարավորությունները բացառելուն ուղղված մեխանիզմներ գտնելու համար ընդդիմադիր մյուս ուժերի հետ համագործակցության հնարավորության մասին:

 

Գևորգ Աղաբաբյան