Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը խորհրդարանում ընդունելուց առաջ ԱԺ գլխավոր ամբիոնից ելույթ ունեցավ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Ուրախ եմ, որ հարցը բովանդակային ձևով է քննարկվում, բայց ցանկանում եմ մի քանի հայտարարություններին անդրադառնալ, որից հետո կցանկանամ լսել նաև նիստին ներկա Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը: Ըստ նրա` հարցի առնչությամբ ես անձնական շահեր եմ հետապնդում: Այդ հարցում ինձ թվում է, որ ձեզ պարզապես սխալ ինֆորմացիա են տվել»,- դիմելով Ծառուկյանին` ասաց հանձնաժողովի նախագահը:
Թունյանն արձագանքեց նաև Գագիկ Ծառուկյանի այն հարցրադրմանը, թե ինչո՞ւ է ԱԺ համապատասխան հանձնաժողովը կառավարության որոշումը փոխել և միայն ցեմենտի ներկրման տուրքը թողել: «Հանձնաժողովը նրա համար է, որ, ըստ անհրաժեշտության, փոփոխություններ անի օրենսդրական փաթեթում ու նույնիսկ բացասական եզրակացություն տա: Բոլորն էլ ընդունում են, որ ցեմենտի շուկայում խնդիր կա, բայց այլ հարց է՝ այս տարբերակով խնդիրը լուծվո՞ւմ են, թե՞ կողքից այլ խնդիրներ են առաջացնում։ Ես համաձայն եմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն դիտարկմանը, որ որոշումները պետք է ընդունվեն՝ պետության շահերից ելնելով, բայց նաև արագ որոշումներն են միշտ վնաս տալիս։ Դրա համար ասել ենք՝ բերեք մեկ տարով պետտուրք սահմանենք, ոչ թե ռեալ փոփոխություն անենք, հնարավորություն տանք, որ քննարկենք ու արմատապես խնդիրը լուծենք»,- ասաց Թունյանը:
Պատգամավորը հայտարարեց նաև, որ ընդդիմադիր գործընկերների հետ ջենտլմենական պայմանավորվածություն են ձեռք բերել, որ նորմալ հարաբերությունների մեջ լինեն: «Այս հարցով դուք հայտարարել եք, թե հանձնաժողովը հակապետական որոշում է կայացրել: Լավ, ընդունենք՝ դա քաղաքական հայտարարություն է, բայց նաև ասում եք, որ հանձնաժողովում «պլինտուսից» ցածր մակարդակի, կիսագրագետ, ցածր գիտելիքներով մարդիկ են հավաքված: Առաջարկում եմ` կա՛մ հայտարարեք, որ պահի տակ եք այդպիսի բան ասել, կա՛մ էլ առաջարկում ենք IQ թեստ անցկացնել և բոլոր պատգամավորների մակարդակը ստուգել»,- ասաց Թունյանը: