կարևոր
3526 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-07 10:55
Քաղաքական

Ու՞մ է ակնարկում Արցախի նախագահը` Ադրբեջանի հետ համագործակցություն տեսնողների՞ն, թե՞ ներսում ինչ-որ ուժ է ձևավորվում կամ դիրքավորվում. Աբրահամյան

Ու՞մ է ակնարկում Արցախի նախագահը` Ադրբեջանի հետ համագործակցություն տեսնողների՞ն, թե՞ ներսում ինչ-որ ուժ է ձևավորվում կամ դիրքավորվում. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արցախի նախագահն անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած պահանջին` Արցախն ադրբեջանական ինտեգրացիայի ճանապարհով տանելու, այսինքն` Ադրբեջանի կազմում ընդգրկելու վերաբերյալ, նշել է, որ դա Արցախի համար ընդունելի չէ:

Սակայն տարօրինակն այն է, որ Հարությունյանը հավելում է, թե «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:

Ինչու՞ է Հարությունյանը ակնարկում, որ Արցախի ներսում փաստացի պարտվողականություն կրող խմբեր կան ու ինչու՞ է նրանց քարոզչությունն անում կամ դաշտ բացում նման քննարկումների համար:

Ու՞մ է ակնարկում Արցախի նախագահը` Ադրբեջանի հետ համագործակցություն տեսնողների՞ն, թե՞ ներսում ինչ-որ ուժ է ձևավորվում կամ դիրքավորվում, որը Ադրբեջանի հետ համատեղ` մեկ դրոշի ներքո, կյանք է պատկերացնում:

Անունը կդնեն տնտեսական համագործակցություն, թե մեկ այլ փաթեթավորմամբ կներկայացնեն, կարևոր չէ` վերջնանպատակն Արցախի կլանումն ու ոչնչացումն է լինելու:

Ես հասկանում եմ, որ Արցախում ծանրագույն շրջան է, սակայն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած քննարկում դավաճանություն է:

Սա ոչ միայն ասում եմ նրա համար, որ Արցախում մարդիկ դեռ 3 տասնամյակ առաջ են ընտրել ինքնորոշման ճանապարհը ու դրա համար դաժան կռիվ տվել, այլ նրա, որ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակում լինել նշանակում է էթնիկ զտումներ, ցեղասպանության անմիջական վտանգ ու Արցախի վերջնական կորուստ:

Արցախի փրկության մեկ բարդագույն ճանապարհ կա` շարժվել ինքնորոշման իրավունքի իրացումը ենթադրող քաղաքական գծով` դրանից բխող միջոցառումների ու գործողությունների պլանով, մյուս բոլոր տարբերակները Արցախի անկմանը, հայաթափմանն ու ֆիզիկական ոչնչացման են տանելու»: