Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա նախ հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանն ասել է, թե համաձայն է այն հանրապետականների հետ, ովքեր պնդում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Ապա նշեց, որ երեք ենթահարց է ծագում սրանից:
«Բոլորս, նաև Սերժ Սարգսյանը մարդ ենք: ԱԺ-ում, 5 րոպե առաջվա տվյալներով, դեռ շրջանառված չէր Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին օրենքի նախագիծը: Աստված բոլորին երկար կյանք տա, եթե անփոխարինելի մարդուն մի բան պատահի, Դուք նկատի ունեք, որ ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»,- հարցրեց պատգամավորը:
Փաշինյանի հաջորդ հարցը հետևյալն էր. «Եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս էիք ակնարկում, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում պատրաստ եք փոխարինել նրան: Արդյո՞ք սա Ձեր կողմից դավադրություն է ազնիվ մեր ցեղի` հայ ժողովրդի նկատմամբ»: Հետո ասաց. «Հիշեցնեմ ձեզ մեկ հայտնի պատմություն, երբ հարևան երկրի հայտնի ղեկավարը, ցույց տալով Բրեժնևին, ասում էր. «Кто сказал, что Ильич умер, вот он стоит перед вами»:
Վարչապետը նախ ասաց. «Հիմա երեք մասից բաղկացած հարցը ձևակերպեք, որ պատասխանեմ»: «Ինչ-որ ասել եմ, ընթերցեցիք, ասածիս հետ նույն կարծիքի եմ: Ինչ վերաբերում է հաջորդ առաջին դեմքին, այդ մասին ևս պատասխանել եմ այդ հարցազրույցի ժամանակ, որ դա ՀՀԿ-ն կորոշի: Բրեժնևի վերաբերյալ չգիտեմ` ինչ պատասխանել»,- շարունակեց նա:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Ես տենց էլ գիտեի, որ հատկապես Բրեժնևի հետ կապված չեք իմանա ինչ պատասխանել, պարո'ն վարչապետ»: Ըստ նրա` իր հարցը շատ պարզ է: «Ո՞նց է ՀՀԿ-ում այդ պրոցեդուրան տեղի ունենալու: Եթե, օրինակ, Շարմազանովն առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, թե՞ պնդելու եք, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, և վերադառնալու եք այն ֆրազային, որին չկարողացաք պատասխանել»,- ասաց Փաշինյանը:
Նրա այս ձևակերպումն առաջացրեց Կարապետյանի ծիծաղը: «Պարո'ն Փաշինյան, Դուք պատասխանեցիք ձեր հարցին: Շատ պարզ հայեցակարգ է, լինելու է հետևյալ տրամաբանությունը` ՀՀԿ-ն, ունենալով այն քվեն, առաջարկելու է թեկնածուին: Ես կառաջարկեմ իմ թեկնածությունը, թե` ոչ, թույլ տվեք իմ մեջ մնա: Ինչպե՞ս է կատարվում ամեն բան ՀՀԿ-ում. յուրաքանչյուրն իր կարծիքն հայտնում է: Մենք բոլորս գնահատում ենք նրա փորձը և դերակատարումը: Ո՞ր հարցին չեմ պատասխանել, չեմ զգում»,- ասաց նա: