Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը մի առաջարկություն արեց, որը, կարծես, համարժեք արձագանք չգտավ, անտեսվեց կամ մնաց եկեղեցապատկան կալվածքները Թուրքիայից պահանջելու դատական գործ բացելու` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հայտարարության ստվերում: «Առաջարկում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի առաջարկության էությունն այն է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշումից հետո այդ հանձնաժողովի գործունեությունը չդադարեցվի, այլ շարունակի գործել նոր` համահայկական ընդհանուր օրակարգ մշակելու, ինչ-որ իմաստով նաև գործադրելու առաքելությամբ: Շեշտը դրվում է այդ հանձնաժողովի վրա, քանի որ, կարծես, դրա ձևավորման համար գտնվել է բոլոր կողմերի` թե' Հայաստանի, թե', հատկապես, Սփյուռքի բազմաթիվ հասարակական-քաղաքական, մշակութային, հոգևոր-եկեղեցական շրջանակների համար համընդունելի ինչ-որ աշխատող, արդյունավետությունն ապացուցած ձևաչափ:
Մի կողմից` սա յուրօրինակ ինքնախոստովանություն է առ այն, որ Սփյուռքի հետ հարաբերությունների կառավարման համար ստեղծված պետական մարմինը` Սփյուռքի նախարարությունը, այնքան էլ չի լուծում իր առջև դրված խնդիրները: Եթե այն գործեր լիարժեք և բավարարեր նաև Սփուռքի բոլոր շրջանակների պահանջները, ավելորդ մարմիններ ստեղծելու անհրաժեշտություն չէր առաջանա: Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ համահայկական նման մարմին ստեղծելու անհրաժեշտությունն օրախնդիր է, պահանջարկված թե' Սփյուռքում, թե' Հայաստանում, որի ձևաչափի, գործառույթների, ձևավորման և գործունեության մեխանիզմների մշակման խնդիրը երբևէ չի դադարել առաջնահերթություն լինելուց` սկսած 1920-ականներից: Այսօր այն առավել քան ակտուալ է` հաշվի առնելով պետականության վերականգնումից հետո ի հայտ եկած նոր մարտահրավերները` Սփյուռքի ինքնապահպանության կռվանների վերաիմաստավորման, հայոց պահանջատիրության հարցում ընդհանրական մոտեցումներ որդեգրելու, ԼՂ հիմնահարցի շրջանակում ընդհանուր տեղեկատվաքարոզչական ճակատ ձևավորելու, Սփյուռքին Հայաստանի և Հայաստանին Սփյուռքի հայկական համայնքների ներքին կյանքին մասնակից դարձնելու, մերձավորարևելյան երկրներում հայկական խոշոր համայնքների գոյությանը սպառնացող վտանգներին դիմակայելու, լեզվական հարցերի ճշգրտման և այլ հիմնախնդիրների հետ կապված: Եվ չնայած ժամանակի ընթացքում ցուցաբերված բազմաթիվ նմանատիպ նախաձեռնություններին, ինչպես, օրինակ, Հայ օգնության ֆոնդը, Համահայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայերի համաշխարհային կոնգրեսը, Համահայկական հիմնադրամը և այլն, այդպես էլ հնարավոր չեղավ ստեղծել բոլոր կողմերի հետաքրքրությունների, պատկերացումների սինթեզի վրա կառուցված նման մարմին: Այդ կազմակերպությունները կա'մ ոլորտային որոշակի թեքում ունեին` առանց հավակնելու համահայկական քաղաքական ընդգրկում ունենալու, կա'մ մասնավոր նախաձեռնություններ էին, որոնց ետևից ակնհայտորեն երևում էին մասնավոր անձանց շահերը, ամբիցիաները:
Այս իմաստով Սերժ Սարգսյանի առաջարկը այժմեական է, ինչ-որ առումով` ուշացած: Բայց նկատելի է դրա ընդհանրականությունն ու անորոշությունը, որովհետև, այդ գաղափարն առաջադրելով հանդերձ, նա այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ խնդիր լուծելու համար է անհրաժեշտ հանձնաժողովի «վերապրոֆիլավորումը», որոնք են այն հիմնական, համահայկական բնույթ կրող խնդիրները, որոնց շրջանակում Հայաստանի և Սփյուռքի բախվող կամ հակադրվող տեսակետները մերձեցնելու, որոշակի ընդհանուր բանաձևեր կամ գոնե շրջաբերականներ մշակելու անհրաժեշտություն կա: Մինչդեռ, լինելով հիմնական և անվիճարկելի արժեքի` պետականության կրողն ու ներկայացուցիչը, այդ օրակարգը պետք է առանց երկմտանքի առաջ քաշի հենց Հայաստանը` ի մասնավորի պետական իշխանությունը: Այս տեսակետից Սերժ Սարգսյանի առաջարկությունն իրականում կարելի է ընդամենը կեսքայլ համարել:
Բայց ամենահետաքրքրականն այստեղ այն է, որ, անելով այդ առաջարկությունը, Սերժ Սարգսյանը կարծես փորձում է օրակարգից հանել նույն խնդրի լուծմանը միտված` դեռ 2011թ. իր իսկ կողմից շրջանառության մեջ դրված մեկ այլ նախագիծ, որը ենթադրում էր Հայաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխությունների միջոցով դարձնել երկպալատ, որի վերին պալատը` սենատը, պետք է ձևավորվեր նաև Սփյուռքի ներկայացուցիչներից: Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այդ տարի` կոնկրետ հունվարի 30-ին, կայացած հանդիպման ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր հայտարարել, թե նախագահը մտածում է այդ նպատակով սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին: Դրանից առաջ այդ գաղափարը զարգացրել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Մասնավորապես` 2010թ. դեկտեմբերին ՀՅԴ-ի 120-ամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում ՀՅԴ Բյուրոյի ներկայայցուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր. «Ընդլայնենք Ազգային ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք այն համահայկական, որտեղ նաեւ ներկայացուցիչներ լինեն արտերկրից: Ճիշտ կլինի, որ այն ընտրվի համամասնական ցուցակով` շրջանային կամ համասփյուռքյան մակարդակով, թող նրանք մասնակից լինեն Ազգային ժողովի բոլոր քննարկումներին, սակայն նրանց վերապահենք համահայկական օրակարգերով վճռական ձայնի իրավունք»:
Սերժ Սարգսյանը սկսել է սահմանադրական փոփոխությունները, սակայն երկպալատ խորհրդարանի գաղափարն այնտեղ անտեսվել է: Համենայն դեպս, հրապարակված հայեցակարգում այն ուղղակի չկա, իսկ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներից որևէ մեկն այդ մասին բառ անգամ չի արտաբերել, թեեւ սահմանադրական փոփոխությունների առանցքը պառլամենտական կառավարման համակարգին անցնելն է: Հենց այս տեսանկյունից նախագահի ներկայիս առաջարկությունը, որը տրամագծորեն հակադրվում է 2011թ. նրա մոտեցումներին, նոր քննարկումների դաշտ է ստեղծում: Այլ հարց է, որ թե' իշխանական և թե' ոչ իշխանական քաղաքական ուժերից շատերը համահայկական օրակարգերի առաջադրման և լուծման մեխանիզմներ գտնելու, «մանր-մունր» խնդիրների վրա կենտրոնանալու ժամանակ չունեն: Իշխանությունը վերցնելու կամ վերանվաճելու մոլուցքն ամեն ինչ դարձրել է երրորդական-չորրորդական:
Գևորգ Դարբինյան