Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ նախագահի կողմից ներկայացված` ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը վավերացնելու մասին հարցը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` դժգոհելով, որ վարկային համաձայնագրի վերաբերյալ յուրաքանչյուր հարցին տրվում է ստանդարտ պատասխան, այնինչ` հարկավոր է խորքային և մանրամասն ներկայացնել վարկային համաձայնագիրը:
«Ներողություն, բայց երբ Ձեզ միջնորդագիր են ուղարկում` հայրը, մայրը մահացած, միայնակ ապրող գրեթե կույր ուսանողին առաջին անհրաժեշտության դեղ տրամադրելու խնդրանքով, պատասխանում եք, թե միջոցներ չկան, իսկ մոնիթորինգի համար ահռելի միջոցներ են հատկացվում: Դժվար է այստեղ որևէ տրամաբանություն գտնել: Բացատրեք մոնիթորինգի սուր անրաժեշտությունը և դրան տրամադրվող դրամական միջոցները»,- ասաց պատգամավոր` հավելելով, որ ինքը պատրաստ է մոնիթորինգին անվճար մասնակցել, միայն թե դրան տրամադրվող միջոցներն ուղղվեն սայլակի կամ առաջին անհրաժեշտության դեղորայքի կարիք ունեցող մարդկանց:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ վարկային համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովի նիստում մանրամասն ներկայացվել և քննարկվել է մոտ մեկ ժամ: Ինչ վերաբերում է մոնիթորինգի անհրաժեշտությանը, նախարարը նշեց, որ դա շատ կարևոր աշխատանք է, և եթե պատգամավորը ցանկություն ունի մասնակցելու այդ աշխատանքներին, ապա ինքը մեծ ուրախությամբ կընդունի այդ առաջարկը:
Տիգրան Ուրիխանյանը կրկին հարցրեց. «Մի՞թե սոցիալական հարցերի նախարարությունում չկա՞ն մասնագետներ, որոնք կիրականացնեն այդ մոնիթորինգը, և անհրաժեշտ է այլ փորձագետների հանձնարարել, և վարկերի մի ահռելի մասը ծախսել այդ փորձագետների վրա: Մի քանի վարչություն կրճատեք, փակեք: Ես վերահաստատում եմ իմ և իմ կուսակիցների պատրաստակամությունը` այդ աշխատանքներում ներգրավվելու, եթե դրա դիմաց ծայրահեղ անհրաժեշտության օժանդակություն ստանան մի քանի քաղաքացիներ»:
Նախարարը նշեց, որ սոցիալական հարցերի նախարարությունն ունի աշխատակիցներ, բայց նրանց թիվը քիչ է, իսկ մոնիթորինգի աշխատանքները, ծավալային առումով, շատ են: