|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ-ում ավարտվեց քառյակի հանդիպումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քննարկման արդյունքները` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը, արձանագրվել է, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը:
«Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին, մնացած ուժերը դեմ են այս կամ այն պատճառով: Այս դեպքում պետք է առաջնորդվենք այն գաղափարով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր տեսակետը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Քննարկվել է կուտակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու հարցը: Արմեն Ռուստամյանի խոսքով` թեև ՀԱԿ-ն ու«Ժառանգությունը» որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից, այնուամենայնիվ, պատրաստ են միանալ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը:
Քննարկվել է «սահմանապահ գյուղ» հասկացությանը օրենսդրական ամրագրում տալու մասին նախաձեռնությունը, և քառյակը քայլեր կձեռնարկի` այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
Մյուսը «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն է: «Մենք ժամանակին խնդիր ունեինք: Մենք մեկ անգամ էլ այս հարցը բարձրացրեցինք, մեզանից ժամանակ խնդրեցին, սակայն հիմա կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ մենք կրկին անդրադառնանք այդ հարցին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Քննարկվել են նաև տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, որոնց դեպքում համընկնում են չորս ուժերի դիրքորոշումները` համատեղ գործելու, այդ նախաձեռնությունները միասնական ուժերով պաշտպանելու և առաջ տանելու հարցում:
Ավելի վաղ նշվել էր, որ քառյակը քննարկել է արտագաղթի նվազեցման վերաբերյալ լսումներ առաջարկելու մասին հարցը: «Մենք համաձայնեցրել ենք նամակի տեսքը, որով դիմելու ենք Գալուստ Սահակյանին, որպեսզի նա իր լիազորություններով հրավիրի խորհրդարանական լսումներ արտագաղթի և դրա պատճառների վերաբերյալ»,- նշեց պատգամավորը:
Վերջապես, քննարկվել է նաև առաջիկայում հանրահավաքի անցկացման հարցը, հանրահավաքի ժամկետների մասին տարբեր կարծիքներ կան, առաջիկայում ժամկետը կհստակեցվի: