Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Դաշնակցություն խմբակցությունում հանդիպել էին ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները։
Լրագրողների հարցին` խոսվե՞լ է, արդյոք, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է, բայց առայժմ միասնական դիրքորոշում, այդ հարցի հետ կապված, չկա, խնդիր կա` հանգելու միասնական եզրակացության:
Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցությունը հրապարակային արտահայտել է իր տեսակետները սահմանադրական բարեփոխումների մասին որ ընդունելի կլինեն այն սահմանադրական փոփոխությունները, որոնք կունենան հստակ խորությամբ փոփոխությունների տրամաբանություն և կառավարման համակարգը կփոխեն դեպի խորհրդարանական համակարգ, սակայն՝ Դաշնակցության պատկերացրած փոփոխություններով։ Պատգամավորի խոսքով` եթե այդ սահմանադրական փոփոխությունները չլինեն Դաշնակցության պատկերացրած սկզբունքներով, ապա սահմանադրական բարեփոխումները կդառնան ինքնանպատակ։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ, ՀՅԴ-ից բացի, մյուս երեք քաղաքական ուժերը դեմ են սահմանադրական բարեփոխումներին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ երեք քաղաքական ուժերը իրականում դեմ են արտահայտվել չեղած նախագծին, որովհետև նախագիծ դեռևս գոյություն չունի, հայեցակարգ ասվածն էլ երկիմաստ է` այնտեղ խոսք չի գնում կոնկրետ կառավարման համակարգի մասին, և ակնարկ կա երկու համակարգի մասին։
«Կոնկրետ հայեցակարգը կներկայացվի, որքան մեզ հայտնի է, հոկտեմբերին, ահա, թե ինչու մեզ համար անհասկանալի է դեմ լինելը գոյություն չունեցող հայեցակարգին, որովհետև կարելի է դեմ լինել մի բանի, որը չի համապատասխանում քո մոտեցումներին։ Բայց եթե համապատասխանում է՝ դեմ լինելը անհասկանալի է»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Հարցին՝ Դաշնակցությունը չի՞ կիսում քառյակի երեք քաղաքական ուժերի այն դիրքորոշումը, որ այս պահին առաջնահերթություն չէ սահմանադրական փոփոխությունների հարցը, նա պատասխանեց, որ բացարձակապես չի կիսում այդ կարծիքը, որովհետև Դաշնակցությունը կողմ է ամբողջական իշխանափոխության, իսկ ամբողջական իշխանափոխությունը ենթադրում է ոչ միայն վարչակազմի, այլ նաև համակարգի փոփոխություն։ Եվ ավելի արդյունավետ է իշխանափոխությունն իրականացնել համակարգի փոփոխությունից հետո, քան դա անել ընտրություններից հետո, որից հետո հայտնի չէ` ընտրվողը կհրաժարվի՞ նախագահի աթոռից, թե՞ ոչ։ Եվ դա չպետք է աթոռակռվի տեսք ստանա։
«Այլ բան է, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը չհամապատասխաներ մոտեցումներին, բայց եթե մոտեցումներին համապատասխանում է, անհասկանալի է`բովանդակությանը ծանոթ չլինելով դրան դեմ լինելը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Հարցին` հնարավոր՞ է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարակարծությունները պառակտեն քառյակը, պատգամավորը պատասխանեց․ «Նոր բան տեղի չի ունենում։ Մենք ասել ենք, որ քառյակը քառյակ է այնքանով, որ չորս ուժերը համաձայնում են ինչ-որ բան անել, մնացած դեպքերում ամեն մեկն ունի իր մոտեցումը։ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված` մենք անկախությունից ի վեր հայտարարել ենք և մեր գիծը բռնած տանում ենք։ Իմաստը ո՞րն է, որ ասվի՝ մեր պահանջը բավարարում եք, բայց հիմա մի բավարարեք, այլ երեք տարի հետո բավարարեք։ Եթե հիմա համակարգը չփոխվի, դեռ 10 տարի չենք կարողանալու համակարգ փոխել, որովհետև, անկախ անձից, աթոռի գայթակղությունը դա թույլ չի տա»։
Արմեն Ռուստամյանը հավելեց․ «Անընդունելի և անհասկանալ են քաղաքական այն դեմքերի հայտարարությունները, որոնք դավաճան են համարում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին` դրանով պառակտում մտցնելով: Այ, դրա մասին պետք է մտածել։ Թշնամանքն ու թույնը ո՞ւմ են պետք»։