Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Սելինա Դողանն անդրադարձել է Բունդեսթագի կայացրած որոշմանը՝ դեմ արտահայտվելով Հայոց ցեղասպանության հարցում սեփական կուսակցության կարծիքին:
Ըստ Ensonhaber-ի՝ Դողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հրաժարվի գլուխը հողի մեջ թաղելուց: Ըստ նրա` «նման ոճիրներն արդեն իսկ մարդկության դեմ իրագործված հանցագործություն են»:
Դողանը պատմել է նաև, որ Ցեղասպանության պատճառով իր ծնողների ընտանիքներում զոհեր են եղել, և դրա բացատրությունը պետք է լինի:
Նրա խոսքով՝ այս հարցը քննարկելու համար մեջլիսում պետք է հանձնաժողով ստեղծվի, սակայն, ցավոք, դրա համար պատշաճ հիմք չկա: «Քանի որ ներկա պահին չկա ո'չ մեծամասնությանը ներկայացնող խորհրդարանական համակարգ, ո'չ խոսքի ազատություն, ո'չ էլ միմյանց նկատմամբ հանդուրժողականություն»,- նշել է պատգամավորը:
Նա անդրադարձել է նաև Գերմանիայում Թուրքիայի դեսպանին հետ կանչելու՝ ԱԳՆ-ի որոշմանը: Նրա խոսքով՝ դեսպաններին հետ կանչելով կամ դատապարտելով` հարց չի լուծվում: «Գերմանիայում ընդունված այդ բանաձևի բովանդակությունը մյուսներից լրիվ տարբերվում է: Դրանում տեղ է գտել նաև այդ հարցում Գերմանիայի պատասխանատվության ընդունումը: Ֆաշիզմն այդքան ծանր ապրած երկիրն անցյալի հետ առերեսվելու սովորույթին համապատասխանող հայտարարություն է գրառել: Գերմանիայում լուրջ արխիվ կա: Իսկ Գերմանիայի՝ իր մեղսունակությունն այդ հարցում ճանաչելը այդ արխիվների ուսումնասիրության արդյունքն է»,-հայտարարել է Դողանը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգային շարժում» կուսակցությունները համատեղ հայտարարության տակ էին ստորագրել՝ դատապարտելով Գերմանիայի կայացրած որոշումը: