Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած առողջ քաղաքական կազմակերպության մեջ, ինչ զարգացումներ էլ, որ լինեն երկրում և կուսակցության գործունեության շուրջը, միշտ էլ կլինեն ու պետք է լինեն տարբեր կարծիքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Դաշնակցության ներսում տարակարծությունների և ղեկավար մարմնում փոփոխության անհրաժեշտության մասին խոսակցություններին:
«Ինչ վերաբերում է Բյուրոյի սերնդափոխությանը, ապա ես չեմ կարծում, որ այս Բյուրոն, որպես այդպիսին, երկար ժամանակ է, որ մնում է: Բյուրոյում կան մարդիկ, որ 2000 թվականից են, բայց կան նաև մարդիկ, որ 2015-ից են: Այսինքն՝ այնպես չէ, որ ոչ մի փոփոխություն չի եղել երբեք, միշտ էլ եղել է: Եվ հունվարի 15-ին կայանալիք Ընդհանուր ժողովը կարող է ինչ-որ փոփոխություններ բերել»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:
Հարցին՝ ՀՅԴ-ի ներսում կա՞ն հակասություններ Հրանտ Մարգարյանի` Բյուրոյի ղեկավարման հետ կապված, դաշնակցական գործիչը պատասխանեց. «2000 թվականից է Հրանտ Մարգարյանը, բայց Մերկելն ավելի երկար ժամանակից է, ուստի Մերկելի նկատմամբ էլ, բնականաբար, դժգոհություն կլինի: Կան կարծիքներ այս կամ այն անդամի մասին, բայց, ի վերջո, ժողովն իր մեծամասնությամբ որոշում կկայացնի: Ես վստահ եմ, որ Հրանտ Մարգարյանի ընտրության առաջին օրն էլ մարդիկ կային, որ համաձայն չէին, այսօր էլ կարող է նրանց թիվը 1-2-ով ավելացել է՝ հաշվի առնելով Ընդհանուր ժողովի ընդհանուր թիվը: Հարցը միայն անձերը չեն, այլ քաղաքականությունը, որ Ընդհանուր ժողովը պիտի մշակի կուսակցության ընդհանուր ռազմավարությունը, որի հիման վրա Հայաստանի կառույցը ՀՀ-ում իր քաղաքականությունը կճշտի, և մենք կունենանք այսօրվա պայմաններին և իրականությանը համապատասխան ծրագիր»:
Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ 1995-1998-ին Դաշնակցությունը չի եղել խորհրդարանում, բայց շարունակել է գործել, և այսօր էլ նույնն է լինելու: «Իր տեսակետները կհասցնի ժողովրդին, իշխանության դրական գործերի նկատմամբ դրական կեցվածք կդրսևորի, իսկ այն, ինչը Դաշնակցության համար մտահոգիչ է, այդ մտահոգությունները կարտահայտի: Դաշնակցությունը մնում է քաղաքական բեմի վրա, իսկ Ընդհանուր ժողովը, Հայաստանի դեպքում էլ` Հայաստանի Գերագույն ժողովը կորոշեն աշխատանքների ընդհանուր ուղղությունը»,- ասաց նա: