կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-22 19:27
Հասարակություն

Դիրքերում արևը չի այրում` սահմանապահ տղերքի հետ զով է

Դիրքերում արևը չի այրում` սահմանապահ տղերքի հետ զով է

Ստեփանակերտից դուրս ենք գալիս: Ճանապարհի երկու կողմում ծառեր են: Որոշ տարածություն անցնելուց հետո համայնապատկերը փոխվում է` շուրջբոլորն անապատ է հիշեցնում: Աղդամից-Մարտունի տանող մայրուղին է: Դարն ապրած ասֆալտի փոսերը հաշվելով` մեքենան հասնում է գրունտային ճանապարհին: Քամին պատուհաններից ներս է բերում ճանապարհի փոշին:

Հեռվում մի բլուր է երևում, գագաթին մենավոր ծառ կա, կողքին` խաչ, գեղեցիկ է: Մինչև հանում եմ ֆոտոխցիկս, որ նկարեմ, պատկերն անհետանում է: «Ոչինչ, հետդարձի ճանապարհին կնկարեմ»,- մտածում եմ: Վարորդից հետաքրքրվում եմ, ասում է` Չեիլ բլուրն է, իսկ խաչը, ի նշան մերոնց հաղթանակի, տեղադրել են գնդապետ Կարեն Առստամյանի զինվորները: Հենց նրա մոտ էլ շտապում ենք…

 

Առավոտյան ժամը 9-ն է: Իբր շուտ էինք դուրս եկել, որ մինչև շոգն ընկնելը հասնեինք զորամաս…

«Հիմա եթե էստեղ 35 աստիճանից ավելի է, դիրքերում հաստատ 40-45 կլինի, կեփվեք արևի տակ»,- նայելով ուսապարկի ու շտատիվի ծանրությունից ճկռած մեր խմբի փոքրամարմին անդամներին` ժպտալով ասաց 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Առստամյանը:

 

Հաղթահարելով ուսապարկիս ծանրությունը` մի պահ զգաստացա և ժպիտով պատասխանեցի, որ շոգից չենք նեղվում, բացի այդ…. Չհասցրեցի ավարտել միտքս և սկսեցի հազալ ու մատնել, որ ամբողջ ճանապարհին փոշի եմ կուլ տվել:

«Բախտներդ բերել է, դիվերսիան կանխած զինվորները զորամասում են, նրանց հետ հարցազրույց անելու համար ստիպված չեք լինի բարձրանալ դիրքեր: Համ էլ այսօր ուսումնական շրջանի բացմանը նվիրված միջոցառում կա, կմնաք, կնկարեք»,-  զգուշորեն փորձելով «տապալել» դիրքեր բարձրանալու մեր մտադրությունը` ասաց Առստամյանը, ով կարճ ժամանակ անց ստիպված եղավ հանդուրժել մեր «յազվայությունը»:

 

Նախ մի հով տեղ գտանք և սկսեցինք «հարցաքննել» զինվորներին: Հակառակորդի ներթափանցման փորձի մասին առաջինը պատմեց գյումրեցի զինծառայող Գառնիկ Դավթյանը: Մյուսներն ամաչում էին խոսել:

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` ժամը 22:00-ի սահմաններում: Մենք հերթապահությունն իրականացնում ենք աչալրջորեն…»,- սկսեց զեկուցել Գառնիկը, սակայն հետո «բացվեց» և զեկույցը վերածվեց անմիջական զրույցի: 

 

Զորամասում ընդմիջման ժամ էր, զինվորները պատուհանից ծիկրակում էին, իսկ ուշադրության կենտրոնում, միկրոֆոնների և տեսախցիկների առջև կանգնած, օրվա հերոսն էր:

Մայորն, ով մեզ ներկայացնում էր հակառակորդին պատժած զինվորներին, հաղորդեց, որ մի զինվոր ցանկանում է պատմել օգոստոսի 3-ի դեպքի մասին: Եվ ահա մեզ մոտեցավ զինծառայող Վահե Ստեփանյանը, ջոկի զինվորներին հրահանգեց շարվել ու, առանց սպասելու հարցին, սկսեց պատմել դեպքի մասին: Իսկ վերջում ներկայացավ որպես դասակի հրամանատարի տեղակալի օգնական: Ջոկի տղաները, սակայն խուսափում էին պատասխանել հարցերին, ոմանք էլ զսպում էին ծիծաղները, երբ հարցեր տալիս ջոկ, վաշտ ու դասակ խառնում էի իրար:

Մյուս տղաների, հատկապես` նորակոչիկների ոգևորությունն այնքան մեծ էր, որ ամեն մեկն ուզում էր պատմել իրեն «բաժին ընկած դիվերսիայի մասին»` առանց գիտակցելու, որ,  բարեբախտաբար, իրենցից քչերն են առերեսվել իրական դիվերսիային: Իսկ իրական դիվերսանտների մասին պատմություններն ամենից հաճախ հիշում են հենց դիրքերում, երբ  հակառակորդի կրակոցին ականջալուր տղաները գիշերը հավաքվում են մի անկյունում և պատմում ավագներից լսած պատմություններ հետախույզների` անհավանական թվացող արկածների մասին:

 

Ժամը 12-ն է, շոգն էլ ավելի է սաստկանում, իսկ Առստամյանը կարծես մտափոխվել է, առաջարկում է շուտ բարձրանալ դիրքեր, երևի թե զինվորներին հարցախեղդ անելով տանջելու համար ուզում է մեզ պատժել` ուղարկելով 45 աստիճան արևի տակ եփվելու: Նստում ենք զինվորական «Վիլիսը»: Աչքս առաջինը հառնում է ճաքած դիմապակու անցքին, որն անմիջապես նայում էր վարորդի կողքը նստած «Մոնթե» հանձնաժողովի նախագահ, ՊՆ փոխգնդապետ Արսեն Մանուկյանին: Նա ուրիշ գործով էր բարձրանում դիրքեր`ՊՆ-ից հատուկ հանձնարարություն էր ստացել:

 

Վարորդը պատմեց, որ վերջին դեպքերի ժամանակ դիրքեր բարձրանալիսմեքենան հայտնվել է հակառակորդի նշանակետում: Բարեբախտաբար,  կողքը մարդ չի եղել նստած, հակառակ դեպքում կենդանի չէր մնա:

Վարորդն արհեստավարժ էր` մեքենան արագ էր վարում, չէր շրջանցում փոսերը, գնում էր ոնց պատահի: Մեքենայի դղրդյունը խլացնում էր ամեն բան, անգամ իմ` թեթևամարմին լրագրողիս ոսկորների զրնգոցը: Ճանապարհին վարորդը ցույց տվեց հակառակորդի դիրքերը, որոնցից մի քանիսն ուղիղ նայում էին մեր ճանապարհին:

 

Հասնում ենք հակառակորդից համեմատաբար հեռու գտնվող դիրքին (250-300 մ): Այն հանրության շրջանում հայտնի դարձավ մեկ ամիս առաջ և գուցե տարիներ անց մտնի պատմության մեջ… Չէ, բարեբախտաբար, այս դիրքի վրա վերջին լարվածության օրերին դիվերսիոն ներթափանցման փորձեր չեն եղել, փոխարենը մեկ ամիս առաջ այստեղ եղել և լուսանկարվել է բանակում չծառայած`  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մեզ դիմավորողն էլ դիրքի ավագն էր, հենց այն զինծառայողը, ով պատվի էր արժանացրել քաղաքապետին` դառնալով սոցիալական ցանցերում քննադատման առարկա: Համեստ երիտասարդ էր, ճարպիկ և բանիմաց: Ընդհանրապես դիրքի բոլոր տղաներն էին այդպիսին: Հենց նրանց հետ զրուցելն էլ միառժամանակ մոռացնել տվեց ամռան տապը և կիզիչ արևը: Հուսադրող էր այն, որ մեզ պատահած զինվորներից ոչ մեկը ծառայությունից հետո անելիքների մասին խոսելիս մտադրություն չհայտնեց երկրից հեռանալու մասին:

 

20-ամյա Միխայել Ամիրխանյանը, ում կարճ Միշա էին կոչում, հայտնեց, որ երեք ամսից կզորացրվի:

«Ճիշտ է, կկարոտեմ ընկերներիս, բայց դե պետք է ուսումս շարունակեմ»,- ասաց նա: Միշան պատմեց, որ կարատեի մարզիչ է, Երևանում կարատեի խումբ ունի, միևնույն ժամանակ, սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կարատեի ամբիոնում: Առաջին կուրսն ավարտելուց հետո է զորակոչվել բանակ, վերադառնալուց հետո կշարունակի ուսումն ու նորից խումբ կհավաքի:

«Կարծում եմ` լավ կլինի»,- հույս է հայտնում տղան և պատասխանում դիվերսանտների և կրակոցների մասին` արդեն սովորական դարձած հարցերին: «Վերջին շրջանում կրակոցներն ակտիվացել էին, հիմա համեմատաբար խաղաղ է: Ամեն մի զինվոր, երբ բարձրանում է դիրքեր, արդեն գիտի իր պարտականություններն ու խնդիրները»,- ասում է նա, հետո, բացելով փակագծերը, բացատրում, որ եթե հակառակորդը դիվերսիոն փորձեր է կատարում, ուրեմն փորձում է ստուգել մեր զինվորների զգոնությունը, բայց քանի որ մերոնք առույգ են և գիտեն իրենց խնդիրները, անհաջողության է մատնվում:

Խուսափում եմ զինվորական բնույթի հարցեր հնչեցնել, նախ` վախենում եմ, որ սխալ տերմիններ կօգտագործեմ, բացի այդ` զինվորին անհարմար դրության մեջ կգցեմ, առանց այդ էլ ամեն հարցին պատասխանելիս տղան նայում էր կողքիս կանգնած հրամանատարի տեղակալի աչքերին` փորձելով հայացքից գուշակել` արդյո՞ք արժե դա ասել, թե՞ ոչ:

Փորձում եմ շաբլոնից դուրս հարցեր տալ, սակայն զգացնել է տալիս պրոֆեսիոնալիզմի պակասն ու դիրքերում առաջին անգամ լինելու` կաշկանդող հանգամանքը: Միանգամից միտքս գալիս է ամռան տապն ու զինվորին սկսում եմ հարցեր տալ օձերից, ճշտել, թե ո՞ր եղանակին են շատ լինում, եղե՞լ են դեպքեր, որ վնասել են դիրքապահներին և այլն: Միշան նույն հանգստությամբ ու ոգևորությամբ պատմում է, որ օձերը շատանում են մայիսին, որ նրանց որսալու հատուկ հարմարանքներ են պատրաստել, հետո հավելում է, որ, բացի օձերից, իրենց մոտ թունավոր բույսեր էլ կան, և որ մինչ օրս իրենց դիրքում սողունների խայթոցից մահացության կամ այլ դեպքեր չեն գրանցվել, քանի որ իրենք տիրապետում են անվտանգության կանոններին: Մի խոսքով` ավարտում եմ «հարցազրույցս»` մտքումս մեղադրելով ինձ` այն «տապալելու համար»:

 

Հետո զինվորները մեզ ուղղորդում են դեպի դիտակետ: Որքան հնարավոր է մոտեցնում եմ տեսախցիկի օբյեկտիվը` հակառակորդի դիրքրն առավել ընդգրկուն տեսնելու համար: Ձեռքս դողում է, իսկ դիտանցքից եկող փոշին լցվում է աչքերս: Զինվորները խորհուրդ են տալիս անցքից երկար չնայել, պատճառաբանում են` վտանգավոր է: Կարծես թե վերջ, կադրերը կան, «հարցազրույցս կա», մնում է մի քանի լուսանկար էլ անել, և մեր միսիան դիրքերում կհամարվի ավարտված: Տղաները ցույց են տալիս իրենց հանգստի վայրը: Անկյունում սրբապատկերներ են դրված և կամուֆլյաժե կազմով երկու Աստվածաշունչ: Հետո բացում են սննդի պահեստատուփը, որտեղ զանազան ուտելիքների կողքին շարված են կամուֆլյաժե թղթով կոնֆետները: Կիզիչ արևից բեզարած նստում ենք զինվորների պատրաստած սեղանի շուրջ, տղաները հյուրասիրում են իրենց բարիքներով` ամեն ինչ անելով, որ այցից գոհ մնանք:  Կարմրում եմ, ամաչում, որ դատարկաձեռն եմ եկել: Հետո հիշում եմ, որ ուսապարկիս մեջ մի քանի խնձոր կա, հանում եմ` դնում սեղանին: Մի զինվոր լուռ կանգած էր կողքիս, նրա ուշադրության ու հարգալից վերաբերմունքի մասին խոսում էր շարժուձևը: Տղան վերցնում է դանակն ո, կիսելով խնձորները, բաժանում մեզ` էլ ավելի ամաչեցնելով ինձ:

 

Ուշադրությունս գրավում են զինվորների հայացքները. գուցեև նախանձով նայում էին մեզ հետ ժամանած փոխգնդապետի համազգեստին: Նրա վերնազգեստի (կիտել) թևերը ծալված էին` այդպես ընդունված է Հայաստանի բանակում, իսկ ԼՂՀ-ում պաշտպանության նախարարը հրահանգել է անգամ ամռանը կիտելի թևքերի կոճակները չարձակել: «Այդպես ավելի զով է, պաշտպանում է արևահարումից, բացի այդ` հարմար է զենքի հետ գործ ունենալիս` արմունկը դնելու համար»,- հետո իր որոշումն այսպես պետք է մեկնաբաներ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով`  զինվորը պետք է պատրաստ լինի տարվա բոլոր եղանակներին: «Զինվորը քնելուց առաջ պետք է դյուրամարս սնունդ ուտի, որպեսզի երազ չտեսնի»,- ասում է նա:

 

Նախարարի խոսքերից շատ բան է տպավորվել, բայց իսկական տպավորությունը դիրքերում էր` հպարտության, հանգտության ու քաջության զգացում, չէ՞ որ առաջնագծում այն տղերքն  են, ովքեր շատերի նման չեն մտածում երկիրը լքելու մասին: Հենց այդ տպավորություններով էլ վերադարձանք դիրքերից: Ողջ ճանապարհին մտքումս Չեիլ բարձունքն էր, ուզում էի անպայման լուսանկարել: Փոխանակ վարորդին խնդրեի կանգնել, պատուհանից փորձեցի ֆիքսել, մինչև օֆյեկտիվը կմոտեցնեի խաչին, պատկերը կրկին անհետացավ:

 

Մարտունիից Աղդամ տանող ճանապարհն է: Շուրջբոլորը թզենու և նռան ծառեր են: Աղդամում մի պահ կանգ առանք` դադար առնելու: Աչքս ընկավ մի նռենի, վրան` հասունացած, ճաքած նռեր: Գեղեցիկ կադր է, կպահեմ, գուցե այդ կադրից հետո էլ չլինի, քանի որ ինչ-որ բան հուշում է, որ կգա ժամանակը, երբ այդ վայրում այլևս անմշակ հող չի մնա, Աղդամ-Մարտունի ճանապարհն ասֆալտապատ կլինի, իսկ նռերն ու թզերը մարդիկ կհավաքվեն ժամանակին: Ճիշտ է, ասածներս թվում են ֆանտաստիկայի ժանրից, քանի որ ներկան վկայում է ճիշտ հակառակի մասին, բայց դե երազելն էլ հո փողով չէ:

 

Երազելու մասին խոսեցի, մի բան էլ եկավ միտքս, ասում եմ` գուցե գա մի ժամանակ, երբ դիվերսանտների մասին պատմությունները կդառնան հեքիաթներ, իսկ սահմանի երկայնքով ձգվող մեր բազմաթիվ դիրքերի փոխարեն կլինի միայն մեկը, որին այդ ժամանակ պարզապես կանվանենք անցակետ: Ասում են` երբեմն երազանքները կատարվում են…

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ