կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-22 13:49
Մշակույթ

«Երաժշտական ամառ». սոցիալապես անապահով երեխաների օրերը վերածվեցին տոնի

«Երաժշտական ամառ». սոցիալապես անապահով երեխաների օրերը վերածվեցին տոնի

Օգոստոսի 28-ին Էդվարդ Միրզոյանի անունը կրող Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կկայանա ԿՄ նախաձեռնությամբ իրականացվող «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը: Այս միջոցառումը հնարավորություն տվեց սոցիալապես անապահով, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող մոտ 180 երեխաների անմիջականորեն առնչվել արվեստի հետ՝ լինելով ունկնդիրը գեղեցիկ համերգային ծրագրի ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի «Մոխրոտը» մյուզիքլի՝ Ք. Քուշնարյանի (տնօրեն՝ Էդգար Գյանջումյան) և Հ. Դանիելյանի (տնօրեն՝ Նաիրա Դիվանյան) անվան արվեստի դպրոցի սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի (գեղ. ղեկավար՝ Դավիթ Հակոբյան) մասնակցությամբ:

 

Այդ նախագծին իրենց աշխատանքներով մասնակցեցին նաև «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի (Ղեկավար՝ Սուսաննա Բուդաղյան) , ինչպես նաև Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի (բաժնի ղեկավար՝ Աննա Հարությունյան) սաները՝ ներկացնելով իրենց նկարները, ձեռքի աշխատանքները: Երրորդ փուլում նրանց կմիանան նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի (տնօրեն՝ Հրեղեն Գասպարյան, դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ղեկավար՝ Արմինե Պողոսյան) սաները:

 

Եվ ահա, երրորդ փուլում արդեն ընկերներ դարձած նախագծի մասնակիցները համատեղ կստեղծեն գեղեցիկ աշխատանքներ՝ արվեստի տարբեր ճյուղերում` դրան զուգահեռ նաև հանգստանալով և վայելելով Դիլիջանյան հաճելի բնությունը, իսկ օրը կավարտվի տոնական համերգով, որը կկայանա Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:

 

Հատկանշական է, որ համերգին իրենց մասնակցությունը կունենան «Արևներ» մանկապատանեկան խմբի, Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները (գեղ. ղեկավար և պարուսույց Արթուր Գրիգորյան), ինչպես նաև այդ համերգի հատուկ հյուր՝ երգչուհի Դալիթան: Համերգը կկայանա ժամը 16-ին, մուտքն ազատ է: