կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-15 12:25
Հասարակություն

Սոցիալապես անապահով ուսանողները զեղչային համակարգից կօգտվեն առաջին իսկ կիսամյակից

Սոցիալապես անապահով ուսանողները զեղչային համակարգից կօգտվեն առաջին իսկ կիսամյակից

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի մշակմամբ, որպեսզի օրենքը լուծի այն խնդիրները, որոնք ծառացած են կրթության առջև. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:

Նա նշեց նաև, որ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը ԿԳՆ-ն դեռ մի շարք անելիքներ ունի: Մասնավորապես, ըստ Մելիքյանի, օգոստոսի 25-ից կսկսվի հեռակա ուսուցման համար դիմումների ընդունումը. դիմորդները կարող են դիմում ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը:

«Հեռակա ուսուցումը լուրջ մասսայականություն է սկսել վայելել, քանի որ հնարավորություն է տալիս զուգակցել աշխատանքը կրթության հետ: Հեռակա ուսուցման տեղերի համար քննությունները կսկսվեն սեպտեմբերի 27-ից, և մեկ ամիս անց կամփոփվեն դրանց արդյունքները»,- հայտնեց Մելիքյանը:

Ինչ վերաբերում է մագիստրոսական կրթությանը, ապա նրանք, ովքեր ցանկանում են իրենց կրթությունը շարունակել մագիստրոսական աստիճանում, ապա պետք է բուհեր դիմեն մինչև սեպտեմբերի 1-ը: Սակայն բանակից զորացրվածները մագիստրատուրայում անվճար կրթություն ստանալու համար պետք է դիմեն մինչև օգոստոսի 26-ը: Ի դեպ, բանակից զորացրվածների համար պետությունը 100 տեղ է սահմանել ՀՀ տարբեր բուհերում սովորելու համար:

«Բացի այդ` անցած տարվանից նոր կարգ ենք մտցրել, և բոլոր նրանք, ովքեր ուզում են բուհական զեղչերից օգտվել, ընդունելության դիմում-հայտերի հետ զուգահեռ, պետք է նաև «Փարոս»-ից ներկայացնեն համապատասխան թուղթ` իրենց սոցիալական նիշը փաստող: Սա հնարավորություն կտա ուսանողին օգտվելու զեղչային համակարգից հենց առաջին իսկ կիսամյակից»,- ասաց Մելիքյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները, նրանց ընտանիքի անդամները կրթության ոլորտում մի շարք առավելություններ կունենան: Նրանք, մասնավորապես, զեղչային համակարգից կօգտվեն առավելագույն կերպով, իսկ մարտական հերթափոխ իրականացնողները կստանան ուսման վարձի` 30 տոկոս զեղչ: