կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-01 14:10
Հասարակություն

Բողոքի ակցիաներ՝ Երևանում, Կապանում, Գավառում, Շիրակի մարզում

Բողոքի ակցիաներ՝ Երևանում, Կապանում, Գավառում, Շիրակի մարզում

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ժամը 19:00-ին Մատենադարանի մոտ բողոքի ցույցի է հրավիրում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը: Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին, ուժի մեջ է մտնում այսօրվանից` օգոստոսի 1-ից:

 

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ բողոքող քաղաքացիները հավաքվելու են Մատենադարանի դիմաց, որտեղ անցկացվելու է ստորագրահավաք, կլինեն ելույթներ, որից հետո բողոքի ցույցի մասնակիցները խաղաղ երթով կքայլեն Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության Հրապարակ:

 

Բողոքող քաղաքացիները կքայլեն մոմերով, որպես խորհրդանիշ` խավարը լուսավորելու: Բողոքի ցույցի համար նախատեսված պաստառները կրում են «Ոչ թալանին», «Մենք ենք որոշողը» կոչերը: «Ոչ թալանին» նախաձեռնության` մինչ այժմ իրականացրած ստորագրահավաքի արդյունքներով` ստորագրահավաքին միացել են ավելի քան 3000 քաղաքացիներ, այսօր մինչ բողոքի ցույցի մեկնարկը, կշարունակվի ստորագրահավաքի գործընթացը:

 

Նախաձեռնությունը արդեն մշակել է 8 կետանոց պահանջագիր` չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, ստեղծել անկախ հանձնաժողով` նախաձեռնության անդամների , անկախ փորձագետների ու պատգամավորների մասնակցությամբ, որը կուսումնասիրի ստեղծված վիճակը և այլն:

 

Պահանջագիրը` ստորագրահավաքի արդյունքերի հետ միասին կհանձնեն պատկան մարմիններին ու պաշտոնյաներին: Այսօր ի համերաշխություն Երևանում անցկացվող բողոքի ցույցի, նույն պահանջով բողոքի ակցիաներ են լինելու նաև մարզերում` Կապանում, Գավառում, Շիրակի մարզում: «Մենք անելու ենք ամեն բան, որ բողոքի ցույցը խաղաղ ընթացք ունենա: Նպատակն է` համախմբել մարդկանց և տեղեկացնել էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում առաջ եկող խնդիրների մասին»,- ասաց Լևոն Զաքարյանը:

 

Մեր այն հարցին` ի՞նչ ակնկալիքներ կան, որ կառավարությունը կգնա զիջումների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում, Լևոն Զաքարյանը նշեց, որ եղել են հասարակական պահանջներ, որոնք մասսայաբար պայքարելու և համախմված լինելու արդյունքում հաջողել են, այնպես որ այս անգամ էլ կարող են հաջողել:

 

Ինչ վերաբերում է երեկ կառավարության նիստից հետո էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի այն պատասխանին, թե քաղաքացիները մի կերպ պետք է վճարեն էլեկտրաէներգիայի գինը, Լևոն Զաքարյանը նշեց. «Այդ պատասխանի վիրավորական պահը ուզում եմ դնել մի կողմ, պարզապես ես ցավ եմ ապրում, մեզ ղեկավարում են նման հայտարարությամբ հանդես եկող պաշտոնյաներ: Երվանդ Զախարյանը ամեն կերպ խուսափում էր պատասխանից` փորփրելով հեռախոսը: Երվանդ Զախարյանը պետք է որ իր ասածից արդեն փոշմանած լինի: Նման արհամարհական պատասխան տալ քաղաքացուն, ով մոտեցել է քեզ, դա ցավալի է: Ցինիզմը տիրում է»: