Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի հարցազրույցը իրանցի ավագ փորձագետ, «Ջահանե Մոասեր» գիտա-հետազոտական կենտրոնի տնօրեն Շոայբ Բահմանի հետ՝
-Մի քանի օրից պարզ կլինի, թե Իրանում ով է ստանձնելու երկրի ղեկը։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունների անցկացման գործընթացը։ Իրանի ժողովրդի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է։
Տեղյակ եք, որ չնախատեսված էր այս ընտրությունները՝ հանգուցյալ նախագահի հետ տեղի ունեցած ողբերգությամբ պայմանավորված, ինչը քաղաքական անակնկալ էր Իրանի համար։ Քաղաքական հոսանքները, կուսակցությունները, անգամ այն անձինք, որոնք այսօր թեկնածության հայտ են ներկայացրել նախապես չեն պատրաստվել, ոչ մի պլանավորում չեն ունեցել ընտրությունների համար։ Յուրահատուկ պայմաններում են տեղի ունենում այս ընտրությունները, որոնք ազդում են և՛ քաղաքական գործողությունների և թե՛ մարդկանց մասնակցության վրա։ Ըստ տեղի ունեցած հարցումների՝ ժողովրդի մասնակցությունը 45-55 տոկոս է կանխատեսվում, որը հնարավոր է առաջիկա օրերին փոփոխության ենթարկվի և ավելանա։ Երկրում ստեղծվել է միջավայր քաղաքական մրցակցության համար, որին մասնակցում են տարբեր հոսանքների պատկանող և տարբեր քաղաքական հայացքներ ունեցող թեկնածուներ։
-Ըստ Ձեզ՝ ո՞ր թեկնածուն ունի հաղթելու ավելի մեծ շանս: Հիմնական մրցակցությունը ո՞ր թեկնածուների միջև է։
Հիմնական պայքարը 6 թեկնածուներից 3-ի միջև է։ Բարեփոխական հոսանքի թեկնածու Մասուդ Փեզեշքիանը նրանցից մեկն է, որը հարցումների համաձայն՝ բարձր դիրքերից մեկն է զբաղեցնում։
Պահպանողականների թևում շատ թեժ մրցակցություն է գնում միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի և նախկին զինվորական հրամանատար, Իրանի իսլամական խորհրդարանի ներկայիս նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև։ Եթե այսպես շարունակվի ու նրանցից ոչ մեկը չհրաժարվի, մեծ է հավանականությունը, որ ընտրություններն անցնեն երկրորդ փուլ։
-Պարոն Փեզեշքիանի քննադատներից շատերը նրա հայացքները համարում են պանթյուրքիստական։ Որքանո՞վ եք համաձայն։ Նրա ընտրությունը կարո՞ղ է սպառնալիք ստեղծել Իրանի անվտանգության համար: Ընտրվելու դեպքում դա ի՞նչ ազդեցություն կունենա Իրանի տարածաշրջանային հարաբերությունների վրա։ Հայաստանի հետ հարաբերությունները փոփոխության կենթարկվե՞ն։
Կարծում եմ՝ Փեզեշքիանի հայացքները պանթյուրքիստական որակելը ծայրահեղ ու դաժան է։ Նա նախորդ տարիներին Թավրիզի ներկայացուցիչն է եղել խորհրդարանում, հետապնդել է իր նահանգի ժողովրդի իրավունքները։ Դրա պատճառով չենք կարող նրան որակել որպես ծայրահեղ պանթյուրքիստական հայացքներ ունեցող գործիչ։ Պետք նկատի ունենալ, որ եթե անգամ նա կամ ցանկացած մեկ ուրիշը նման հայացքների տեր լինի, նախագահի պաշտոնն ստանձնելով՝ պետք է աշխատի Իրանի քաղաքական կառուցվածքի շրջանակներում։ Իրանի քաղաքական կառուցվածքը թույլ չի տալիս մակրո մակարդակում նման քաղաքականություն առաջ մղել։ Իրանի արտաքին քաղաքականության գիծը սնվում է մի շարք խողովակներից, թեև նախագահի դերը կարևոր է, բայց նա միակ որոշում կայացնողը չէ։
Փեզեշքիանի մասին մի քիչ ուռճացված կարծիքներ են հնչում, բայց եթե անգամ այդպես լինի, Իրանի քաղաքական կառուցվածքը կարող է խոչընդոտ հանդիսանալ էթնոկենտրոն քաղաքականության համար։ Ներքին կամ արտաքին անվտանգության վրա նրա ընտրությունը չի կարող ազդել։
Իրանը դրական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Իրանը հատուկ զգայունություն ունի Հայաստանի հարցում։ Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին մեկ անգամ ևս ընդգծել էր, որ Իրանի հանգուցյալ նախագահ Ռայիսին շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
Եվ սա պետական զգայունություն է լինելու Իրանում։ Այնպես որ, եթե անգամ Փեզեշքիանը նախագահ դառնա, այս զգայունությունն անփոփոխ է լինելու։ Իրանի կարմիր գծերը հստակ են և Իրանի անվտանգային ու ռազմական համակարգերը զգոն են։ Նրա ընտվելով՝ ոչ մի խնդիր երկու երկրների հարաբերություններում չի առաջանալու, հարաբերությունները բնականոն հունով են ընթանալու են։ Լիահույս կարող ենք լինել, որ ապագայում խորանալու են։
-Թվում է, թե այս անգամ էլ վճռորոշ ու կարևորագույն հարցերից է թեկնածուների արտաքին քաղաքականության գիծը։ Ընտրությունը Արևմուտքի հետ լայն շփման կողմնակից խմբի և այս հարցում ավելի կոշտ դիրքորոշում ունեցող խմբի միջև է։ Ներկա դրությամբ ո՞ր քաղաքականությունն եք համարում Իրանի շահերին համահունչ։
Արևմուտքի հարցը հիմնականում կապված է Իրանի միջուկային ծրագրին ու 2015 թվականին Վիեննայում կնքված միջազգային համաձայնագրի`JCPOA-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնմանը։ Սակայն Արևմուտքի հարցից ավելի կարևոր է հասկանալ՝ ի՞նչն է ապահովում Իրանի ազգային շահերը։ Իրանը նախորդ տարիներին երկու ճանապարհով էլ անցել է։ Այսինքն՝ և՛ Արևմուտքի հետ բանակցելու ճանապարհով է գնացել Ռոհանիի օրոք, հասել ընդհուպ JCPOA-ի ստորագրմանը, և՛ նաև այլ ճանապարհ է ընտրել Ռայիսիի ժամանակ, երբ հենվելով ներքին հնարավորությունների վրա, ընդլայնելով հարաբերություններն աշխատրհի մյուս երկրների հետ, այդ թվում՝ հարևան երկրների, կարողացավ նոր պայմանների փորձ ձեռք բերել։
Ներկա պայմաններում, արևմտամետությունը կամ արևելամետությունը, կամ Արևմուտքի հետ բանակցել-չբանակցելու հարցը չէ, որ կարևոր է, այլ ազգային շահերը։ Խելամիտ քաղաքականությունը հիմա այն կլինի, որ Իրանը հարաբերություններն ընդլայնի թե՛ հարևանների հետ, թե՛ ոչ արևմտյան երկրների հետ, և միևնույն ժամանակ օրակարգում պահի արևմտյան երկրների հետ բանակցությունները, որպեսզի այդ ուղղությամբ էլ կարողանա նոր պայմաններ ստեղծել։ Ազգային շահերը պահանջում են, որ ոչ թե ընտրություն կատարենք սրանցից մեկի միջև, այլ այս բոլոր տարբերակները սեղանի վրա դնել։
-Պետք է նկատի ունենալ, որ նոյեմբերին ԱՄՆ-ում ևս նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Արդյո՞ք Իրանում անհանգստացած են Թրամփի հնարավոր վերադարձով։
Այդ հարցի առթիվ մտահոգություն Իրանում չկա, որովհետև ԱՄՆ-ի մակրո ռազմավարությունների հարցում առաձնապես տարբերություն չկա դեմոկրատների և հանրապետականների միջև։ Ինչպես Թրամփը որոշում կայացրեց իր երկրի՝ JCPOA-ի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, այնպես էլ Բայդենը որոշում չկայացրեց վերադառնալ այդ համաձայնագրին։ Իհարկե այն, որ Թրամփի վերադարձով հնարավոր է Իրանի դեմ ճնշումները ավելանան և նոր պատժամիջոցներ կիրառվեն, ակնհայտ է։
Իրականությունն այն է, որ Իրանին հաջողվել է հաղթահարել պատժամիջոցների գագաթնակետը։ Դրանք այլևս չեն կարող նախկինի պես ազդել Իրանի տնտեսության կամ ներքին քաղաքականության վրա։ Այդ իսկ պատճառով, թեպետ կանխատեսվում է, որ նրա գալով բարդություններ են առաձանալու, սակայն դա կարող է Իրանի համար նոր հնարավորություններ ստեղծել։ Թրամփի վերադարձով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունն է մեծանալու, Իրանի հարցում էլ արևմտյան երկրները երկու մասին են բաժանվելու, ինչի ականատեսը եղանք նրա պաշտոնավարման տարիներին։ Եթե նա վերընտրվի ենթադրվում է, որ այդ լարվածությունները ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև ընդգծվելու են։
Պետք է նկատի ունենալ, որ հիմա Իրանի դիրքն է անցյալի համեմատ փոխվել թե՛ տարարծաշրջանում և թե՛ միջազգային ասպարեզում։ ԱՄՆ-ի դիրքն էլ է փոփոխվել։ Նրանք կարիք ունեն տարածաշրջանային հարցերի շուրջ, մասնավորապես Գազայի պատերազմի առնչությամբ բանակցություններ վարելու Իրանի հետ, հաշվի առնելու Իրանի շահերը և լուծում գտնելու այդ պատերազմը դադարեցնելու համար։ ԱՄՆ-ն ավելի մեծ մարտահրավերների առջև է կանգնած, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի պատերազմը և Թայվանի ճգնաժամը։
Թրամփի վերդարձը ամենևին էլ չի նշանակում, որ միայն Իրանն է ճնշման տակ հայտնվելու, այլ այն կարող է նոր խառնաշփոթ առաջացնել այլ երկրների, այդ թվում՝ դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերություններում։ Դրանից կարող է շահել Իրանը։
-Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունն աճում է։ Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Իրանի համար այս կրիտիկական օրերին, երբ Իրանի կառավարությունը զբաղված է ընտրություններով և ներքին հարցերով, լավ հնարավորություն է Իսրայելի համար՝ պատերազմ սկսել Լիբանանի դեմ։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին, և ինչպիսի՞ն է լինելու Իրանի դերն այս պարագայում։
Հակամարտության տարածման հավանականությունը կա, բայց այն սահմանափակվելու է Իսրայելի օդային հարձակումներով միայն, քանի որ անկարող է ցամաքային պատերազմ սկսել Լիբանանի դեմ։ Եթե ի վիճակի լինեին դա անել, նույնը կանեին Գազայի դեպքում։ Գազայում տեսնում ենք, որ դեռ չեն կարողացել իրենց դիրքերը ամրացնել կամ զգալի հաջողություն գրանցել։ Գազայի հարավից ճնշման տակ են գտնվում։ Բնականաբար Իրանը, Լիբանանը և Դիմադրության առանցքի խմբերը ուշադիր հետևում են և խոշորացույցի տակ պահում Իսրայելի շարժերը։
Հեզբոլլահն ամբողջապես զգոն է։ Եվ եթե Իսրայելը իրեն սխալ թույլ տա, որ որոշի Լիբանանի վրա հարձակվել, կամ ներկայիս կառավարելի ու սահմանափակ հակամարտությունը վերածել մեծ հակամարտության, ապա լուրջ հարվածներ է ստանալու թե՛ լիբանանցիներից, թե՛Դիմադրության առանցքի մյուս խմբերից։
Այս խմբերը բարձր պատրաստվածություն ունեն։ Այնպես որ եթե Իսրայելն այդպիսի ստրատեգիական սխալ թույլ տա, անուղղելի հարված կհասցնեն Իսրայելին։ Ոչ Իրանում, ոչ Լիբանանում, ոչ Իրաքում կամ էլ Եմենում ու Դիմադրության առանցքի մյուս երկրներում մտահոգություն չկա, որ գալիք օրերին Իսրայելը կարող է հարձակում գործել։
-Անդրադառնանք Իրանի հանգուցյալ նախագահի գործունեությանը արտաքին քաղաքականության ասպարեզում՝ սկսած Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնումից մինչև Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամ դառնալը։ Կխնդրեի համառոտ ներկայացնել նախորդ վարչախմբի ձեռքբերումները։
Նրա պաշտոնավարման երեք տարիների ընթացքում կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Հենց սկզբից երկու կարևոր հարց կար արտաքին քաղաքկանության օրակարգում։ Առաջինը՝ հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումն էր։ Այդ ուղղությամբ նշանակալից քայլեր ձեռնարկվեցին։ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը վառ օրինակն է, մյուս հարևանների հետ ևս հարաբերությունները զարգացան։ Երկրորդը՝ տնտեսակենտրոն քաղաքականության հետապնդումն էր։ Վիճակագրություններն արտաքին առևտրի զարգացման մասին են վկայում։
Կարևոր մոտեցումներից մեկն էլ անդամակցությունն էր տարածաշրջանային ու միջազգային մեխանիզմներին։ Այստեղ ևս Իրանը լուրջ ձեռքբերումներ ունեցավ։ Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ անդամից վերածվեծ լիիրավ անդամի։ Դրանով իսկ Իրանը մաս դարձավ տարածաշրջանաի անվտանգային մեխանիզմներից մեկին, որն Արևմուտքն անվանում է «Արևելյան ՆԱՏՕ»։ Սրան հավելենք նաև Իրանի անդամկցությունը ԲՐԻՔՍ-ին, որը կրում է «Նորահայտ տնտեսությունների խումբ» անունը և անդամ երկրները մեծ դերակատարություն ունեն թե՛ տնտեսական մեխանիզմներում և թե՛ նոր ձևավորվող աշխարհակարգում։ Սերտորեն համագործակցել է ԵԱՏՄ երկրների հետ։
-Եվ վերջապես, ոչ միայն Իրանում և ԱՄՆ-ում, այլև աշխարհի այլ ծայրերում անցած ամիսների ընթացքում ականատես ենք եղել ընտրությունների և դրանց ականատեսը կլինենք նաև առաջիկա ամիսներին։ Զուգահեռաբար շարունակվում են պատերազմները, և քաղաքական զարգացումները ընթանում են սրընթաց, մեկը մյուսի հետևից։ Ինչպիսի՞ն է լինելու Իրանի դիրքն ու տեղը ձևավորվող նոր աշխարհակարգում։
Ձևավորվող նոր աշխարհակարգում երկրների դերը ճշտվում է մի քանի գործոնով։ Դրանցից մեկը յուրաքանչյուր երկրի ներքին կարողություններն են՝ տնտեսական, մշակութային, անվտանգային, պաշտպանության ու ռազմական ոլորտներում։ Հաջորդ գործոնը միջազգային ասպարեզում դերակատարության կարողությունն է․ ինչքանո՞վ է մի երկիր կարողանում դաշինքներ ձևավորել, հոսանքներ ստեղծել, ինչքանո՞վ է կարողանում մյուս ուժերի հետ առճակատվել կամ լեզու գտնել։
Իրանը տարատեսակ պատժամիջոցներով ու տնտեսական բազում խնդիրներով հանդերձ չի վերածվել այն երկրին, ինչն ԱՄՆ-ն է ակնկալել, չի փլուզվել, չի կորցրել իր ներքին հնարավորությունները։ Բոլոր ճնշումներով հանդերձ դիմադրել է, ինչը մեծ միավոր է կարող է համարվել։
Իրանին հաջողվել է տարածշրջանում Դիմադրության առանցք ձևավորել։ Այս ռազմավարությունը մարտահրավեր է նետել Արևմտյան Ասիայի նախորդ ազդեցիկ խաղացողներին։ Եթե նախկին տասնամյակներում ԱՄՆ-ն էր տարածաշրջանի դերակատար խաղացողը, այսօր լիովին կորցրել է այդ դերը։ Եթե նախկինում Իսրայելը կարողանում էր պատերազմներում ու հակամարտություններում շատ արագ պարտության մատնել օրինակ՝ արաբական դաշինքներին, այսօր ամբողջապես անկարող է Դիմադրության առանցքի դեմ, չի կարողանում իր նպատակներն առաջ մղել։ Այս բոլորը Իրանի վարած քաղաքականության արդյունքում է։
Միջազգային ասպարեզում էլ, թեպետ Իրանը խնդիրներ ունի Արևմուտքի հետ, Իրանն իր հարաբերություններն ընդլայնել է Ռուսաստանի ու Չինաստանի հետ, ամրապնդել է մեծ խաղացողների հետ համագործակցությունը։
Այս բոլորի կողքքին հարկ է ընդգծել Իրանի ռազմավարական կարողությունը, որը մեկ անգամ ևս փաստվեց «Ազնիվ խոստում» գործողության ժամանակ։ Սա չափազանց վճռորոշ գործոն է, առավելություն Իրանի համար։ Բոլոր այն երկրները, որոնք վերջին տարիներին ռազմական խոշոր գնումներ են կատարել ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից, խոստովանում են Իրանի պաշտպանության և անվտանգային ոլորտների զարգացման մասին։
Իհարկե, Իրանն էլ մյուս երկրների նման պիտի զգոն և ուշադիր լինի, պետք է դիտարկի համաշխարհային զարգացումները, որպեսզի կարողանա իր դերը սահմանել այնպես, որ առավելագույն օգուտը քաղի և նվազագույն վնասը կրի, իր շահերը պաշտպանի և իր դիրքը բարելավի անցումային այս աշխարհակարգում։
Մեղրի Ղուկասյան