Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի քան մեկ դար առաջ Գրացի համալսարանում Վիտտորիո Բենուսսի կողմից հայտնագործվեց մի սարք, որը գրանցում էր մարդու շնչառության փուլերն ու պուլսը, և որից կարելի էր հետևություն անել, թե արդյոք հարցման ենթարկվող անձը ստում է:
Այս սարքը, որը տասնամյակներ անց դասվեց մարդկության ամենանշանակալի հայտնագործությունների շարքում պոլիգրաֆն էր` ստի դետեկտորը: Դեռևս հնագույն ժամանակներից բժիշկները բացահայտել են, որ սուտ խոսելիս անձի սրտի աշխատանքն արագանում է: Հենց այս չափանիշով էլ ստի դետեկտորի միջոցով որոշվում է անձի ճիշտ կամ սուտ խոսելը:
Ներկայում գործող դետեկտորները կարողանում են ֆիքսել մարդու` մինչև 50 ֆիզիոլոգիական պարամետրեր, անգամ այտերի` անզեն աչքով չերևացող կարմրությունը:
Այսօր պոլիգրաֆը կիրառվում է աշխարհի ավելի քան 60 երկրում:
ԱՄՆ-ում այն սկսել է կիրառվել դեռևս 1935 թ.-ից, սակայն տեղի գիտնականների հաշվարկներով` լավագույն դեպքում դետեկտորը կարող է 70 տոկոս ճշգրտությամբ ցույց տալ մարդու սուտ կամ ճիշտ խոսելը, ավելին, որոշ գիտնականների կարծիքով այն ընդամենը գուշակության էֆեկտ ունի:
Սկսած 1998 թ-ից՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգ ինքնուրույն է որոշում պոլիգրաֆի միջոցով ստացված տեղեկությունները որպես ապացույց համարել, թե ոչ: Շատ նահանգների դատարաններում դետեկտորի միջոցով ստացված տեղեկությունները որպես ապացույց չեն ընդունվում:
Նույն սկզբունքը գործում է նաև Լեհաստանում և Գերմանիայում:
Ստի դետեկտորը տարիներ առաջ ներդրվել է նաև Հայաստանում, իսկ վերջին շրջանում փորձ է արվում այն կիրառել հոգեբանական փորձաքննությունների ոլորտում:
Ստի դետեկտորի գործածության և Հայաստանում դրա կիրառության անհրաժեշտության մասին yerkir.am-ը զրուցել է Բեռլինի Հումբոլտի անվան Համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ:
-Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ եք հակիրճ ներկայացնել, թե ինչ է ստի դետեկտորը:
-Առօրյա խոսակցական լեզվում ստի դետեկտոր են անվանում այն սարքը, որը չափում և գրանցում է հարցման ենթարկվող անձի մարմնի որոշ պարամետրեր, ինչպիսիք են արյան ճնշումը, պուլսը, շնչառությունը կամ մաշկի էլեկտրահաղորդականությունը: Մասնագիտական շրջանակներում սարքը կոչվում է ոչ թե ստի դետեկտոր, այլ պոլիգրաֆ (բազմագիր): «Ստի դետեկտոր» հասկացությունը ճիշտ չէ, որովհետև պոլիգրաֆը սոսկ տեխնիկական սարք է, որի միջոցով չափվում ու գրանցվում են հոգեֆիզիոլոգիական պարամետրեր: Գրանցված ռեակցիաները վերաբերում են ոչ թե տրված պատասխանի ճշտությանը կամ անճշտությանը, այլ լոկ ցույց են տալիս տվյալ պահին օրգանիզմի ակտիվության մակարդակը:
-Այդ դեպքում ո՞րն է այդ սարքի գործողության գիտական հիմնավորումը:
-Պոլիգրաֆով հետազոտությունները հիմնվում են այն ենթադրության վրա, թե մարդիկ ստելիս գոնե չնչին չափով նյարդայնանում են: Անգամ եթե այդ նյարդայնությունը դիմացինի համար անտեսանելի է մնում, միևնույն է այն վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով ակամա ռեակցիաներ է առաջացնում: Օրգանիզմի այս վայրկենական ակտիվության մակարդակը կարելի է համապատասխան չափիչ սարքերի միջոցով տեսանելի դարձնել ու գրանցել: Պոլիգրաֆն ինքնին ավելին չէ, քան մի սովորական չափիչ սարք, որը նշված ռեակցիաները չափում ու գրանցում է: Սարքն ինքն այդ ռեակցիաների գնահատում չի կատարում: Դա անում են պոլիգրաֆիստները՝ համապատասխան կրթութուն ունեցող մասնագետները:
-Իսկ իրավական տեսանկյունից որքանո՞վ է հիմնավորված ստի դետեկտորի կիրառությունը քրեական դատավարությունում:
-Ինչ վերաբերում է սարքի իրավական գնահատականին, ապա Գերմանիայի Գերագույն դատարանը 1954 թվականի փետրվարի 16-ի իր վճռով արգելում է ստի դետեկտորի կիրառումը քրեական դատավարությունում, անգամ եթե մեղադրյալը համաձայն է դրա կիրառմանը: Դա բխում է Գերմանիայի Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից (մարդու արժանապատվություն): Թույլատրելիությունը կախված է ոչ թե պոլիգրաֆի պիտանիությունից, ճշտությունից և հուսալիությունից, այլ միայն ու միայն քրեական դատավարությունը կանոնակարգող սկզբունքներից: Իսկ այդ սկզբունքներն արգելում են սարքի կիրառումը:
-Կկարողանայի՞ք ավելի մանրամասն ներկայացնել սարքն արգելելու իրավական հիմնավորումները:
Ըստ Գերագույն դատարանի՝ ստի դետեկտորով թեստը խախտում է մարդու արժանապատվությունը, որովհետև մեղադրյալը դատավարության մասնակիցն է, այլ ոչ թե դրա առարկան: Ճշմարտությունը պետք է դատարանի կողմից պարզվի նաև առանց մեղադրյալի աջակցության: Դատարանը, մասնավորապես, նշում է. «Սահմանադրական և քրեադատավարական իրավունքի սկզբունքներն արմատավորված են այն գաղափարում, որ անգամ հանցանք կատարած անձը հասարակության առջև միշտ հանդես է գալիս իբրև ինքնուրույն, պատասխանատու, բարոյական անձնավորություն: Ապացուցված մեղքի դեպքում նա կարող է և պետք է պատասխանատվության ենթարկվի գործող օրենքով, սակայն նրա անձը չպետք է զոհաբերվի հանցավորության դեմ պայքարի հիրավի կարևոր հանրային պահանջին» (տես Գերագույն դատարանի թիվ 1 StR 578/53 վճիռը, BGHSt 5, 332, 334 (Քրեական սենատի որոշումների ժողովածու, հատոր 5, էջ 334)):
Բացի այդ, պոլիգրաֆը խախտում է նաև մեղադրյալի կամքի ազատությունը: «Պոլիգրաֆի նպատակն է, բնականաբար, ամբաստանյալից ստանալ ավելի և բոլորովին այլ «ցուցմունքներ», քան սովորական հարցաքննության ժամանակ, դրանց թվում այնպիսիք, որոնք նա տալիս է ակամա և որոնք նա առանց սարքի տալ չի կարող: Հարցերին գիտակցված և կամային պատասխանի հետ միասին «պատասխանում է» նաև անգիտակցականը, ինչն ամբաստանյալը խոչընդոտել չի կարող: Այդպիսի հայացքը դեպի ամբաստանյալի հոգու խորքը և նրա անգիտակցական ազդակները խախտում է ամբաստանյալի՝ որոշում ընդունելու և կամային գործունեության ազատությունը, ինչն արգելված է քրեական դատավարությունում: Անձի ինքնության պահպանման ու զարգացման համար կենսականորեն անհրաժեշտ և պարտադիր է հոգեկան մի տարածք, որը պետք է անձեռնմխելի մնա նաև քրեական դատավարությունում» (նույն որոշումը, էջ 335):
1998 թվականի դեկտեմբերի 17-ի և 2010 թվականի նոյեմբերի 30-ի իր վճիռներով Գերագույն դատարանը կրկին մերժում է պոլիգրաֆը՝ իբրև ապացուցման միջոց, դրա արդյունքների անարժանահավատության պատճառով:
-Իրո՞ք ստի դետեկտորի արդյունքներն արժանահավատ չեն:
-Գոյություն չունի գիտականորեն հիմնավորված որևէ ապացույց պոլիգրաֆի արդյունքների արժանահավատության վերաբերյալ: Այս պատճառով պոլիգրաֆի կիրառումը շատ է քննադատվում, հատկապես դրա արդյունքների անարժանահավատության տեսանկյունից: Թեև պոլիգրաֆը չափում է հարցման ենթարկվողի օրգանիզմի փոփոխությունները, բայց այդ հուզական փոփոխություններից չի երևում, թե դրանք առաջանում են մեղքի գիտակցումից, ստելու սթրեսից, թե, ասենք, անհիմն մեղադրվելու վախից: Հետևաբար, «ստի դետեկտորները» ոչ մի սուտ էլ չեն չափում, այլ սոսկ գրանցում են անձի մարմնի հուզական փոփոխությունները, որոնց պատճառ կարող են լինել նյարդայնությունը կամ այլ հույզերը: Բացի այդ, անարժանահավատությունը հիմնավորվում է նրանով, որ պրակտիկայում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ստի դետեկտորով անցկացված թեստը սխալ է գնահատվել, կամ որ թեստերը հնարավոր է մանիպուլյացիայի ենթարկել:
-Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը կարող է որաշակի պատրաստվածություն ստանալուց հետո խաբել դետեկտորին: Ինչպե՞ս է դա հնարավոր:
-Հնարավոր է գիտակցաբար առաջացնել չափելի ռեակցիաներ այնպիսի մեթոդներով, որոնք հետազոտողը բացահայտել չի կարող: Դրանով կարելի է թեստի արդյունքը տանել ցանկալի ուղղությամբ, և թերևս մեկ այլ անձ կարող է պատասխանատվության կանչվել հանցանքի համար: Մանիպուլյացիան կատարվում է ոչ թե կրիտիկական հարցերի ժամանակ հուզմունքը զսպելու, այլ ստուգողական հարցերի ժամանակ հուզմունքն ավելացնելու միջոցով: Առաջատար պոլիգրաֆիստները պնդում են, թե իրենք կարող են բացահայտել ցանկացած մանիպուլյացիա, բայց մինչ օրս դա ապացուցել չեն կարողացել: Հայտնի է, որ ռազմական հատուկ ստորաբաժանումների անդամները և գաղտնի ծառայությունների աշխատակիցներն անցնում են RtI (=Resistance-to-Interrogation) պատրաստություն, այսինքն՝ սովորում են մանիպուլյացիայի ենթարկել ստի դետեկտորի թեստը:
Պրակտիկայում հայտնի են շատ դեպքեր, երբ ստի դետեկտորին վստահելու արդյունքում մեծ վնաս է պատճառվել այլ անձանց: Օրինակ՝ Մելվին Ֆոսթերը 1982 թվականին այսպես կոչված Green River-ի սերիական սպանությունների գործով իբրև կասկածյալ ենթարկվում է պոլիգրաֆի թեստի և չի կարողանում հաղթահարել այն: Արդյունքում նա երկար տարիներ շարունակում է կասկածվել այդ սպանությունների մեջ, թեև ոչ մի ծանրակշիռ ապացույց գոյություն չուներ: Եվ միայն 2001 թվականին է նա ազատվում ամեն տեսակի կասկածանքից, երբ ԴՆԹ-հետազոտությունները բացահայտում են սպանությունների հետ Գարի Ռիդգվեյի կապը: Ռիդգվեյն սկզբում գլխավոր կասկածյալն էր, բայց հետո այլևս հետապնդումների չի ենթարկվում, քանի որ կարողացել էր հաջողությամբ հանձնել ստի դետեկտորի երկու թեստ: Արդյունքում նա կարողացել էր շարունակել իր սպանությունները և վերջում խոստովանում է 49 սպանություն:
- Որոշ երկրներում այս սարքն օգտագործվում է անգամ մարդկանց աշխատանքի ընդունելու ժամանակ: Այս մասին ի՞նչ կասեք:
Պոլիգրաֆն ամենից շատ օգտագործվում է ԱՄՆ-ում: Կիրառման ոլորտները շատ բազմազան են՝ աշխատանքի ընդունման հարցազրույցներից մինչև հարցաքննությունները ոստիկանությունում ու դատարանում: ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչությունը (CIA) և Հետաքննությունների Դաշնային Բյուրոն (FBI) նույնպես օգտագործում են պոլիգրաֆը գործող և պոտենցիալ աշխատակիցների վստահելիության մակարդակը գնահատելու համար:
-Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է հոգեբանական փորձաքննությունների ոլորտում կիրառել պոլիգրաֆը ( ստի դետեկտոր): Ի՞նչ եք կարծում` արդյոք դա ճիշտ որոշում է և որքանով այն կնպաստի ոլորտի զարգացմանը:
-Վերը նշված հիմնավորումներն արդեն ակնհայտորեն ցույց են տալիս, որ պոլիգրաֆի ներդրումը դատական փորձաքննությունների ոլորտում ոչ միայն նպատակահարմար չէ, այլ նաև անթույլատրելի է: Դրա ներդրումը ոչ միայն չի նպաստի ոլորտի զարգացմանը, այլև կլինի հետընթաց քայլ: Կարիք չկա առաջ գնալու փոխարեն 100 տարի հետ գնալ (ստի դետեկտորն ստեղծվել է 1913 թվականին):
Թագուհի Մելքոնյան