կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 15:56
Քաղաքական

Վաճառելով ''Որոտան''-ը` կառավարությունը փորձում է սիրաշահել ԱՄՆ-ին

Վաճառելով ''Որոտան''-ը` կառավարությունը փորձում է սիրաշահել ԱՄՆ-ին

Ռազմավարական նշանակության օբյեկտները պետք է գտնվեն պետության տիրապետության կամ հսկողության ներքո: «Ցավոք, հիմա մենք ունենք այլ իրավիճակ, երբ Հայաստանի տնտեսական և էներգետիկ հզորությունների մեծ մասն արդեն այլ պետությունների ձեռքում է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով օրեր առաջ կառավարության կողմից ամերիկյան մի ընկերությանը «Որոտան» ՀԷԿՀ-ի վաճառքի մասին:

 

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` նման ձեռնարկությունները կայուն տնտեսական շահույթ  են ապահովում, ահա, թե ինչու ճիշտ կլիներ, որ պետությունը վերահսկեր դրանց գործունեությունը:

 

«Գողանալով թալանելով տվյալ համակարգերը` արժեր մտածել, որ հետո չեն կարողանալու կառավարել դրանք: Պետությունն առնվազն վերահսկիչ փաթեթ պետք է ունենար»,- ասաց նա` հավելելով, որ կասկադի  վաճառքի հետևում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական գործոն կա. Հայաստանը, գնալով ռուսական դաշտ, փորձում է չեզոքացնել Արևմուտքի կողմից եկող հարվածները, եւ այս վաճառքով փորձել են սիրաշահել ամերիկյան կողմին: Բայց դա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, անընդունելի է, որովհետև պետք է գերիշխեն ոչ թե սիրաշահելու, այլ գործընկերային հարաբերությունները: «Քո էներգետիկ ռեսուրսները ամբողջովին լիկվիդացնելով` բնականաբար, քո ազատության և անկախության աստիճանը նվազեցնում ես»,- ասում է նա:

 

Զուգահեռներ տանելով «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հետ` Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենը հետևանք է, իսկ պատճառն այն է, որ ոչ լեգիտիմ ձևավորված իշխանությունները  ներքին մարտահրավերներին դիմակայելու և իշխանությունը պահելու համար պետք է ապավինեն դրսի ուժերին, հետեւաբար` դիմում են նման քայլերի: