Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց Սյունիքի մարզի պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Ամբաստանյալի աթոռին են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը և Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը:
2013թ. դեկտեմբերի 12-ին Արման Ենգոյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը, Էդիկ Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը:
Մեղադրանք է առաջադրված նաև Պապյանի գործով անցնող մեղադրյալների հոր՝ Հակոբ Թոսունյանի նկատմամբ, ով, ըստ նախաքննության, ապացույց կեղծելու հարցում օժանդակել է նախաքննության մարմնին, այն է՝ սպառնալիքով պարտադրել է վկա Նոնա Հարությունանին տալ կեղծ ցուցմունք, որ իբր եղել է դեպքի վայրում և տեսել, թե ինչպես է Սահակ Սահակյանը դանակի բռնակով հարվածել Գրիգոր Պապյանի գլխին: Նշենք, որ Հակոբ Թոսունյանը Քաջարանում հայտնի գործարար է և քաղաքում մեծ հեղինակություն է վայելում:
Հիշեցնենք, որ Գրիգոր Պապյանը սպանվել է 2010 թվականի օգոստոսի 28-ին Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գտնվող սրճարանի դիմաց՝ վիճաբանության արդյունքում: Սպանության գործով մեղադրանք է առաջադրված Սահակ Սահակյանին, Վիլեն Գրիգորյանին, Գևորգ, Ջորջ, Կարապետ Թոսունյաններին, որոնց վերաբերյալ գործը քննում է նույն դատավորը:
Ի դեպ, Պապյանի սպանության գործով կեղծ եզրակացություն տալու համար դատապարտվել է դատաբժիշկ Գագիկ Բաբայանը, սակայն համաներման ակտով ազատ է արձակվել: Նշենք, որ ինչպես բուն՝ սպանության գործով մեղադրյալները, այնպես էլ այդ գործով ապացույց կեղծելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձինք իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ամբաստանյալներ Ենգոյանի, Թոսունյանի, Հովսեփյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է կալանավորումը, իսկ Դանիելյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա դատական նիստի մեկնարկին Սյունիքի դատախազի նախկին տեղակալ, ամբաստանյալ Էդիկ Հովսեփյանը դատարանից պահանջեց թույլ չտալ, որպեսզի դահլիճում գտնվող yerkir.am-ի լրագրողը լուսանկարի իրեն: Դատավորը բավարարեց ամբաստանյալի խնդրանքը և հորդորեց լուսանկարել նրանց, ովքեր դեմ չեն:
Այսօրվա նիստում հարցաքննվեց Կապան քաղաքի բնակիչ, վկա Միհրան Գրիգորյանը, ով Գրիգոր Պապյանի սպանության օրն աշխատելիս է եղել սպանության վայր ճանաչված սրճարանի մոտակայքում գտնվող Vivaro գրասենյակում` որպես օպերատոր: Նա սկզբում նշեց, որ չի կարող հիշել 4 տարի առաջ տեղի ունեցածը, սակայն դատախազի մի քանի հարցերին պատասխանելուց հետո պատմեց, որ դեպքի օրը սրճարանում տեսել է Պապյանի սպանության գործով մեադրյալներին, հետո, աղմուկ լսելով, պատուհանից նայել է և տեսել, թե ինչպես են այդ անձինք միմյանց քաշքշում, սակայն հետո, երբ վիճաբանության մասնակիցները գնացել են սրճարանի շատրվանների ուղղությամբ, այլևս ոչինչ չի տեսել: Հաջորդ օրը տեղեկացել է, որ Գրիգոր Պապյանը գլուխը խփել է մայթեզրին և մահացել: Նա նաև նշեց, որ ճանաչում է սրճարանում աշխատող մատուցողներ Ալլային, Նոնային և Անժելային, սակայն թե դեպքի օրը կոնկրետ ո՞ր մատուցողն է աշխատել, չմտաբերեց:
Ամբաստանյալ Արման Ենգոյանը վկայից հետաքրքրվեց, թե ինչն է եղել պատճառը, որ նախաքննության ընթացքում չի հիշել դեպքը, սակայն հետո մտաբերել է և պատմել: Վկան նշեց, որ այդ ժամանակ ինքը 20 տարեկան էր և ոստիկանական բաժնում բացատրություն տալիս շփոթված է եղել:
«Ինքը կասկածում է իր ասածների վրա, վստահ չի, մեկ մի բան է ասում մեկ այլ բան»,- նկատեց ամբաստանյալը:
Վկան դատարանին հայտնեց , որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ճիշտ են, և ոչ ոք, այդ թվում` քննիչ Ենգոյանն իրեն ոչինչ չի թելադրել:
Այսօր ցուցմունք տվեց նաև գործում առանցքային նշանակություն ունեցող վկայի՝ մատուցող Նոնայի ամուսինը՝ Անդրանիկ Սաֆարյանը, ով դատարանին հայտնեց, որ տեղյակ չէ Գրիգոր Պապյանի սպանության դեպքից: Նա կծկտուր, մի քանի բառով ասաց, որ կինն իրեն պատմել է, թե Հակոբ անունով ինչ-որ մեկն իրեն սպառնացել է, սակայն չի փորձել հետաքրքրվել, թե ով է այդ մարդը և ինչու է սպառնացել կնոջը: Նա նշեց, որ դրանից հետո զանգահարել է բանակում ծառայող որդուն և խորհուրդ տվել անծանոթ մարդկանց հետ չխոսել: Հետաքրքրական է, որ ողջ հարցաքննության ընթացքում վկան խուսափում էր հարցերին պատասխանելուց, քթի տակ էր խոսում և անընդհատ ժպտում էր: Դատավորը նրան զգուշացրեց, որ սանկցիա կկիրառի, եթե նա շարունակի ցածր ձայնով խոսել:
Նշենք, որ ըստ մեղադրանքի Էդիկ Հովսեփյանը, Գագիկ Դանիելյանը և Արման Ենգոյանը Պապյանի սպանության գործով կեղծել են ապացույց` որպես վկա են ներգրավել Նոնա Հարությունյանին (վերը նշված մատուցողին), ով նրանց ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին Սահակ Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես և դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլև առհասարակ հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում չի գտնվել:
Նշենք, որ այս խառնաշփոթ պատմությունը կապված է Նոնայի տված ցուցմունքի հետ, ով վաղը կհարցաքննվի դատարանում և կպատասխանի կողմերին հուզող կարևորագույն հարցերին: Թե որքանով մատուցողի ցուցմունքը լույս կսփռի այս մութ պատմության վրա, կպարզի դատարանը: Իսկ մինչ այդ yerkir.am-ը, գործի հետ կապված, նոր, հետաքրքիր մանրամասներ կներկայացնի: Մասնավորապես, կտա այն հարցերի պատասխանը, թե ինչո՞ւ մեղադրանք առաջադրվեց մարզում մեծ հեղինակություն վայելող դատախազին և քննչական պետի տեղակալին, արդյո՞ք քննիչ Ենգոյանն իսկապես ապացույց է կեղծել, թե՞ պարզապես համակարգի զոհ` քավության նոխազ է, ի՞նչ կապ ունի քաջարանցի գործարարն այս ամենի հետ, և, ի վերջո, ինչո՞ւ հանցագործության կծիկը քանդվեց Սյունիքի դատախազի պաշտոնանկությունից հետո:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ