կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 17:39
Իրավական

Հայուհին խոստովանեց, որ թուրք ամուսնու հետ երեխայի փաստաթղթեր է կեղծել

Հայուհին խոստովանեց, որ թուրք ամուսնու հետ երեխայի փաստաթղթեր է կեղծել

46-ամյա Ռուզաննա Յըլդըզը հայտնվել է ամբաստանյալի աթոռին իր խնամակալության տակ գտնվող երեխայի համար ակնհայտ կեղծ տվյալներով ծննդյան վկայական ձեռք բերելու համար:

 

Ըստ մեղադրանքի`  Ռուզաննան համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող ու մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ նրա աղջկան պահելու և դաստիարակելու վերաբերյալ: Քանի դեռ երեխայի իսկական մայրը չունի մշտական բնակության վայր և եկամտի աղբյուր, Ռուզաննան պայմանավորվել է երեխային տանել Թուրքիա, որտեղ ապրում է թուրք ամուսնու և նրա ընտանիքի հետ:

 

Նախաքննության համաձայն` Ռուզաննան իր խնամակալության տակ գտնվող երեխայի հետ, վերջինիս համար ակնհայտ կեղծ տվյալներով ձեռք բերված անձնագրով, երեք անգամ մուտք ու ելք է արել Թուրքիայից Հայաստան: 2011-ի օգոստոսի 31-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում Ռուզաննա Յըլդըզի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով։ Սկզբում նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն նա թեև պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել իր վերաբերյալ քննվող գործի դատաքննությանը և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Շուրջ երկուսուկես տարի գտնվելով հետախուզման մեջ` Ռուզաննան վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն:

 

2014թ. հունիսի 10-ին Ռուզաննայի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է, և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ քրեական գործի վարույթը վերսկսվել է:

 

Այսօրվա դատական նիստում ամբաստանյալն ու նրա պաշտպանը` Արայիկ Ալվանդյանը,  միջնորդեցին գործը քննել արագացված դատական կարգով: Պաշտպանը հրաժարվեց գրավի դիմաց Ռուզաննայի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ իր` նախկինում արված միջնորդությունից: Ամբաստանյալը հայտարարեց, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքները:

 

Նշենք, որ այս գործով նախորդ դատախազ Տիգրանյանն առարկել էր գործը քննել արագացված ընթացակարգով, սակայն նոր դատախազը` Հակոբյանը, փոխեց դատախազության դիրքորոշումը` նշելով, որ չի առարկում:

 

Այսպիսով` դատարանն անցավ արագացված դատաքննությանը: Մեղադրող դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել ամբաստանյալին և նրան դատապարտել ազատազրկման` 2 տարի վեց ամիս ժամկետով:

 

Ռուզաննայի պաշտպան Արայիկ Ալվանդյանի խոսքով` առաջարկված պատիժն անհամեմատ խիստ է: Ըստ նրա` իր պաշտպանյալը, որպես կին, մայր, խնամել է այդ երեխային, սակայն Թուրքիա տեղափոխելու ժամանակ փաստաթղթային խնդիրներ են առաջացել, և իր պաշտպանյալը ստիպված է եղել իր ամուսնու հետ գնացել այդ քայլին, այսինքն` երեխայի համար կեղծ տվյալներով անձնագիր է ձեռք բերել: Պաշտպանի խոսքով` եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունենար Թուրքիայի հետ, այդ փաստաթուղթը չէր վավերացվի, այսինքն` այնտեղից կարող էին հարցում անել և դիվանագիտական խողովակներով պարզել, որ դա Ռուզաննայի երեխան չէ:

 

«Ճիշտ է, իմ պաշտպանյալը քրեորեն հետապնդելի արարք է կատարել, սակայն, եթե նա նման քայլի չդիմեր, ի՞նչ էր լինելու երեխայի ճակատագիրը, գուցե հանձնելու էին մանկատուն: Այդ հարցով պետք է մտահոգվեր երեխայի իսկական մայրը, բայց Ռուզաննան ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա»,- նշեց պաշտպանը և հավելեց, որ եթե իր պաշտպանյալի նկատմամբ հետախուզում չհայտարարվեր, նրա նկատմամբ համաներում կկիրառվեր, և նա կազատվեր պատժից: «Երեխային խնամելու և երեխային տաքուկ տեղ ապահովելու դիմաց վարձահատույց լինել ազատազրկմամբ, այն էլ` իր սեփական երկրում, անհամեմատ խիստ է»,- նշեց փաստաբանը:

 

Ամբաստանյալն էլ հուզված հայտարարեց, որ այդ երեխային շատ է սիրում, որ այդ քայլին ճարահատյալ է գնացել: «Այդ երեխային պետք է մանկապարտեզ տանեի, հետո` ուսման, ամեն ինչի համար փաստաթուղթ էր պետք: Եթե ես վատ նպատակներ ունենայի` կթաքցնեի, թե ով է նրա իրական մայրը և չէի թողնի ճանաչեր նրան, բայց նրանք իրար հետ նորմալ շփվում են»,- ասաց նա:

 

Երեխայի անձնական տվյալների վերաբերյալ որոշ փաստաթղթեր գործին կցելու համար պաշտպանական կողմին ժամանակ տրամադրելու պայմանով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, և նորը նշանակվեց հուլիսի 16-ին:

 

Նշենք, որ ամբաստանյալը, բացի իր խնամքի տակ ունեցող երեխայից, ունի նաև հիվանդ, թոշակառու մայր, երկու չափահաս երեխաներ և թոռներ: Ռուզաննայի հարևանների խոսքով` ամբաստանյալը ամուսնու` Մեւլուդ Յըլդըզի հետ ծանոթացել է Հայաստանում, երբ նա աշխատելիս է եղել ալրաղացում: Նրանց խոսքով` Մեւլուդը, ում իրենք Հարութ են կոչում, բոլորից լավ խոսում է հայերեն և իր ու Ռուզաննայի խնամակալության տակ գտնվող երեխային պահում է այնպես, ինչպես սեփական երեխային:

 

Ի դեպ, ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ վերադարձել է Հայաստան մշտական բնակության, և երբ այս խնդիրները հարթվեն, Թուրքիայում գտնվող իր ամուսինը, սկեսուրը և նրանց խնամքի տակ գտնվող երեխան (խոսքը կեղծ տվյալներով փաստաթուղթ ստացած երեխայի մասին է) կտեղափոխվեն այստեղ:

 

Թ. Մ