Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև այս տարեվերջ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու խնդիրը կլուծվի: Այսպիսի համոզմունք հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր` ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ նախապես պայմանավորվածություն կար, որ հարցը լուծվեր հուլիսի 3-ին: Սակայն Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը ԵՏՄ-ին կարող է միանալ հոկտեմբերին: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ չգիտի, թե որն է ձգձգման պատճառը: Միաժամանակ, նա հերքեց այն տեսակետը, որ ձգձգումը քաղաքական պատճառներ ունի:
Աբրահամյանը հիշեցրեց, որ հուլիսի 11-ին հանդիպելու են Ռուսաստանի վարչապետի հետ, և կքննարկեն նաև այդ հարցը: «Որ վերադառնամ, ակնհայտ մենք արդեն պատասխան կունենանք, և ապագայում ես նաև տեղյակ եմ, որ հանդիպելու են երկու երկրների` Հայաստանի և Ռուսաստանի նախագահները»,- ասաց վարչապետը:
Լրագրողի այն հարցին, որ եթե Հայաստանի անդամակցությանը մնացել է մեկ-երկու տեխնիկական խնդիր, ապա ինչո՞ւ է անդամակցությունն այդքան ձգձգվում, Աբրահամյանը չկարողացավ հստակ պատասխան տալ, միայն կրկնեց, որ տարեվերջին կլինեն արդյունքներ:
Անդրադառնալով հարցին, թե ծանոթացե՞լ է նախկին նախագահ Քոչարյանի հայտարարությաններին, որոնք նա արել էր yerkir.am-ին տված հարցազրույցում, Հովիկ Աբրահամյանը դրական պատասխան տվեց` հավելելով, որ համապատասխան պատասխանատուները բացատրություններ են տվել Քոչարյանի գնահատականներին։
Հովիկ Աբրահամյանը նաև կարծիք հայտնեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքական ենթատեքստ չունի, պարզապես պայմանավորված է հաշվարկներով: «Ես կարծում եմ, որ քառյակը նույնպես մասնակցել է, թափանցիկ և բաց են աշխատել: Յուրաքանչյուր կառավարություն չի ցանկանա, որ որևէ սակագին բարձրանա, դա ուղղակի բացասական է անդրադառնում գործող իշխանությունների վրա»,- ասաց վարչապետը:
Կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին` որպես էլեկտրաէներգիայի թանկացման փոխհատուցում: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ սկզբունքներով են ընտրվելու այդ քաղաքացիները, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դա ոչ թե ինքն է որոշում, այլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե Հովիկ Աբրահամյանն ի՞նչ է նվիրել Սերժ Սարգսյանին ծննդյան առթիվ: «Կառավարությունն իր լավ աշխատանքով փորձում է նախագահի ուսերից բեռ վերցնել: Նախագահի համար դա լավ գնահատական է, և համոզված եմ, որ նրա համար լավ նվերն այն կլինի, որ կառավարությունը շատ լավ աշխատի»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը։