կարևոր
2497 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-16 12:11
Քաղաքական

Իշխանությունները փոխում են գործելաոճը․ քրեական հետապնդումներին զուգահեռ փորձում են նաև ֆինանսական բեռ ստեղծել ԶԼՄ-ների և ընդդիմախոսների համար

Իշխանությունները փոխում են գործելաոճը․ քրեական հետապնդումներին զուգահեռ փորձում են նաև ֆինանսական բեռ ստեղծել ԶԼՄ-ների և ընդդիմախոսների համար

Ընդդիմախոսներին լռեցնելու, «վախը բռնելու» իշխանական ռեպրեսիաների գործելաոճում փոփոխություններ են մտցվում։ Եթե նախկինում՝ ՀՀ-ում 2018թ իշխանափոխությունից հետո հիմնականում գործ ունեինք աղմկահարույց ձերբակալությունների, «մասկի շոուների» հետ , ապա այժմ դրան զուգակցված «ՔՊ»-ականները լծվել են նաև քաղաքացիական հայցերով ընդդիմախոսներին ֆինանսապես ճնշելու փորձերին։ Հատկապես վերջին երկու-երեք տարիներին նկատելի է ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների և որ առավել մտահոգիչ է՝ ԶԼՄ-ներին և ԶԼՄ ներկայացուցիչերի դեմ ներկայացվող հայցերի աճ։

«Փաստինֆո»-ն առանձնացրել է իշխանության այն «թոփ» ներկայացուցիչներին, որոնք զգալիորեն հայցեր ունեն ներկայացրած՝ ընդդեմ տարբեր գործիչների, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների և ԶԼՄ-ների։ Այսպես, առաջին տեղում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որը 2020թ․ սկսած թվով 17 հայց է ներկայացրել՝ հերքման, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և ֆինանսական փոխհատուցման պահանջների մասին։ 2020թ Ալեն Սիմոնյանը հայցեր է ներկայացրել ակտիվիստ Գարեգին Պետրոսյանի, երկու հայց՝ Աննա Գևորգյանի, Նարեկ Մանթաշյանի, Անի Հովհաննիսյանի, «Իրավունք» թերթի, Գեղամ Սիմոնյանի, 2021թ․-ին՝ լրագրող Անի Գևորգյանի, Արեգնազ Մանուկյանի, 2022թ․՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի, պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանի, «Վ․Ի․Վ Այսօր և վաղը» ՍՊԸ-ի, որն «Ankakh.com»-ն է, 2023թ․-ին՝ «Մեդիահաբ» լրատվականի, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի, Նաիրի Հոխիկյանի, «Հայելի» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանի, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ։

Բավականին մեծ թվով հայցեր ունի ներկայացրած նաև Խաչատուր Սուքիասյանը։ 2021թ սկսած Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է թվով 11 հայց, որից 9-ը՝ ԶԼՄ-ների դեմ։ Մասնավորապես, 2021թ Խաչատուր Սուքիասյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, «168 Ժամ»-ի, Սպարտակ Սեյրանյանի, «Արմդեյէյէմ»-ի, «Ասեկոսե»-ի, «Նյուզ Էս էմ»-ի, «Մեդիա Պլյուս»-ի, 2022թ․-ին՝ «newsmwdia.am»-ի, Վազգեն Սաղաթելյանի, 2023թ․-ին՝ «Այլընտրանք Մեդիա»-ի, «Մեդիա Պլյուս»-ի, Տաթևիկ Այվազյանի։ Իշխանություն դառնալուց հետո գրեթե նույնքան հայցեր ունի ներկայացրած նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, կրկին 11 հայց՝ մեծամասամբ՝ ընդդեմ ԶԼՄ-ների, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ հայցերի մեծ մասը Սարգսյանը ներկայացրել է շատ ավելի վաղ՝ 2019թ․ և 2020թ, իսկ 2021թ ներկայացրել է միայն մեկ հայց։ Մասնավորապես, 2019թ Հայկ Սարգսյանը հայց է ներկայացրել «Իրավունք» թերթի և թերթի լրագրողի, երկու հայց՝ «Անդրադարձ մամուլի ակումբի», երեք հայց՝ «Հրապարակ օրաթերթի», մեկ հայց՝ «Արմդեյ էյ էմ»-ի, մեկ հայց՝ «Իրատես» թերթի, 2020թ․-ին՝ «5-րդ ալիք» ՀԸ լրագրողի, «Արմդեյլի էյ էմ»-ի, 2021թ․-ին՝ «Ժողովուրդ օրաթերթի» դեմ։

Հաջորդ «ՔՊ»-ականը, որը հատկապես վերջին երկու տարում գումարային բավականին մեծ չափի փոխհատուցման պահանջով հայցեր է ներկայացնում ԶԼՄ-ների դեմ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որը դատական կարգով պահանջում է հերքել ըստ իրեն զրպարտություն հանդիսացող տվյալները։ Ընդ որում, Ավինյանը հայցեր հիմնականում սկսել է ներկայացնել ԶՄՊԿ-ում աղմկահարույց առերևույթ կոռուպցիոն գործարքների մասին հայտնի դառնալուց, ինչպես նաև՝ ԱՆԻՖ-ում և Երևանի փոխքաղաքապետի՝ անհամատեղելի պաշտոններում, դրանից բխող՝ կոռուպցիոն ռիսկերին իր հնարավոր առնչության վերաբերյալ հայտնի դառնալուց հետո։ Տիգրան Ավինյանն անվանական հայցեր սկսել է ներկայացնել 2023թ․-ին, երբ բարձրացվեց աղմուկը՝ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու և հնարավոր կոռուպցիոն դրսևորումների մասին։ 2023թ․ Տիգրան Ավինյանն անվանապես հայց է ներկայացրել «Փաստինֆո»-ի (ԱՆԻՖ-ի հետ համատեղ հայց), «168 Ժամ»-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի, «Օրագիր Մեդիայի», հասարակական գործիչ Սոնա Աղեկյանի դեմ, իսկ ԱՆԻՖ ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի անունից ներկայացվել է 8 հայց (այդ թվում՝ Տիգրան Ավինյանի հետ համատեղ հայցը), որոնք բոլորը ԶԼՄ-ների դեմ են։ 2021թ․ ԱՆԻՖ-ը հայց է ներկայացրել Օլեգ Սաֆոնովի և «168 ժամ»-ի, մեկ հայց՝ «168 Ժամի», 2021թ․ երկու հայց «Հրապարակ օրաթերթի», մեկ հայց՝ Հրանտ Բագրատյանի և «Հրապարակ օրաթերթի», 2022թ․՝ «Փաստինֆո»-ի, 2023թ․՝ «Հրապարակ օրաթերթի» և «Փաստինֆո»-ի դեմ։

Թե նշված գործերից որն ինչ փուլում է, քանիսն է կարճվել՝ հայցային վաղեմության և այլ հիմքերով, ինչ վճիռներ կան կայացված՝ կներկայացնենք առաջիկայում։ Հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ առնվազն ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի դեպքում հայցվոր կողմը հաճախ ինքը չի պահպանում օրենքով սահմանված պահանջները և մինչ դատարան դիմելը՝ չեն դիմում ԶԼՄ-ին հերքման կամ պատասխանի իրավունքով, ավելին, կան մի շարք օրինակներ, այդ թվում՝ հենց գործերից մեկով՝ Երևանի արդեն փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ, երբ մինչ հայց կներկայացվեր, «Փաստինֆո»-ն, համոզված լինելով մեր հրապարակման ճշմարտացիության վրա, որպես բարեխիղճ ԶԼՄ, հարգելով օրենքի պահանջը, սեփական նախաձեռնությամբ ներկայացրել էր անձի հերքման տեսքով դիրքորոշումը՝ մեկ այլ ԶԼՄ-ի հրապարակման՝ հղմամբ տեղադրման տեսքով, իսկ ավելի ուշ նաև Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ հարցազրույցներով ներկայացվել է նաև դիրքորոշումը, այդ թվում, Սիմոնյանի կողմից վիճարկվող հարցի կապակցությամբ։ Այդուհանդերձ, գործն այժմ դատարանի վարույթում է և պարզ չէ, թե ՔՊ-ական արդեն նախկին պաշտոնյան ինչն հերքում է պահանջում, եթե արդեն հերքում հրապարակվել է, ակներև է, որ խնդիրն ամենևին էլ հերքումը չէ, այլ՝ հավելյալ ֆինանսական բեռը՝ ԶԼՄ-ների նկատմամբ։