Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել անվանի ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը /կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի կինն է/: Ի դեպ, այս տարի կինոփառատոնի բացման ֆիլմը Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմն էր, որի գլխավոր դերակատարը Արիանն էր:
Դերասանուհին yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում, ինչպեսև մյուս տեղերում, երիտասարդ կինոռեժիսորների համար շատ դժվար է սկսել ինչ-որ բան անել: Ըստ Արիանի` ֆրանսիական ֆիլմերն ավելի ուժեղ են, քան ամերիկյանները, որոնք շատ հեշտ են մոռացվում:
«Կարծում եմ` Եվրոպայում էլ ֆրանսիական կինոն իր ուրույն տեղն ունի: Ինձ ուրախացնում է մեկ այլ փաստ, որ Ֆրանսիայում մեծ է այն կանանց թիվը, որոնք զբաղվում են ֆիլմարտադրությամբ: Սա ինձ համար շատ կարևոր է, քանի որ, իմ կարծիքով, կինոյի ապագան կանանց ձեռքերում է: Կարևորն այն է, որ կոտրվել է կարծրատիպը, թե ֆիլմարտադրությամբ կարող են զբաղվել միայն տղամարդիկ, և հենց տղամարդկանց կարծիքն է փոխվել կին ռեժիսորների մասին` շնորհիվ նրանց կինոների»,- ասաց Արիանը:
Ըստ նրա` այսօր մենք կարող ենք կինո նկարել անգամ հեռախոսով, պարզապես կարևոր է` ի՞նչ ես ուզում ցույց տալ, հասարակությանն ի՞նչ ես ներկայացնում: «Ֆրանսիայում, ցավոք, ավելի պոպուլյար են ամերիկյան կատակերգությունները: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա կարծում եմ, որ հիմա այնպիսի ժամանակներ են, որ կարող ես ֆիլմ նկարել նաև առանց գումարի: Եթե դու ունես լավ պատմություն, միշտ էլ միջոց կգտնվի` քո նախագիծը կյանքի կոչելու համար»,- ասաց դերասանուհին:
Նա խոստովանեց` իր համար ավելի կարևոր է ֆիլմի պատմությունը, քան ռեժիսորը, քանի որ, նրա կարծիքով, եթե ֆիլմի պատմությունը վատն է, բայց այն լավ ռեժիսոր է նկարում, մեկ է` դու չես կարող լավ ֆիլմ ունենալ արդյունքում:
Արիանը նշեց նաև, որ հայկական ֆիլմերին, ցավոք, շատ ծանոթ չէ, բայց նայում է այն ֆիլմերը, որոնք հայերենով չեն: «Սերժ Ավետիքյանի ֆիլմերն եմ շատ սիրում: Սերժն իմ ընկերն է: Լևոն Մինասյանի ֆիլմերը նույնպես պաշտում եմ, հատկապես` նրա «Դաշնակահարը»: Քանի որ հայերեն չեմ խոսում, ինձ համար դժվար է հայերեն ֆիլմեր դիտել կամ երաժշտություն լսել: Ես սիրում եմ հայերին, մի տեսակ համակրանք ունեմ ձեր հանդեպ: Շատ եմ սիրում Տիգրան Համասյանի գործերը: Ես նաև հայկական պարերն եմ սիրում, իսկ իմ դուստրը հաճախում է հայկական պարերի: Ա՜խ, ոնց եմ սիրում հայկական խոհանոցը, բայց, ցավոք, ոչ մի բան չեմ կարողանում պատրաստել: Իմ կարծիքով` շատ դժվար է հայկական ավանդական կերակրատեսակներ պատրաստելու գործընթացը, անկեղծ ասած` շատ ժամանակ էլ չունեմ` խոհանոցին տրամադրելու»,- ասաց նա:
Արիանը, խոսելով Ցեղասպանության մասին, նշեց, որ հայ երիտասարդների համար Ցեղասպանության մասին հիշելն ու սերունդներին պատմելը շատ կարևոր և արդիական հարց է Ֆրանսիայում: Ցեղասպանության ճանաչման հարցը նրար համար ևս շատ կարևոր է: Արիանը, սակայն, կարծում է, որ, հիշելով հանդերձ, մենք պետք է մի քիչ ազատ լինենք:
«Շատ կարևոր է այն հիշել, բայց ձեր պապի, ապուպապի պատմությունը դուք ձեր ուսին կրած տանում եք: Դուք պետք է այն իջեցնեք ձեր ուսերից, բայց չմոռանաք: Դուք չեք կարող թռչել այդպես: Ինձ ճիշտ հասկացեք` այդ բեռը պետք է Թուրքիան կրի: Հոգեբանության մեջ պատմությունն արմատավորվում է բեռի պես, և դուք ձեզ ազատ չեք զգում: Կարծում եմ` պետք է հիշել ու պահանջել, բայց ազատ լինել: Դու կարող ես սպանել քեզ այդ պատմությամբ, եթե շատ մտածես այդ մասին և շատ հեռուն գնաս»,- կարծիք հայտնեց Արիանը:
Նա նշեց նաև, որ թուրք երիտասարդների համար Ֆրանսիայում Ցեղասպանության մասին խոսելը մինչև հիմա էլ շատ դժվար է, այն բաց թեմա չէ: «Միայն մտավորականներն են ազատ արտահայտվում այդ թեմայով, իսկ թուրքերի ընտանիքներում այդ թեման դեռևս փակ է: Մենք պետք է սպասենք: Վստահ եմ, որ մի օր թուրքերը կճանաչեն Ցեղասպանությունը և իրենք էլ կազատվեն պատմության բեռից: Մենք պետք է սպասենք` խոսելով, քանի որ շատ դանդաղ է առաջ գնում մարդկանց ինֆորմացվելու շրջանը: Գիտե՞ք` բավական մեծ թվով թուրքեր չգիտեն էլ Ցեղասպանության մասին` առհասարակ»,- ասաց դերասանուհին:
Կարինե Հարությունյան