կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 13:39
Հասարակություն

«Կենտրոն» ՀԸ-ն սպառնալիքների պատճառով եթեր չի հեռարձակել վաշխառության մասին հաղորդումը

«Կենտրոն» ՀԸ-ն սպառնալիքների պատճառով եթեր չի հեռարձակել վաշխառության մասին հաղորդումը

Վաշխառուները Երևանում գործում են ավելի զուսպ, իսկ մարզերում ուղղակի աղետ են արդեն իսկ աղետի ենթարկված մարդկանց համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վելլես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

 

Մարինա Պողոսյանն ու փաստաբան Մկրտիչ Դավթյանն այսօր առավելապես խոսեցին այն մասին, որ վաշխառուների խնդրին լրատվամիջոցներն անդրադառնում են ոչ լիարժեք, կատարվում են խիստ խմբագրումներ: Մասնավորապես` վերջերս Հանրային հեռուստաընկերությունում խնդրի վերաբերյալ քննարկման են մասնակցել, որի 60 տոկոսը կրճատված է եթեր հեռարձակվել: «Տպավորություն էր, որ այդպես էլ հասկանալի չէ, թե ինչի մասին են խոսում»,- ասաց փաստաբան Մ. Դավթյանը:

 

Սակայն ավելի տարօրինակ դեպք է եղել «Կենտրոն» հեռուստաընկերության դեպքում: «Վելլես» ընկերությանը դիմած` Շիրակի մարզից Ռուզաննա Ադանալյանը մասնակցել է այս հեռուստաընկերության «Քո սխալը» հաղորդմանը: Կինը պատմել է, որ տուժել է Շիրակի մարզեպտարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող վարչության պետ Լուսինե Գինոսյանի գործունեությունից: Հաղորդման անոնսը եթեր է գնացել, սակայն հաղորդումը այդպես էլ չի հեռարձակվել: Հաղորդման պատասխանատուներից մեկի հետ զրույցում իմացել են, որ Լ. Գինոսյանը սպառնացել է, պահանջել հաղորդումը չհեռարձակել:

 

Բանախոսների համար անհասկանալի էր, թե ինչպե՞ս կարող է այդ խոշոր հեռուստաընկերությունը «ճղճիմ» սպառնալիքներից հետո հրաժարվել հաղորդումը հեռարձակելուց: