կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 17:30
Հասարակություն

«Կենտրոն» ՀԸ-ի` վաշխառուների մասին հաղորդումը կհեռարձակի այսօր, այն եթերից հանվել էր ոչ սպառնալիքների պատճառով

«Կենտրոն» ՀԸ-ի` վաշխառուների մասին հաղորդումը կհեռարձակի այսօր, այն եթերից հանվել էր ոչ սպառնալիքների պատճառով

Վաշխառուների դեմ պայքարի մասին այսօր անցկացված ասուլիսի ժամանակ «Վելլես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և փաստաբան Մկրտիչ Դավթյանը անդրադարձել էին այն խնդրին, որ լրատվամիջոցները խիստ խմբագրումներ են անում հաղորդումներում վաշխառության թեմային անդրադառնալիս: Մասնավորապես` նշել էին, որ «Կենտրոն» ՀԸ-ն հրաժարվել է եթեր հեռարձակել հաղորդում, որում իրենց դիմած` Շիրակի մարզի բնակչուհի Ռուզաննա Ադանալյանը պատմում է, որ տուժել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության վարչության պետ Լուսինե Գինոսյանի վաշխառուական գործունեությունից: Բանախոսները նշել էին, թե հաղորդումը եթեր չի հեռարձակվել, քանի որ Լուսինե Գինոսյանը զանգահարել ու սպառնացել է հաղորդման հեղինակին:

 

Սակայն քիչ առաջ Yerkir.am-ի հետ զրույցում «Կենտրոն» ՀԸ-ի «Քո սխալը» հաղորդաշարի հեղինակ-վարող Տաթևիկ Գալստյանը հայտնեց, որ ասուլիսի ժամանակ ապատեղեկատվություն է տարածվել: Նրա խոսքով` հաղորդումը եթեր չի հեռարձակվել ոչ թե սպառնալիքների պատճառով, այլ որովհետև Լ. Գինոսյանը հայտնել է, թե ունի փաստեր, որ հենց Ռուզաննա Ադանալյանից տուժողներ կան: Համաձայնել են և հաղորդման նոր տարբերակում անդրադարձել նաև այդ փաստերին, որոնք, սակայն, ավելի են ստվերում Շիրակի մարզպետարանի աշխատակցին:

 

Ի դեպ, հաղորդման նոր տարբերակը եթեր է հեռարձակվելու այսօր` ժամը 18:30-ին: Ինչ վերաբերում է Լ. Գինոսյանի սպառնալիքներին, ապա Տ. Գալստյանը ասաց, որ, այո, Գինոսյանն իր հետ զրույցում ասել է, թե եթե հաղորդումը եթեր գնա, ապա իրենց վիճակը լավ չի լինի: Սակայն հաղորդման հեղինակը դա ոչ թե սպառնալիք է համարում, այլ աթոռը կորցնելու վտանգի առաջ կանգնած մարդու վարքագիծ: