Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում փաստաբան Սեդա Սաֆարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ` ԶԼՄ-ներում տարածված հաղորդումը: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ հայտարարությունը տարածել էր փաստաբանի եղբայրը` քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Նա հայտնել էր, որ ապրիլի 2-ին հեռախոսազանգ է ստացվել Սեդա Սաֆարյանի ձեռքի հեռախոսին, եւ ոմն տղամարդ անվայել, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է տեղացել փաստաբան Սեդա Սաֆարյանի ու նրա ընտանիքի հասցեին՝ փաստաբանի ծավալած մասնագիտական գործունեության կապակցությամբ:
«Զանգահարող տղամարդը չի թաքցրել, որ հաշվեհարդարի իր սպառնալիքները պայմանավորված են շուրջ 10 տարի առաջ Վարդենիս քաղաքում անչափահաս աղջկա սպանության ու անհայտանալու քրեական գործի հետ, որի վերաբերյալ օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում արձակեց հօգուտ դատապարտյալ Նալբանդյանների՝ նրանցից կորզված ցուցմունքները ճանաչելով անթույլատրելի, հաստատելով իրավունքի լուրջ խախտման փաստերը եւ սահմանելով բարոյական վնասի փոխհատուցում 62.000 եվրոյի չափով: Մեր կողմից պարզվել է, որ հիշյալ հեռախոսահամարը պատկանում է Աղաբեկ Սարգսյանին, ով հանգուցյալ տուժողի հայրն է: Թերեւս անհասկանալի է այն, որ հենց տուժողի հայրն է մտահոգված սեփական դստեր սպանության գործով արդարության վերահաստատման նորաբաց հնարավորությունից, եւ պետք է պարզել, թե ինչ շահագրգռություն ունի նա իրերի ընթացիկ վիճակը պահպանելու հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
Ստյոպա Սաֆարյանը խնդրել էր հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ապահովել Սեդա Սաֆարյանի, նրա ընտանիքի անդամների անվտանգությունը հնարավոր ոտնձգություններից:
Նշենք, որ վերոհիշյալ դեպքը տեղի էր ունեցել դեռեւս 2004թ. մայիսի 30-ին Վարդենիս քաղաքում: Համաձայն մեղադրական եզրակացության` Վարդենիսի անչափահաս բնակչուհի Սյուզան Սարգսյանը մարտի 31-ին գնացել էր համադասարանցու՝ Արևիկ Նալբանդյանի տուն եւ նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ վիճել: Վերջինս իր տան խոհանոցում, վիճաբանության ընթացքում, «Ջերմուկի» ապակե շշով մի քանի անգամ հարվածել էր անչափահաս` 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի դեմքին: Աղջնակը ստացած հարվածներից կորցրել էր գիտակցությունը: Տանտերերը մետաղալարով կապել էին Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը եւ 5-6 ժամ թողել փակված խոհանոցում, սակայն աղջնակը այդ ժամանակ դեռ ողջ է եղել: Ըստ քրեական գործի նյութերի՝ ամուսինները, մի քանի ժամ սպասելուց հետո դեռեւս չմահացած աղջկան կեսգիշերին քաշ տալով տարել եւ նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր: 2005-ի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով աղջկան սպանելու մեջ կասկածվող Նարինե Նալբանդյանը դատապարտվել էր 14, իսկ Բագրատ Նալբանդյանը՝ 9 տարվա ազատազրկման: